Ինչ-որ մեկը կամ ինչ-որ խումբ կարծես «սպանության պատվերներ» է «ընդունում» և կատարում առանձին դաժանությամբ

- in Իրավունք
diak

Քննչական, դատական, քրեակատարողական մարմիններում հաճախ կարծես այնպիսի փոխհամաձայնեցված քաղաքականություն է իրականացվում, որ բանտերը դառնում են հանցաորջեր, բանտարկյալները՝ բանտապետերի գերին ու ֆինանսական աղբյուրը… Մարդիկ ուղղվելու փոխարեն ավելի ծանր հանցագործություններ են գործում: Մթերք գողացողը հանկարծ կարող է դառնալ մարդասպան… 

Ինչ-որ մեկը կամ ինչ-որ խումբ կարծես «սպանության պատվերներ» է «ընդունում» և կատարում առանձին դաժանությամբ, ցինիզմով՝ հասկացնելու, որ իրենց պահանջը պետք է անվերապահորեն կատարվի, որովհետև իրենց հետքերը փնտրող ու պատժող չկա…

2013թ. հունվարի 18-ին Երևան քաղաքի իր տանը դաժանաբար սպանվեց Մամիկոն Ասատրյանը: Սպանել էին խոշտանգելով. գլխին հասցված հարվածներից /կամ այլ եղանակով/ գլխամաշկն անջատվել էր:

2017թ. դեկտեմբերին նախաքննական մարմինը հանկարծ «բացահայտեց», թե իբր սպանության պատվիրատուն սպանվածի կինն է՝ Մանուշակը, ու թեև այդ ընտանիքին ճանաչողները չեն հավատում, այդուհանդերձ տիկնոջը կալանավորեցին:

2017թ սեպտեմբերի 18-ից անհետ կորեցին Հրազդան քաղաքի բնակիչներ՝ 53-ամյա Սամվել Ալիխանյանը և նրան խնամող 56-ամյա Վարդուհի Սիմոնյանը: Շաբաթներ անց գտան նրանց դիակները՝ փաթաթված պոլիէթիլենային թաղանթով և կպչուն ժապավենով:

Նախաքննությամբ պարզվեց, որ 2017թ. սեպտեմբերի 18-ի երեկոյան, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ Լյուդվիգ Գագիկի Հակոբյանը, իր կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով տուժողներին տեղափոխել է Հրազդան քաղաքում գտնվող իր հայրական տուն, որտեղ ծեծել է նրանց և գումար պահանջել: Մերժում ստանալով՝ 32-ամյա Լյուդվիգը մետաղալարով խեղդամահ է արել Սամվել Ալիխանյանին, այնուհետև մետաղական կշռաքարով հարվածներ հասցրել Վարդուհի Սիմոնյանի գլխին՝ սպանելով նրան:

Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով դիակները կապկպել, տեղափոխել ու թաքցրել են Երևան-Սևան մայրուղու 51-րդ կմ-ի վրա գտնվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում:

2017թ. հուլիսի 22-ին անհետ կորեց Արմավիրի մարզպետի խորհրդական, 52-ամյա Մանուկ Սիմոնյանը: Հաջորդ օրը Արմավիրի մարզի բնակչուհուց ոստիկանություն հաղորդում ստացվեց այն մասին, որ հուլիսի 22-ին՝ ժամը 22:00-23:00-ի սահմաններում, ամուսինը՝ Մանուկ Սիմոնյանը, դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել: Ըստ կնոջ՝ Ռուզաննա Մկրտչյանի, ամուսնուն տան բակից կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տանից:

Անհետ կորելուց 3 օր անց՝ հուլիսի 25-ին, ժամը 23:30-ի սահմանում, «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերվել է Մանուկ Սիմոնյանի դիակը՝ կացնահարված գլխով, փաթաթված և կապկպված:

Սակայն հակառակ տիկնոջ հայտնած տեղեկատվության՝ նախաքննական մարմինը առաջ քաշեց իր վարկածը և դիտավորությամբ կատարված սպանության մեղադրանք առաջադրեց սպանվածի կնոջը՝ համարելով, որ Ռուզաննա Մկրտչյանն է մի քանի կացնային հարված հասցրել քնած ամուսնու գլխին՝ տարիներ շարունակ վերջինիս կողմից բռնության ենթարկվելու և նվաստացումների համար:

Սպանվածի եղբայրը բացառեց դա՝ նշելով, որ սպանությունը և դիակի տեղափոխումը կարող է խմբի կողմից կատարված լինել, սակայն նախաքննական մարմինը հետևողականորեն անտեսել է Մանուկ Սիմոնյանի դուրս կանչելու հանգամանքը և կալանվորել նրա կնոջը:

Նկատենք, որ այս երեք դեպքերի մեջ ընդհանրություններ կան. վերոնշյալ սպանությունների ձեռագրի նմանությունը հուշում է, որ այն կարող է նույն «հանցախումբը» լինել…

Բոլոր տուժողները գազանաբարո հարվածներ են ստացել գլխի հատվածում: Սամվել Ալիխանյանը, Վարդուհի Սիմոնյանը և Մանուկ Սիմոնյանը դուրս են եկել տանից, անհետ կորել: Երեքի դիերն էլ գտել են օրեր անց՝ կապկպված վիճակում, դաշտամիջյան, ձորամիջյան վայրերում, որտեղ թաքցրել են:

