Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձևով չեն արձագանքում իմ կոչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում կրկին հորդորել և պահանջել է բոլորից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները և աշխատել կառավարության հետ:

«Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձևով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու և առկա խնդիրների շուրջ կառավարության հետ աշխատելու իմ կոչին:

Սիրելի հայրենակիցներ, կրկին խնդրում, հորդորում և պահանջում եմ՝ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները և աշխատել կառավարության հետ՝ ձեզ հուզող հարցերը քննարկելու և լուծելու համար:

Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել ինքներդ ձեր դեմ, կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ:

Կրկին անգամ խնդրում, հորդորում և պահանջում եմ այս պահից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր գործողությունները, եթե դրանք սաբոտաժ չեն ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության, հետևաբար՝ ընդդեմ ժողովրդի», – գրել է Ն. Փաշինյանը:

Spread the love