Ի՞նչ է ասում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

- in Պաշտոնական
arthur-davtyan

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արթուր Դավթյանն ընդգծեց, որ վերջին տարիներին բազմաթիվ հեղինակավոր միջազգային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ դեսպանատներ, ամենատարբեր իրավապաշտպան կազմակերպություններ իրականացրել են մոնիթորինգ և իրենց մինչև այսօր հայտնի չէ փաստ, որ միջազգային որևէ կառույցի կամ գործընկեր որևէ պետության կողմից Հայաստանում որևէ մեկը ճանաչված լինի քաղաքական բանտարկյալ:

«Ստացվում է այնպես, որ բոլորս մեջբերում ենք համապատասխան միջազգային իրավական փաստաթղթում քաղբանտարկյալի սահմանումը, սակայն երբ հերթը հասնում է մեկնաբանության, ընկնում ենք ծայրահեղությունների մեջ: Հաճախ հանդիպել եմ մեկնաբանությունների, որոնցից տպավորություն է ձևավորում, թե եթե մեկը զբաղվում է քաղաքական գործունեությամբ, իսկ նրան մի օր մեղսագրվեց հանցագործություն, ուրեմն նա քաղբանտարկյալ է: Բայց այդպես չի, դրա համար պետք են նյութեր»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազը:

Նա պարզաբանեց, որ ում մեղադրանք է առաջադրվում, դա արվում է նկարագրելով արարք, որը համապատասխանություն ունի քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետ: «Մենք հիմա այս կարևոր պահին պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր դատարանների դերը չնվազեցնենք:

Դատարանում բաց, հրապարակային ապացույցներ են հետազոտվում, այդ ամենի ավարտից հետո կլինեն համապատասխան գնահատականներ»,- ասաց նա:

Անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու որոշմանը՝ Դավթյանն ընդգծեց, որ դա եղել է դատարանի որոշումը, իսկ ինքը որոշմանն ու Ղուկասյանին ազատ արձակելու հիմքերի հետ դեռ չի ծանոթացել: «Մենք ունեցել ենք հարյուրավոր դեպքեր, երբ դատարանի որոշման հետ համաձայն չենք եղել, բողոքարկել ենք: Այդ բողոքարկումների արդյունքում ունեցել ենք և բավարարումներ, և մերժումներ: Սա դատավարական գործընթաց է, որտեղ որևէ նոր բան չկա»,- ասաց նա:

Հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, իսկ ինքը որպես գլխավոր դատախազ, պնդում է հակառակը, այս հակասությունը չի խոչընդոտելու վարչապետի հետ համատեղ աշխատանքին, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ցանկացած պաշտոնյա կարող է իր տեսակետը ներկայացնել, դատախազը իր տեսակետը ներկայացնում է վարույթում առկա նյութերի հիման վրա, իսկ ես այստեղ հակասություն չեմ տեսնում համատեղ աշխատանքի առումով»:

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո հանրության ավելի լայն աջակցությունն է ակնկալում 2008 թ. մարտի 1-ի դեպքերը բացահայտելու առումով: ՀՀ գլխավոր դատախազն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Ես այս փոփոխությունների արդյունքում ավելի շատ հանրային աջակցություն եմ ակնկալում: Օրինակ՝ նախորդ տարվա ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում մեր հաջողությունների համար մենք պարտական ենք հանրությանը»,- ասաց Դավթյանը:

ՀՀ գլխավոր դատախազը հստակեցրեց, թե ինչ ակնկալիքներ ունի հանրությունից: «Երբ դու հրավիրում ես հարյուրավոր վկաների, հարցաքննում ես, իսկ վկան ասում է, որ տեղեկություններ չունի, սակայն մենք տվյալներ ունենք, որ ինքը կոնկրետ դեպքում տուժողի կողքին է գտնվել, չի կարող գործն առաջ գնալ: Հանրությունը հանդես է գալիս որպես վկա, տուժող, ներկայացնում է իրեն հայտնի տեղեկությունները, ներկայացնում է համապատասխան նյութեր: Վարույթը հենց ցուցմունքների վկաներն են, փորձաքննությունները, ձեռք բերված նյութերը»,- ընդգծեց Դավթյանը:

Հարցին՝ մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվելո՞ւ է, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Երբ լինեն հիմքերը, ցանկացած մեկը քննվելու է՝ ով ուզում է լինի: Ես խնդրում եմ հաշվի առնել, որ վկային հարցաքննության կանչելու համար երկու կարևոր բաղադրիչ կա. առաջինը դրա համար անհրաժեշտ հիմքերն են, մյուսը՝ վարույթ իրականացնող մարմինը ինքն է գնահատում, տակտիկական տեսակետից ելնելով, ո՞ր պահին հարցաքննի՝ այսօր, թե՞ վաղը, թե՞ նյութեր ձեռք բերի, հետո հարցաքննի»:

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման զինված խմբի անդամներին հաց տարած Արթուր Սարգսյանի մահվան գործով հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին: «Այդ քրեական գործով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն բավականին լայն հարցերի շրջանակով: Անհրաժեշտ բոլոր նյութերը, բժշկական փաստաթղթերը, այդ թվում՝ Արթուր Սարգսյանի՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում նրան ցուցաբերած բժշկական օգնության փաստաթղթերը տրամադրվել են հանձնաժողովին»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազը:

Նա հավելեց, երբ պարզ կլինի հանձնաժողովի եզրակացությունը, կպարզվեն նրա մահվան մեջ մեղավորություն ունեցող անձանց վերաբերյալ բոլոր հարցերը, որոնց օբյեկտիվորեն գնահատականներ են տրվելու:

ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ազատվել են ձերբակալումից քննիչի որոշման հիման վրա: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նրա խոսքով, քրեական գործ եղել է, նրանք ձերբակալվել են այդ գործի շրջանակներում, իսկ հետո քննիչի որոշմամբ ազատ են արձակվել:

Հարցին, թե այդ գործով նշվում էր, որ փաստեր կան, ի՞նչ եղան այդ փաստերը, Արթուր Դավթյանն արձագանքեց. «Քննվում է, շարունակվում է գործի քննությունը»:

Spread the love