Մամիկոն Ասատրյանի և Մանուկ Սիմոնյանի սպանության դեպքերով մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել նրանց կանայք: Ռուզաննա Մկրտչյանի դեպքում արդեն որպես սպանության շարժառիթ, պատճառ նշված է ընտանեկան բռնությունը, ծեծը: Մամիկոն Ասատրյանի կնոջ՝ Մանուշակի դեպքում կարծես ևս զարգացնում են այդ սցենարը, թեև տուժողների հարազատները չեն հավատում դրան:

Մամուլում քիչ թե շատ հայտնի տեղեկատվությունից պարզ է դառնում, որ երկու դեպքում էլ՝ Մամիկոն Ասատրյանի և Մանուկ Սիմոնյանի սպանություններից առաջ հայտնվել է սև ջիպով ինչ-որ անձ, հավանաբար զոհերի ճակատագիրը որոշած նույն անձը, ով Մամիկոնի տուն է եկել սպանությունից մոտ 6 ամիս առաջ և հոխորտացել՝ «տես, չփոշմանես…», իսկ Մանուկ Սիմոնյանին դուրս է կանչել, որից հետո նա այլևս չի վերադարձել:

Մամուլից և պաշտոնական լրահոսից տեղեկանում ենք, որ առաջին երկու դեպքերի և Մանուկ Սիմոնյանի սպանության գործերով քննչական խմբի ղեկավարը Աղվան Հովսեփյանի տեղակալ Վահագն Հարությունյանն է՝ չբացահայտված Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը:

Եվ ամենակարևորը.

Նախկինում մի քանի անգամ դատապարտված Լյուդվիգ Գագիկի Հակոբյանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտված է եղել 4 տարվա ազատազրկման՝ բուլկի, մաստակ, խմիչք, բաճկոն, քացրեղեն, ծխախոտ և նման այլ ապրանքներ գողանալու համար: Նրա պատժի սկիզբը հաշվարկվել է 2014թ.-ի հունվարից, դատարանը բացառել է պատիժը պայմանականորեն չկիրառելը՝ հաշվի առնելով ռեցիդիվը:

Այսինքն, Լյուդվիգ Հակոբյանը մինչև 2018թ.-ի հունվար ամիսը պետք է իր պատիժը կրեր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, բայց վերաքննիչ քրեական դատարանը մեղմացրել է նրա պատիժը: 2017թ-ի օգոստոսի վերջին նա ազատ է արձակվել, և 18 օր անց՝ սեպտեմբերի 18-ին, հանկարծ 2 անձի դաժան սպանություն իրականացրել:

Թե ով և ինչու է «Իրիս» ու «Սնիկերս» գողացողին դարձրել մարդասպան, կարելի է միայն կռահել նրանց վերաբերյալ դատական գործերից:

Ինչպես նա, այնպես էլ քրեական անցյալ և մեքենաներ «քցելու» սովորություն ունեցող նրա հայր Գագիկ Հակոբյանը, ով հետախուզման մեջ է եղել և ում տանը կատարվել է Սամվել Ալիխանյանի և Վարդուհի Սիմոնյանի սպանությունները, տասնյակ միլիոնների «բանտային տալիքներ» ունեն մի շարք անձանց /չհաշված՝ բանտերում ընդունված պարտադիր-կամավոր «ղումարբազությունը»/: Դրանք պետք է մարվեն օրինական ճանապարհով, որի հնարավորությունը նրանք չունեն՝ դատելով առկա տեղեկատվությունից, կամ «ջրվեն» բանտերում հարց որոշող անձանց ցանկությամբ…

Ովքե՞ր են շահագրգռված դրանում և արդյո՞ք կարող էին Լյուդվիգ Հակոբյանին գիշերով «գործուղել» հատուկ առաջադրանքի՝ մինչև բանտից ազատվելը /և նախորդ դատվածությունների ընթացքում/, թե՞ նրա նման մեկ այլ թեկնածու է կատարել Ալիխանյանի դեպքից 2 ամիս առաջ ու մինչ այդ կատարված մյուս՝ Մանուկ Սիմոնյանի սպանությունը, բայց՝ նույն ձեռագրով և նույն անձի ցուցումով…

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը Սերոբ Հարությունյանն է, ով Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ ԱԱԾ-ի ներկայացուցիչն էր մի քանի բանտերում, այդ թվում՝ «Նուբարաշեն»-ում, իսկ հետո մտավ ոստիկանական համակարգ, ապա՝ հեռացվեց պաշտոնից՝ քրեական աշխարհի հետ սերտ հարաբերություններ ունենալու համար:

Հ.Գ. Պետք է տոտալ ստուգումներ իրականացնել բանտերում, պաշտոնանկ անել օրինազանցներին և արագացնել պրոբացիոն ծառայության կիրառումը /որին դեմ է բանտապետերը/, քանի դեռ բոլորին չեն դարձրել մարդասպան, հարազատասպան ու բաց թողել հանրության մեջ՝ ազգ ու ընտանիք ուրանալու, կործանելու…

Spread the love