Երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով ցույց էր տալիս կառավարական այն առանձնատունը, որտեղ հիմա ապրում է նրա ընտանիքը: Ավելի վաղ Փաշինյանը հանրության սեփականությունն էր դարձրել Բաղրամյան 26-ի և Հանրապետության հրապարակի իր շքեղ աշխատասենյակները:

Իշխանության պալատների, դղյակների` տասնամյակներով գոցված դռները բացվում են հասարակության առջև: Սա արդեն դրական է, որովհետև բացահայտում է համակարգը բացելու Փաշինյանի պատրաստակամությունը:

Մյուս կողմից` այս տեսարանները հետաքրքիր կարող են լինել հասարակության համար, որի հետհեղափոխական վակուումը դեռ լրացված չէ բովանդակությամբ, նոր Հայաստանի հագեցած օրակարգով:

Տպավորություն ունենք, որ մի փոքր աղճատված են պատկերացումները հեղափոխության մասին:

Բաղրամյան 26-ն, օրինակ, դարձել էր անձնակենտրոն, ավտորիտսր իշխանության սիմվոլ: Նույնիսկ հեղափոխական գետը չի կարող մաքրել այդ պայմանական ճահիճը` հատկապես էյֆորիայի անխուսափելի ավարտից հետո: Բաղրամյան 26-ը «ժողովրդականցնելու » փորձերը, մեղմ ասած, ձախողված են: Հեղափոխությունը պետք է ձևավորեր նոր պատկերացում իշխանության բովանդակային, ինստիտուցիոնալ առաքելության մասին, որը հաստատ չի կարող խորհրդանշվել Բաղրամյան 26-ով:

Կառավարական դաչա կոչվածն իշխանության վերնախավի և հասարակության անջրպետի խորհրդանիշն է, եթե նույնիսկ հասարակությունը մանրամասն տեղեկանա, թե քանի շակալ է թափառում կառավարական առանձնատան բացատում: Միևնույն էկառավարական ամառանոցն իր պարիսպներով, խորհրդանշում է իշխանության հզորությունն ու հասարակության խեղճությունը: Վաղ թե ուշ պարիսպների հակառակ կողմը հասարակության համար դառնալու է անտեսանելի, որովհետև հենց դա է պարսպի խորհուրդը:

Մեծ Բրիտանիայում առկա է ընդամենը 50 ծառայողական ավտոմեքենա, Դանիայում՝ 23: Եվրոպական երկու երկիր` արդյունավետ կառավարմամբ: Եթե Հայաստանում շարունակելու է 1000-ից ավելի «պադավատ» մնալ, վաղ թե ուշ, դրանց պատուհաններից աշխարհը երևալու է  ծուռ հայելու էֆեկտով:

Հայաստանում տեղի ունեցածն ոչ թե իշխանափոխություն էր, այլհեղափոխություն, որն ուղղված էր, առաջին հերթին այսպես կոչված, էլիտայի արտոնությունների համակարգի դեմ: Եթե այդ արտոնությունները պահպանվեն, շուտով դրանից օգտվող մարդիկ կփոխվեն` իշխանական դղյակներից դուրս ծնելով նոր հեղափոխության պահանջ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...