Ինչու է Նավալնին նման անճշտություններ պատմել Հայաստանի հեղափոխության մասին

- in Միջազգային
Aleksey Navaniy

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Հայաստանում թավշյա հեղափոխության օրերին մի քանի անգամ անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին՝ փորձելով զուգահեռներ անցկացնել Ռուսաստանի հետ:

Նավալնին դեռ շաբաթներ առաջ հայտարարել էր Ռուսաստանում «Նա մեր ցարը չէ» կարգախոսով ակցիաներ անցկացնելու մասին՝ ընդդեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարման նոր ժամկետի:

Նավալնին հայկական հեղափոխության հաջողության պատմությամբ ցանկանում էր ոգևորել Ռուսաստանի քաղաքացիներին, որպեսզի դուրս գան փողոց և մերժեն Պուտինին: Նավալնին, սակայն, Հայաստանի և Ռուսաստանի միջև զուգահեռներ ու համեմատություններ անցկացնելիս հաճախ խտացնում էր գույները, երբեմն էլ թույլ տալիս բացահայտ անճշտություններ:

Խոսելով Հայաստանի ոստիկանության գործողությունների մասին՝ Նավալնին պատմում է, որ ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ են օգտագործվել և լուսանկար է ցուցադրել 2015 թվականի Էլեկտրիկ Երևանի դեպքերից: Ապրիլյան ցույցերի ժամանակ, սակայն, ջրցան մեքենաներ չեն օգտագործվել:

Նավալնին պատմում է նաև, որ ոստիկանները բռնում են ցույցերին մասնակցող անչափահասներին և տանում Երևանից 40 կմ հեռավորության վրա ամայի տարածքում բաց թողնում:

Իրականում նման որևէ դեպքի մասին հայտնի չէ:

Հաջորդ անճշտությունը վերաբերում է Սերժ Սարգսյանի վարկանիշին: Ցանկանալով ռուսաստանցիներին համոզել, որ Վլադիմիր Պուտինի 80%-անոց վարկանիշը կեղծ է, նա նշում է, որ Սարգսյանի վարկանիշն էլ ավելի բարձր էր, սակայն հայերը ստիպեցին նրան հրաժարական տալ: Իրականում Սերժ Սարգսյանը երբևէ այդքան բարձր վարկանիշ չի ունեցել, անգամ Ահարոն Ադիբեկյանի տվյալներում, ում Հայաստանում անվստահությամբ են վերաբերվում:

Օրինակ, 2017 թվականի վերջին Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ-ն տվյալներ է հրապարակել, ըստ որի՝ Սերժ Սարգսյանի աշխատանքը դրական է գնահատել 26.7%-ը:

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Նավալնին իր հաղորդման մեջ շեշտել է նաև կոռուպցիոն գործոնը՝ նշելով, որ Հայաստանն ավելի կոռումպացված է, քան Ռուսաստանը և Ուկրաինան: Այս պնդումը ևս սխալ է: Օրինակ, կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը 107-րդն է, Ուկրաինան՝ 130-րդը, Ռուսաստանը՝ 135-րդը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20