Ի՞նչ է սպառնալու ՀՀԿ-ին, եթե սկսի տորպեդահարել Փաշինյանի գործունեությունը

- in Վերլուծական
HHK

Հայաստանում այլևս նոր քաղաքական իրավիճակ է, և դա անհերքելի է: Ներկայումս հարցն այն է, թե այդ իրավիճակն ինչ արձանագրում է ստանալու, քաղաքական ինչ համաձայնությամբ ու ձևաչափով, այսինքն՝ վարչապետ-խորհրդարան ինչպիսի հարաբերությամբ և հարաբերակցությամբ:

Այդ հարցը քննարկելու առիթ ունեցել ենք վերջին օրերին տարբեր սցենարային դիտարկումներով, որոնք փորձ են պատասխանելու հարցին, թե ինչ կարող են անել և ինչ կանեն նոր վարչապետը և նոր կառավարությունը խորհրդարանական մեծամասնության բացակայության պայմաններում, եթե ՀՀԿ-ն մնում է մեկ խմբակցություն և շարունակում է պահել դե յուրե մեծամասնությունն ու Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելուց հետո ձեռնամուխ է լինում արդեն, այսպես ասած, ընդդիմության կարգավիճակին՝ իր «պարտքը» հանրության ու հեղափոխության առաջ համարելով մարված:

Մյուս կողմից՝ իսկ ի՞նչ է սպառնալու ՀՀԿ-ին, եթե վարչապետի հարցում Նիկոլ Փաշինյանին աջակցելուց հետո սկսի տորպեդահարել նրա գործունեությունը իրավիճակում փոփոխություն բերելու, կառավարման ռեֆորմներ և խաղի կանոններ փոխելու հարցում:

Հարցն այն է, որ ընդհանուր առմամբ առկա է գուցե նաև իրավիճակն ամբողջ խորությամբ պատկերացնելու խնդիր ոչ միայն հեռացող կամ արդեն նախկին իշխանության շրջանակում, այլև հասարակական-քաղաքական միջավայրում ընդհանրապես: Ինչ է նշանակելու ներկայումս տորպեդահարել Նիկոլ Փաշինյանի վարչապետական գործունեությունը, եթե իրողությունները դիտարկենք մյուս կողմից՝ հակառակ ծայրից կամ երեսից:

Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես ենք գնահատում իրավիճակը՝ մայիսի 8-ին հեղափոխությունը հասնում է իր տրամաբանական ավարտի՞ն, թե՞ ընդամենը արձանագրում է իր առաջին հաջողությունն ու ձեռք բերում արդեն նոր գործիքակազմ՝ իր բուն խնդիրները սպասարկելու համար: Երբ դիտարկում ենք խորհրդարանական այս կամ այն կոնֆիգուրացիան, հնարավոր մեծամասնության պահպանման կամ նորի ձևավորման, բաղադրության, կազմության տեսանկյունմից, ապա մենք փաստացի իրականությանը նայում ենք ոչ թե հեղափոխական, այլ դասական քաղաքական իրավիճակի տրամաբանության շրջանակում: Ադ դեպքում իհարկե խորհրդարանական կոնֆիգուրացիան դառնում է դիտարկելի՝ ով ում հետ կմիանա, ով ումից կբաժանվի և այլն:

Սակայն այստեղ է բուն խնդիրը՝ հեղափոխությունը չի ավարտվել, հեղափոխությունը նոր է միայն մտնում, այսպես ասած, թավշյա փուլ, որովհետև թավշյա բնորոշումը ամենևին չի ենթադրում միայն բռնությունների բացառում: Թավշյա բնորոշումը ենթադրում է հեղափոխության գործիքակազմում ոչ միայն փողոցի, այլ նաև իշխանական ինստիտուտների ներառում: Այժմ կամ մայիսի 8-ից այդ փուլն է, հետևաբար իրավիճակը տեղափոխվում է այլ ձևաչափ, բայց բնույթով շարունակում է մնալ հեղափոխական:

Ըստ այդմ՝ խորհրդարանի որևէ ուժի գործողություն, որն ուղղված կլինի հեղափոխության առաջնորդի վարչապետական գործունեության դեմ, հավասարազոր է լինելու հակահեղափոխության, ընդ որում՝ բաց դրսևորումով, ինչն էլ իր հերթին հավասարազոր է լինելու մայիսի 1-ի քվեարկության «ուժին»: Հետևաբար որևէ ուժ, որը կգնա վարչապետական գործունեությունը տորպեդահարելու ճանապարհով, փաստացի պետք է պատրաստ լինի հայտնվել այն իրավիճակում, որում ՀՀԿ-ն հայտնվել էր մայիսի 1-ի երեկոյան և առավել ևս՝ 2-ի առավոտյան:

Այդ ամենի, այսպես ասած, քաղաքակրթական, էսթետիկ, մշակութային, մարդկային կողմը անշուշտ, մեղմ ասած, առաջացնում է հարցեր, սակայն տվյալ պարագայում խոսքը մեծ հաշվով պատմական օրինաչափության մասին է՝ եթե որևէ ուժ գնում է ժողովրդին հաշվի չառնելու տարբերակով, հատկապես սահմանային, հեղափոխական ակնհայտ իրողություններում և հատկապես ժողովրդի միանգամայն խաղաղ նախատրամադրվածության պայմաններում, ապա պետք է նկատի առնի, որ ժողովուրդն էլ այդ դեպքում իրեն վերապահում է շատ կարևոր բաներ հաշվի չառնելու իրավունք՝ դուր գա դա մեզ, թե ոչ:

Ի վերջո՝ հենց այդ հետևանքն է նաև, որ որևէ դեպքում կողմերին ստիպում է փնտրել ելքեր կոնսենսուսի, ոչ թե տորպեդահարումների միջոցով:

Spread the love