Լրագրողի դեմ ֆիզիկական ուժ կիրառած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

- in Պաշտոնական
Vostikan

ՀՀ ոստիկանության պետի հրամանով Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ Արսեն Արզումանյանի ծառայողական լիազորությունները կասեցվել են: Նա մեղադրվում է լրագրողի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելու մեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է. «Ապրիլի 20-ին ոստիկանության ծառայողների կողմից խոչընդոտվել է հավաքները լուսաբանող լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությունը, և նրա նկատմամբ ֆիզիկական ուժ էր գործադրվել:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել:

Միևնույն ժամանակ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է ծառայողական քննություն:

Նախաքննության ընթացքում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ Արսեն Արզումանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։

ՀՀ ոստիկանության պետի հրամանով Արսեն Արզումանյանի ծառայողական լիազորությունները կասեցվել են»:

2018 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, մի շարք քաղաքացիներ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հենակետի հարակից տարածքում իրականացրել են բողոքի զանգվածային ակցիաներ, որի ընթացքում փակել են նաև հիշյալ ավտոճանապարհի երթևեկելի հատվածը: Հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ:

Լրագրող Տիրայր Մուրադյանը, զանգվածային լրատվության միջոցների մյուս ներկայացուցիչների հետ, լրագրողական վկայականով (որը տեսանելի է եղել), իր բջջային հեռախոսով ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել է քաղաքացիների և ոստիկանության ծառայողների գործողությունների ընթացքը:

Այդ ժամանակ Արսեն Արզումանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել է Տ. Մուրադյանին և փորձել վերցնել վերջինիս բջջային հեռախոսը, այնուհետև իր աշխատակիցներին հրահանգել է Տ. Մուրադյանին հեռացնել նշված հատվածից: Հանդիպելով Տ. Մուրադյանի արդարացի և իրավաչափ ընդվզմանը և անտեսելով լրագրող լինելու մասին վերջինիս հավաստիացումները, ինչպես նաև այն, որ լրագրողն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ոստիկանների ծառայությանը խոչընդոտող վարքագիծ չի դրսևորել, այդուհանդերձ, Ա. Արզումանյանը մյուս ծառայողների հետ ֆիզիկական ուժ և բռնություն գործադրելով` Տ. Մուրադյանին նստեցրել են «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան և հեռացրել մասնագիտական գործունեության իրականացման վայրից:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար ոստիկանության գնդապետ Ա. Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով:

Spread the love