Խոսքը չի եղել վարկերի սառեցման կամ տոկոսադրույքների իջեցման մասին

- in Կեղտոտ լվացք
Artur Javadyan

«Վարկերի սառեցման մասին երբևիցե չի խոսվել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

«Խոսքը վարկային պրոցեսում ստեղծված տույժերի ու տուգանքների հնարավոր վերացման մասին է։ Դրա համար կառավարության հետ համատեղ գործընթացներ են գնում: Որոշակի օրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն, որի հանձնարարականները արդեն իսկ վարչապետը տվել է համապատասխան պատկան մարմիններին: Շատ արագ դրա անդրադարձը կտեսնեք», – ասաց նա։

Նա բացառեց, որ այդ որոշման արդյունքում մասնավորը կամ բանկերը կարող են տուժել:

Ջավադյանը նկատեց, որ տոկոսադրույքների իջեցման մասին վարչապետը չի խոսել. «Նա խոսել է նաև բյուջետային տարբեր մեխանիզմներով գյուղատնտեսական վարկավորման աջակցելու մասին: խոսքը սուբսիդավորման մասին է: Վարչապետը նաև ասաց, որ ստեղծենք նոր իրավիճակ, ավելի շատ հարկեր հավաքենք, և դրա հաշվին նաև գյուղացիների բեռը թեթևացնենք»:

Հայաստանի Կենտրոնական բանկն արդեն տեղեկացվել է, որ ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվելու: Այդ մասին հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելիս:

Նրա խոսքով` Իրանի նկատմամբ պատժամիջոցներն ԱՄՆ կողմից «բավական լուրջ» են լինելու, հայտնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով հայ գործարարների ու Հայաստանի տնտեսության վրա դրա ազդեցությանը` ԿԲ նախագահը նշել է, որ, անշուշտ, այդ պատժամիջոցները Հայաստանի վրա որոշակի ազդեցություն կունենան ու հավելել. «Սակայն ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր գործարարները, արտահանողները, ինչպես նաև ներմուծողներն արդեն դիվերսիֆիկացրել են իրենց շուկաները և քիչ թե շատ գնում են նաև ուրիշ շուկաներ ու դա մենք տեսնում ենք։ Մեր գործընկեր երկրների ցանկը օրեցօր ավելանում է»։

Բացի այդ, ԿԲ նախագահի խոսքով, ԵՏՄ-ի անդամակցության շրջանակներում «օրեցօր հնարավորությունները մեծանում են, և գործարարները հակսանում են՝ ինչպես վարել բիզնեսը»։

«Իհարկե, դրա համար որոշակի ժամանակ պետք է», – հավելել է Ջավադյանը:

Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը դուրս է գալիս Իրանի հետ 2015-ին ստորագրած միջուկային ծրագրից՝ մի գործարք, որը սահմանափակում է Թեհրանի ակտիվությունը միջուկային ոլորտում ՄԱԿ, ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների չեղարկման դիմաց: Թեհրանը հայտարարեց, որ դուրս չի գա համաձայնագրից, համաձայնագրին հավատարիմ են նաև ԵՄ երկրները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20