Ինչպե՞ս արտահերթ ընտրությունները կկազմակերպվեն տրամաբանական ամենասեղմ ժամկետներում

- in Ընտրություններ
Yntrutyun

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո, ի պատասխան հարցին, հաստատեց, որ իր օրակարգի հաջորդ կետը շարունակում է մնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ «Այն, ինչ որ հայտարարվել է, հայտարարվել է պաշտոնապես։ Ուրեմն շարունակում է մնալ օրակարգում»,- ասաց Փաշինյանը։ 

Մեր դիտարկմանը՝ եթե առաջիկայում Ազգային ժողովը հաստատի կառավարության ծրագիրը, այլևս արտահերթ ընտրությունների հնարավորություն չի մնում, Փաշինյանը պատասխանեց. «Շատ հնարավորություններ կան։ Եթե դուք Սահմանադրությունը ուշադիր կարդաք, կտեսնեք, որ այդ հնարավորությունները կան»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ արտահերթ ընտրությունները կկազմակերպվեն տրամաբանական ամենասեղմ ժամկետներում։

Սահմանադրագետ, ԵՊՀ սահմանադրական ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը ասաց, որ Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագրին հավանություն տալուց հետո արտահերթ ընտրությունների միակ հնարավորությունն այն է, որ կառավարության ձևավորումից հետո ցանկացած պահի գործող կառավարությունը հրաժարական տա, և գործող քաղաքական ուժերը պայմանավորվեն, որ սահմանված 7-օրյա ժամկետում երկու անգամ անընդմեջ ոչ մի ուժ վարչապետի թեկնածու չառաջադրի, որից հետո Ազգային ժողովը կլուծարվի։ «Տեխնիկական առումով ուրիշ տարբերակ չկա։ Դա է արտահերթ ընտրությունների գնալու միակ հնարավոր ճանապարհը։ Կառավարության ձևավորումից հետո, Փաշինյանը կարող է իր լծակները ամրապնդի, որպեսզի արտահերթ ընտրությունները հնարավոր լինի կազմակերպել առանց կեղծիքների։ Ապա, երբ պատրաստ լինի ամեն ինչ, կառավարությունը կարող է հրաժարական տալ, պայմանավորվեն, որ ոչ ոք վարչապետի թեկնածու չառաջադրի ու այդպիսով հնարավոր կլինի գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- ասաց Այվազյանը։

Մեր դիտարկմանը, թե որքանով կարող են երաշխիքներ լինել, որ այդ պարագայում ՀՀԿ-ն նորից իր թեկնածուն չի առաջադրի, սահմանադրագետը պատասխանեց. «Դրա համար էլ ասում եմ, որ պետք է ներքին պայմանավորվածություն լինի, ՀՀԿ-ն հանրության առաջ հայտարարի, որ ինքը թեկնածու չի առաջադրի և միահամուռ գնալու են արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ ՀՀԿ-ն պետք է դա խոստանա հանրությանը, որ թեկնածու չառաջադրի ու գնան արտահերթի։ Միակ ճանապարհը սա է»։

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխությանը, ապա սահմանադրագետի խոսքերով՝ այս հարցում էլ ամենաիրատեսական լուծումը կլինի Սահմանադրական դատարան դիմելը։ «Քանի որ Սահմանադրությունը ամրագրում է, որ Ազգային ժողովը ձևավորվում է միայն համամասնական ընտրական կարգով, բնականաբար, ներկայումս գործող ռեյտինգային համակարգը հակասահմանադրական է։ Որպեսզի այդ 3/5-րդ խնդիրը չլինի, կարող են դիմել ՍԴ և ռեյտինգայինի պահը համարվի հակասահմանադրական և ուժը կորցրած։ Մնացած կարգավորումներով մեր Ընտրական օրենսգիրքը լավն է։ Ամենակարճ և ամենագործող տարբերակը Սահմանադրական դատարան դիմելն ու ռեյտինգային համակարգի մասով դրույթը հակասահմանադրական ճանաչելն է։ Օբյեկտիվորեն դա շատ հեշտ է հիմնավորել, որ տարածքային ցուցակներ կոչվածը համամասնական համակարգ չէ, այլ մեծամասնական, իսկ նույն Սահմանադրությամբ ԱԺ-ն ձևավորվում է համամասնական ընտրակարգով։ Ես ինքս էլ պատրաստ եմ դրա հիմնավորումները գրել, տրամադրել իրենց։ Այս ճանապարհով հարցը շատ արագ կլուծվի, թե չէ 3/5-րդ համաձայնություն և այլն»,- եզրափակեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20