Ինչո՞ւ և ի՞նչ դեր ունեցավ Մոսկվան այս անգամ. ինչո՞ւ էր Կրեմլը այս անգամ զուսպ

Վլադիմիր Պուտինը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին զանգվածային բողոքի ցույցերից հետո վերջինիս կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց ընդամենը մի քանի օր անց: Կրեմլը երևանյան իրադարձություններին զուսպ արձագանք ցուցաբերեց՝ չհամեմատելով այն «թավշյա հեղափոխությունների» հետ: Ինչո՞ւ և ի՞նչ դեր ունեցավ Մոսկվան այս անգամ՝ գրում է bbc.com-ը: 

«Ես ուզում եմ հաջողություն մաղթել Ձեզ կառավարության ղեկավարի պաշտոնում և ես հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն առաջընթացով, ինչպես եղել է մինչ այժմ»,- ասել է Պուտինը Սոչիում Նիկոլ Փաշինյանի հետ առաջին հանդիպման ընթացքում:

Լրատվամիջոցը գրում է, որ երևանյան ցույցերի օրերին ռուսական հեռուստաալիքները աչքի էին ընկնում անթաքույց զսպվածությամբ, իսկ Պուտինը այն անվանեց «Հայաստանի ներքին գործը»: Դա բոլորովին նման չէ նրան, թե ինչպես Ռուսաստանը արձագանքեց «վարդերի հեղափոխությանը» Վրաստանում և 2014թ. «Եվրամայդանին» Ուկրաինայում, ինչից հետո ապաստան տվեց Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, բռնազավթեց Ղրիմը և երկրի հարավում հակամարտության մասնակից կողմ դարձավ: Ինչո՞վ է պայմանավորված նման «բարյացակամությունը» հայստանյան թավշյա հեղափոխության նկատմամբ՝ գրում է թերթը:

Հայտնի է, որ փողոցային ճնշումների արդյունքում հրաժարական տված Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հին ընկերն էր, մտերիմ դաշնակիցը և Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, սակայն Մոսկվան հանրայնորեն չպաշտպանեց նրան: Կրեմլը ոչ վաղ անցյալից ճիշտ հետևություններ արեց, մասնավորապես ուկրաինական իրադարձություններից: Այս տեսակետն է հայտնել լրատվամիջոցի զրուցակիցը, ով մոտ է կանգնած նախագահ Պուտինի վարչակազմին:

«Չի կարելի ռուսական ԶԼՄ-ներում, որոնց հանդեպ այս օրերին խիստ ուշադիր են Հայաստանում, հիստերիա բարձրացնել, հայտարարություններ անել. այդ ամենը կարող է սուր քննադատություն առաջացնել: Ռուսաստանն այժմ սպասողական դիրք է գրավել»,- ասել է զրուցակիցը, ում կարծիքով՝ Կրեմլում այդպես էլ չսովորեցին աշխատել հետխորհրդային ռազմավարական դաշնակիցների հետ:

«Պետք էր ճիշտ ռազմավարություն ըտրել և հասկանալ, որ Սարգսյանը պետք է գնա. նրան հնարավոր չէ հավերժ պահել: Գարնանը նա արդեն այլ ելք չուներ, քան հրաժարական տալը, եթե նա հրաժարական չտար, արդյունքում ստիպված կլիներ փախչել արտերկիր, քանի որ նրան դաժանորեն գահընկեց կանեին»,- BBC-ի հետ զրույցում նշել է աղբյուրը:

Spread the love