Ինչպես կպահի իրեն ՀՀԿ-ն արդեն ոչ ՀՀԿ-ական վարչապետի դեպքում

- in Հրապարակ
AJ

Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունն այլևս հանրության զգալի մասի մոտ ընկալվում է իբրև հաղթանակած և իշխանության եկած, հաղթանակը դե յուրե արձանագրած, թեև, իհարկե, զուտ փաստի տեսանկյունից քանի դեռ չկա մայիսի 8-ի քվեարկությունը, հանրությունը մտավախություն ունի և որոշակի սպասման վիճակում է:

Այդուհանդերձ, քաղաքական իրողությունները, կարծես թե, հուշում են, որ համենայն դեպս հայտարարված զարգացումը պետք է որ դառնա իրականություն, և դա բխում է բոլոր ներգրավված մասնակիցների շահերից: Այլ է հարցը, թե ինչպիսին են լինելու հետագա զարգացումները:

Այս մասով սցենարները ամենատարբեր են՝ ինչպես կպահի իրեն ՀՀԿ-ն արդեն ոչ ՀՀԿ-ական վարչապետի դեպքում, ինչպես կպահի իրեն «Ծառուկյան» դաշինքը, որ սատարել է և միացել ժողովրդական շարժմանը, սակայն անկասկած այսուհետև Նիկոլը դիտվում է արդեն ոչ միայն դաշնակից, այլ նաև մրցակից հավասարապես: Ընդհանրապես, դաշնակիցներն ու մրցակիցները հայաստանյան ներքաղաքական առկա իրադրությունում դարձել են միանգամայն հարաբերական և ըստ էության՝ բավականին կարճաժամկետ: Պարզ չէ, թե ինչպիսին է լինելու Նիկոլ Փաշինյանի կառավարության կադրային կազմը:

Այս ամենը վկայում է, որ թավշյա հեղափոխությունը թեև ձևով, կարծես թե, մոտ է հաղթանակին, թեկուզ միջանկյալ, կամ արդեն տարել է այդ միջանկյալ հաղթանակը, այդուհանդերձ բովանդակության իմաստով այն դեռևս բավական հեռու է կամ անորոշ: Անորոշ կամ հեռու այն պատճառով, որ երկարաժամկետ կամ ռազմավարական առումով լուծված չէ գլխավոր խնդիրը, իսկ դա ոչ թե իշխանափոխությունն է որպես անվանական կամ նոմինալ երևույթ, այլ թավշյա հեղափոխության քաղաքական կապիտալիզացիան: Այդ կապիտալիզացիան է լինելու երկարաժամկետ հաջողությունը, ընդ որում՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության տեսքով, որպեսզի ապահովվի հավասարակշռությունը և թույլ չտրվի, որ հեղափոխությամբ ձևավորված իշխանությունը դեգրադացվի: Որպեսզի ապահովվի այդ նոր իշխանության նաև նոր որակը, քաղաքական համակարգով վերահսկվող նոր որակը:

Այսինքն՝ խնդիրը միայն օրենսդրորեն խաղի կանոնների փոփոխությունը չէ, այլ նաև այդ ամենի համակարգային վերահսկողությունը, որի բաղկացուցիչ մասն է նաև ընդդիմությունը և դրա տեղն ու դերը քաղաքական համակարգում: Այդպիսով, թավշյա հեղափոխության քաղաքական կապիտալիզացիայի հարցը դեռ բաց է: Ներկայիս փուլում դա, իհարկե, էական խնդիր չէ: Ի վերջո, այս փուլում այն չէր էլ կարող լուծվել, քանի դեռ չկա միջանկյալ լուծումը՝ արդյունքի առաջին փուլի դե յուրե արձանագրում: Բայց կապիտալիզացիայի բացակայությունը կարող է խնդիր դառնալ արդեն հաջորդ փուլում, եթե չդառնա ռազմավարական օրակարգի հարց և չսկսվի դրա զուգահեռ սպասարկման գործընթացը, ընդ որում՝ մասնակից կամ ներգրավված բոլոր հանրային ու քաղաքական սուբյեկտների գործունեությամբ:

Ավելին՝ այդ խնդիրը թերևս պետք է լինի ավելի շուտ հանրային սուբյեկտների անելիքը, քանի որ քաղաքականները ներկայումս զբաղված են միջանկյալ արդյունքների «կապիտալիզացիայի» խնդրով, օբյեկտիվորեն զբաղված են դրանով: Այլ հարց է, որ նրանք կարող են ոչ միայն օբյեկտիվ, այլև սուբյեկտիվ նկատառումով ձեռնպահ մնալ հեղափոխության քաղաքական կապիտալիզացիայի ռազմավարական խնդրին անդրադառնալուց, քանի որ դա նրանց համար նշանակելու է երկարաժամկետ և խորքային պատասխանատվության սահմանում հանրության առաջ: Բայց հենց դրա համար է կարևոր, որ հանրությունն ինքը ձեռնամուխ լինի այդ խնդրին՝ այն չթողնելով քաղաքական ուժերի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ մոտիվացիաների դրական հարաբերակցության հույսին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20