Ինչու նրանց չհաջողվեց, իսկ թավշյա հեղափոխությունը հաղթեց

- in Ով ով է ...
Vazgen Manukyan

1995 թ. խորհրդարանի ընտրությունը առաջին կեղծված ընտրությունն էր, որով սկիզբ դրվեց Հայաստանում իշխանության ուզուրպացիային ու ընտրական մեխանիզմների ոչնչացմանը: Դրանից հետո կեղծվել են համապետական բոլոր ընտրություններն ու հանրաքվեները, ընդ որում՝ տարեցտարի ավելի ու ավելի այլասերված տարբերակներով՝ ծեծուջարդից մինչեւ համատարած ընտրակաշառք:

Խորհրդարանի ընտրությունը, սակայն, չէր ունենում այն հետընտրական զարգացումները, ինչ նախագահականը: Հայկական ընդդիմությունները իշխանափոխության միակ տարբերակ էին դիտարկում հենց նախագահի ընտրությունը եւ հետընտրական զարգացումները:

1996-ի նախագահի ընտրությունն առաջինն էր, երբ իշխանությունը ուժ կիրառեց ընդդիմության նկատմամբ. Ընդդիմադիրների ծեծուջարդ, ձերբակալություններ, բանակի միջամտություն: Այդ ընտրությունից հետո իշխանությունը դե ֆակտո անցավ ռազմական օլիգարխիային, որի օրոք երկրում տիրում էր «ռազմահայրենասիրական» ամենաթողություն ու անիրավություն: Ինչ ասես արժեր Վազգեն Սարգսյանի հայտնի խոսքը՝ 100 տոկոս էլ հավաքեք, իշխանությունը չենք տա:

Նախագահի հաջորդ ընտրությունից հետո իշխանությունն անցավ քրեական օլիգարխիային, որն իր ձեռքը վերցրեց այդ եւ հետագա ընտրությունների անցկացման գործը: Երկրում հաստատվեց քրեական կարգ սահմանադրության քողի տակ, քաղաքական ուժերը վերածվեցին դրա քաղաքական ցուցանակների:

Եվ մինչ իշխանությունը «էվոլյուցիա» էր ապրում ու հղկում իր մեթոդները, ընդդիմությունները մնում էին նույն սխեմայի մեջ. Ընտրության արդյունքների վիճարկում, հանրահավաքներ, բախումներ եւ արյունահեղություն, այդպես էլ չգտնելով ելքը: Սա խնդրի օբյեկտիվ կողմն էր:

Իսկ սուբյեկտիվ կողմը սովորաբար դրսեւորվում էր մեծամտությամբ ու բոլորին վերեւից նայելով, ըստ էության՝ ժողովրդին «թնդանոթի միս» դիտարկելով, որը պետք է զոհվի առաջնորդների համար եւ ավելորդ հարցեր չտա: Այդ ամենն ի վերջո ավարտվում էր իշխանության հետ խոշոր գործարքներով՝ ընդդիմությունները սովորաբար իշխանությանն էին վաճառում հանրահավաքը, եւ որքան մարդաշատ էր այն, այնքան բարձր էր գինը:

Ստեփան Դեմիրճյանն ասում էր, որ իրեն ավելորդ հարցեր չտան, որ իրենք գիտեն՝ երբ անեն, ումով անեն եւ ինչպես անեն: Լեւոն Տեր-Պետրոսյանի պայքարն ի վերջո վերածվեց այնպիսի մի դեմագոգիայի, որ աշխարհը չէր տեսել: Ոճը նույնն էր՝ դուք պարտավոր եք գալ հանրահավաքների ու ավելորդ հարցեր չտալ, մենք գիտենք ինչ ենք անում, մենք հանճարներ ենք: Դե, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական պայքարը վերածվեց զավեշտի, ինքը Րաֆֆին շփոթմունքի մեջ էր ընկել իր հավաքած ձայներից ու հրապարակում հավաքվածների քանակից ու ի վերջո գնաց աղոթելու, որ արյուն չթափվի:

Ընդդիմադիր այս պայքարների գագաթնակետը բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն կոչված կրկեսն էր, որտեղ հավաքվել էին այս բոլոր անհաջողակները: Այն ի վերջո ցրվեց ամենախայտառակ ձեւով, այդպիսով ազդարարելով ավանդական ընդդիմության վախճանը:

Այս ֆոնին, հայկական թավշյա հաղթանակած հեղափոխությունը լիովին տարբերվում էր իր մեթոդաբանությամբ: Դրա կազմակերպիչները երեկոյան փողկապներով ու խնամված չէին գնում միտինգի, խորհրդավոր ճառեր ասում ու գնում տուն, արհամարհելով ժողովրդին:

Նրանք մարդկանց առաջարկեցին շատ կոնկրետ սխեմաներ եւ հավասար մասնակցություն եւ առաջինն արեցին իրենց քայլը: Մարդկանց համար այդ առաջարկը հասկանալի էր եւ իրագործելի, ինչի արդյունքն էլ այս օրերին տեսանք:

Շատերը կասեն, որ իշխանությունը ուժ չկիրառեց, այդ պատճառով էլ շարժումը հաղթեց: Սա շատ թույլ, քննադատության չդիմացող թեզ է, քանի որ պայքարի ճիշտ կազմակերպվածությունից ու գաղափարաբանությունից է կախված արտաքին միջամտությունների բացառումը, եւ ոչ թե «Քոչարյանը խելագար չէ, որ կրակի» տիպի հայտարարություններից:

Spread the love