Խոստացված պաղպաղակը նախագահականում. Արմեն Սարգսյանը հյուրընկալեց փոքրիկներին և նրանց հետ պաղպաղակ վայելեց

- in Պաշտոնական

ՀՀ նախագահի նստավայրը լի էր երեխաների երգ ու ծիծաղով, պաղպաղակով ու կոնֆետներով: Օրեր առաջ Արմեն Սարգսյանին դրսում պատահմամբ հանդիպած փոքրիկները Նախագահի հրավերով եկել էին խոստացված պաղպաղակի հետևից:

Նախագահի հետ հանդիպման եկած փոքրիկները ոգևորված էին անչափ, որ երգել սկսեցին դեռ մուտքից: Էլինա, Գրիգ, Ադրիանա, Արինկա. Երևանի թիվ 7 մանկապարտեզի մոտ 10 սաներ ձեռք ձեռքի տված մտան նախագահական: Մինչ կվայելեին խոստացված պաղպաղակը, Նախագահ Սարգսյանի ուղեկցությամբ բարձրացան նրա աշխատասենյակ: Արմեն Սարգսյանի հարցին ի պատասխան, թե ով կուզեր նախագահ դառնալ՝ տասը «ես» հնչեց: Միաձայն քվեարկությամբ Նախագահի աթոռին նստեց փոքրիկ Տիգրան Մարկոսյանը: Առաջին հրամանն էր՝ «Թող մեր երկրի բոլոր երեխաները պաղպաղակ ուտեն»:

Արմեն Սարգսյանը երեխաներին ցույց տվեց Նախագահի շքանշանը, հարցրեց զինանշանի պատկերների խորհուրդը: «Իմ Երևան, կանգնել ես դու քո վարդագույն շենքերով, որպես գոհար շողում ես դու… »,-նախագահի աշխատասենյակում հատուկ նրա համար երգեցին փոքրիկները:

Բակում արդեն երեխաներին էին «սպասում» խոստացված պաղպաղակները: Նախագահի կողքին նստած ու նրա հետ ջերմ զրույցներով էլ վայելեցին դրանք:

«Մենք վազքի մրցույթի էինք մասնակցում, հաղթել, հետ էինք վերադառնում, երբ տեսանք Արմեն Սարգսյանին: Նկարվեցինք նրա հետ: Հետո նա ասաց, որ մի օր մեզ կհրավիրի այստեղ պաղպաղակ ուտելու»,-հիշեց 6-ամյա Արինկա Դալլաքյանն ու հավելեց, որ ինքն ամենից շատ շոկոլադե պաղպաղակ է սիրում:

Ամեն օր Նախագահ Սարգսյանին հյուր գնալու ցանկություն հայտնած 5-ամյա Ադրիանա Պողոսյանը, «Արմենպրես»-հետ զրույցում իր այդ անկեղծ ցանկությունն այսպես հիմնավորեց. «Որովհետև ես Նախագահին սիրում եմ: Պաղպաղակ էլ եմ շատ սիրում: Շոկոլադե պաղպաղակ պիտի ուտեմ այստեղ»,-ասաց նա ու հավելեց, որ անպայման հետո էլի պիտի գա:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ թոռնիկների հետ հաճախ է պաղպաղակ ուտում: «Կարծում եմ՝ պապիկը միակն է, որ կարողանում է ծնողների կողմից դրված՝ պաղպաղակ հաճախ չուտելու «արգելքը» հաղթահարել: Պապիկին չեն մերժում»,-ասաց Նախագահն ու նկատեց՝ ինքը ևս աշխատանքից մեկ ժամով կտրվել է, սրանից լավ հանգիստ չէր էլ պատկերացնում:

Նա հիշեց՝ այս երեխաների հետ հանդիպումը շատ պատահական է եղել. մայիսի 7-ին «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատողների հետ հանդիպման էր դուրս եկել, երբ փոքրիկները երգելով անցնելիս են եղել փողոցով: Եվ ինքը նրանց հրավիրել է պաղպաղակ ուտելու:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ նման հյուրընկալությունը կարող է ավանդական դառնալ: Կհրավիրեն ոչ միայն Երևանի, այլ նաև մարզերի, հեռավոր գյուղերի, Արցախի երեխաներին: «Շփվենք, երեխաները հասկանան, որ նախագահներին միայն հեռուստացույցով չպետք է տեսնեն:

Նախագահները, վարչապետներն ու նախարարները ևս երեխաներ և թոռնիկներ ունեն,- ասաց նա ու կատակեց,- և բոլորն էլ պաղպաղակ սիրում են»:

Նախագահը ծրագրում է նստավայրի բազմաթիվ սրահներ տրամադրել հանրության տարբեր շրջանակների՝ ՀԿ-ների, անհատների հետ հանդիպմանը: Նախագահական այս շենքում բազմաթիվ հանդիպումներ է ունենալու: Ծրագիր ունեն շենքում նաև ցուցահանդեսներ կազմակերպելու:

«Նախագահի ինստիտուտով պետք է լինի երկրի, ժողովրդի համար: Եվ մարդիկ պետք է սրա մի մասը լինեն: Այս նստավայրը պետք է լինի ոչ թե իշխանության սիմվոլ, այլ ժողովրդի իշխանության սիմվոլ: Մարդիկ ևս պետք է օգտագործեն այս շենքը: Եվ լավ է, որ առաջին օգտագործողներից են փոքրիկ երեխաները»,-ասաց Նախագահ Սարգսյանն ու հույս հայտնեց, որ Նախագահական նստավայրը բոլոր տարիներին կծառայի նրանց:

Դաստիարակ Աննա Գրիգորյանը նշեց՝ նախագահի հետ պատահական հանդիպումից հետո երեխաներն ամեն օր անհամբեր այս օրվան են սպասել: Վերջում մանկապարտեզի կողմից Արմեն Սարգսյանին նվիրեցին այդ օրը միասին արված լուսանկարը: Նախագահը խոստացավ, որ այն կլինի հենց իր աշխատասենյակում: Պայմանավորվեցին՝ մեկ տարի հետո, երբ արդեն բոլորը տարբեր դպրոցներում կլինեն, կրկին կհանդիպեն՝ պաղպաղակ ուտելու:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20