Իրավիճակը դիրքային պայքարի փուլում է

Նոր կառավարությունը ժամանակավո՞ր է, թե՞ ոչ: Այս հարցը ոչ միայն մեդիա-փորձագիտական տիրույթում հնչող հարցերից է, այլ նաև հանրային, քաղաքացիական շրջանակներում: Լինելո՞ւ են արտահերթ ընտրություններ, ու ե՞րբ են դրանք լինելու:

Հարց, որը, ըստ էության, չունի պատասխան, թեև արտահերթ ընտրությունը հենց սկզբից եղել է թավշյա հեղափոխության հռչակած «ճանապարհային քարտեզի» հանգրվաններից մեկը, այսինքն՝ վերջինը, որից հետո ենթադրաբար քաղաքական գործընթացները պետք է մտնեին գերազանցապես քաղաքական ինստիտուցիոնալ բնույթ կամ այսպես ասած՝ լիովին վերադառնային դահլիճ:

Սակայն երևում է, որ հարցի պատասխանը չունի ինքնին հենց հեղափոխությունը, որը առնվազն կիսով չափ՝ գործադիր իշխանության մասով այլևս իշխանություն է կամ մեկ-երրորդով՝ նկատի ունենալով նաև, որ դեռ կա ոչ միայն օրենսդիր, այլ դատական իշխանության թևը: Իհարկե, դատական իշխանությունը անկախ իշխանությունն է, սակայն խնդիրն այն է, որ նույնիսկ այդ մասով իրավիճակը դեռևս հարաբերական-հակասականության մեջ է:

Մի բան երևի թե հստակ է, որ իրավիճակն անկասկած չի կարող լինել երկարատև, մինչև հաջորդ ընտրական հերթական փուլ՝ 2022 թվական, որովհետև այն չունի կայուն մակարդակում երկար ձգվելու ռեսուրս: Կա գործադիր իշխանություն, որը չունի խորհրդարանական կայուն մեծամասնություն, և ըստ այդմ՝ հնարավոր չէ տևական ժամանակ պահել պետությունն այդ ականի վրա: Դրա մի տարբերակ կա միայն՝ եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա նույնքան երկար պահել իր հանրային գերբարձր վստահությունը և մեկ բառով կարողանա հանրությանը աջակցության կոչել այս կամ այն քաղաքական սաբոտաժի դեմ կամ նախաձեռնության օգտին:

Կկարողանա՞ դա ապահովել Նիկոլ Փաշինյանը, խորհրդարան-կառավարության ներկայիս հարաբերակցությունը նրա համար չի լինի ճակատագրական, հետևաբար արտահերթ ընտրության բացակայությունն էլ ամենից շատ հենց նրան չէ, որ կհուզի: Այդ դեպքում հանրային մեծամասնության վստահության պահպանումը կչեզոքացնի նաև խորհրդարանական ներկայումս հիպոթետիկ, այդուհանդերձ հեղաշրջման վտանգը, երբ մեկ տարի անց կարող է ձևավորվել կառավարության անվստահությանը պատրաստ մեծամասնություն: Մյուս կողմից՝ հասկանալի է նաև, որ տեսական բոլոր վտանգներով ու շահերով հանդերձ, Նիկոլ Փաշինյանի համար ընտրական արտահերթ գործընթացն էլ կարող է վտանգներ պարունակել, եթե նա չի ամրացել և ամբողջացել իբրև գործադիր իշխանություն:

Ըստ այդմ՝ ներկայումս իրավիճակը դիրքային պայքարի փուլում է, որտեղ հստակ չէ անգամ, թե ինչ էֆեկտ կամ վտանգ է պարունակում ժամանակավորության զգացումը: Մի կողմից այն կարող է նվազեցնել գործունեության մոտիվացիան, երբ նախարարը վստահ չէ, թե որքան ժամանակ կմնա կառավարությունը՝ մեկ ամիս, մի քանի ամիս, թե մեկ տարի: Մյուս կողմից՝ քանի որ կառավարությունը կոալիցիոն է, և դրա համար պատասխանատու են տարբեր համամասնություններով իհարկե, բայց մի քանի ուժ, ժամանակավորության այս ընթացքում այդ ուժերից յուրաքանչյուրը կձգտի անել առավելագույնը՝ արտահերթ ընտրությանն իր արածը լավ «վաճառելու» համար:

Այստեղ էլ, իհարկե, էֆեկտիվությունը կամ վտանգը կախված է մի բանից, թե որքանով կկարողանա հանրությանը պահել Նիկոլ Փաշինյանը: Դա է ներկայումս նրա գլխավոր հաղթաթուղթը և քաղաքական կապիտալը, որն առայժմ ստորադասում է մնացյալ ամեն ինչ և նրան տալիս խաղը թելադրելու հնարավորություն:

Spread the love