Ինչու է Ծառուկյանի համար կարևոր Նիկոլ Փաշինյանի հաջողությունն ու արդյունավետությունը

- in Կարծիք
Gagik Carukyan

Նոր կառավարության լիարժեք ձևավորումն արդեն օրերի հարց է, և մեծ է հավանականությունը, որ քաղաքական պատասխանատվության մասով դրան միանա նաև Գագիկ Ծառուկյանը:

«Ժամանակ» թերթը հրապարակել էր տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանն այդ մասին տեղեկացրել է իր քաղաքական ուժի ներկայացուցիչներին:

Առայժմ որոշակի չէ, թե ինչպես կբաշխվեն պորտֆելները, և էլ ինչ ուժեր կներգրավվեն, քաղաքական պատասխանատվության իմաստով, ինչ կանի ՀՅԴ-ն, սակայն «Ծառուկյան» դաշինքի դերակատարումն այստեղ ուշագրավ է: Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է Ծառուկյանի ներգրավումը քաղաքական պատասխանատվության իմաստով, քանի որ այդ դեպքում կառավարության գործունեության արդյունքի համար թիրախավորված կլինի նաև Ծառուկյանը:

Իհարկե դա համեմատելի չի կարող լինել այն պատասխանատվության հետ, որ ունի Նիկոլ Փաշինյանը, սակայն որքան նա նվազեցնի իր հնարավոր քաղաքական մրցակիցների մոտիվացիաները իրեն թիրախավորելու հարցում, այդքան թերևս կլինի առավել ապահով քաղաքական պայմաններում, թեկուզ համեմատականորեն ապահով: Այդ տեսանկյունից, «Ծառուկյան» դաշինքին թերևս չարժեր մտնել կառավարության կազմ: Չարժեր նաև դառնալ ընդդիմություն, քանի որ գոնե առայժմ այդքան էլ շահեկան չէ լինել Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն, դա իրեն կարող է թույլ տալ միայն կորցնելու այլևս ոչինչ չունեցող ՀՀԿ-ն:

Մյուս կողմից, սակայն, չստանձնելով անմիջական պատասխանատվություն, բայց նաև լինելով նոր կառավարության և Նիկոլ Փաշինյանի քաղաքական աջակից, «Ծառուկյան» դաշինքը կարող էր հայտնվել քաղաքական հեռանկարի իմաստով առավել հարմարավետ պայմաններում: Սա մարտավարական իմաստով, որովհետև ռազմավարական տեսանկյունից դաշինքի համար իհարկե այս փուլում շատ կարևոր է Նիկոլ Փաշինյանի հաջողությունն ու արդյունավետությունը: Բանն այն է, որ դա «հակահեղափոխությունը» կանխելու կարևոր գրավական է: Եթե Նիկոլ Փաշինյանը առաջիկա ամիսներին չամրանա որպես իշխանություն և արդյունավետ կառավարություն, «հակահեղափոխության» վտանգը կլինի բավական մեծ: Իսկ այդ դեպքում «Ծառուկյան» դաշինքը կշարունակի մնալ «հավերժ երկրորդի» կարգավիճակում, որովհետև այսօր այն նույնպես լինելով երկրորդը, ըստ էության, նոր իրավիճակում և խաղի նոր կանոնների պայմաններում ստացել է առաջինը լինելու իրական հնարավորություն, քաղաքական մրցակցության հաստատման դեպքում: Ներկայումս, խոշոր հաշվով, մրցակցային քաղաքականության տեսանկյունից երկու քաղաքական միավոր՝ Նիկոլ Փաշինյան «միավորն» ու Ծառուկյան «միավորը» նոր քաղաքական համակարգում մեկնակետի առումով գտնվում են մյուսներից զգալիորեն առաջ:

Բայց պոկված լինելով մյուսներից, նրանք դեռևս չեն պոկվել հակահեղափոխության վտանգից: Ու թեև դա առաջին հայացքից վտանգ է միայն Նիկոլ Փաշինյանի համար ու թվում է, որ Ծառուկյանը ոչինչ չի կորցնում, այդուհանդերձ, նա կորցնում է հետագայում որպես ուժ առաջինը դառնալու ռեալ հնարավորություն, ինչը չուներ և չէր ունենալու ՀՀԿ իշխանության դեպքում: Այդ իմաստով, ՀՀԿ-ի համար հավերժ բուֆերի դերում հայտնված ԲՀԿ-ն ունի Նիկոլի բուֆերի դեր ստանձնելու անհրաժեշտություն, բայց արդեն ժամանակավոր բուֆերի:

Spread the love