Խորհրդանշական է, որ Փաշինյանը Սոչիում մասնակցելու է ԵՏՄ գագաթաժողովին

Putin

Վաղը տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին օտարերկրյա այցը: Խորհրդանշական է, որ Փաշինյանը Սոչիում մասնակցելու է ԵՏՄ գագաթաժողովին: Ինքնին հասկանալի է, որ խնդիրն այստեղ վերաբերում է ոչ այնքան ԵՏՄ-ին, որքան` հայ-ռուսական հարաբերությունների բազմաշերտ համակարգին:

Ամբողջ խնդիրն այն է, որ հիմա Նիկոլ Փաշինյանը պետք է ցույց տա, թե ինչպես է ԵՏՄ-ն ծառայեցնելու Հայաստանի շահերին: Իսկ դաիր հերթին, ենթադրում է, առաջին հերթին, հայ-ռուսական հարաբերությունների արմատական վերանայում դրանցում Հայաստանի սուբյեկտության մեծացման, արժանապատվության դիրքերից երկկողմ հարաբերություններ հաստատման ճանապարհով: Աշխարհը հենց այս ուղղությամբ է զարգանում՝ աշխարհաքաղաքական նախագծերին փոխարինում կամ զուգորդում են երկկողմ հարաբերությունները, որոնք կառուցված են ընդհանուր շահերի, օրակարգերի վրա:

«Եթե խոսենք հայ-ռուսական հարաբերությունների մասին, ապա դրանք հավանաբար կզարգանան ոչ թե վրացական սցենարով, ինչպես կանխատեսում են որոշ ռուս վերլուծաբաններ, այլ բելառուսական կամ ղազախստանյան: Այլ կերպ ասած, ամեն կերպ շեշտելով Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների կարևորությունըՓաշինյանը, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, հավանաբար չի վախենա հրապարակայնորեն սուր հարցեր տալ, ասենք, ՀԱՊԿ երկրների կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումների մասին»,-հայ-ռուսական հարաբերությունների զարգացման այսպիսի հեռանկար է կանխատեսվում մոսկովյան Կարնեգիի կայքէջում զետեղված հոդվածում: Նույնիսկ, այսպես կոչված, բելառուսական կամ ղազախական կեցվածքն իրենց մեջ պարունակում են արժանապատվության և ինքնիշխանության տարրեր ի տարբերություն Հայաստանի իշխանության վերջին քսան տարում վարած քաղաքականության, որն, ըստ էության ռուսական վասալության դրսևորում էր:

Նիկոլ Փաշինյանի ռուսական քաղաքականության առաջին շեշտադրումների մասին, անշուշտ, հնարավորություն կունենանք խոսել վաղը, երբ Սոչիում կայանա Պուտին-Սարգսյան երկկողմ հանդիպումը:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը չի կարծում, թե առաջինճանաչողական հանդիպման ժամանակ պետք է ակնկալել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի խորը քննարկում: Ռուսաստանցի պաշտոնյան թերևս ճիշտ է, մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի հենց առաջին հանդիպմանը ներկայացնել Հայաստանի նոր, ավելի արժանապատիվ կեցվածքը:

Այս համատեքստում բնավ չենք բացառում, որ Փաշինյանը Պուտինի հետ վաղվա հանդիպմանը բարձրացնի, օրինակ, Ադրբեջանին մատակարարվող ռուսական սպառազինությունների հարցը, որն ինդիկատորային է հայ-ռուսական հարաբերություններում: Իհարկե, հատկապես 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո այդ հարցը քանիցս բարձրացրել է նաև Սերժ Սարգսյանը, բայց` ըստ էության, անօգուտ: Հայաստանի նախկին իշխանության հեղինակությունը չափազանց ցածր էր հատկապես հայ-ռուսական հարաբերություններում և դժվար էր պատկերացնել, որ Մոսկվան Սերժ Սարգսյանի հորդորով կվերանայի իր տարածաշրջանային քաղաքականությունը:

Հիմա իրավիճակ է փոխվել. կտրուկ բարձրացել է Հայաստանի միջազգային հեղինակությունը, ինչը Մոսկվայի մոտ լուրջ վախեր է ծնում, թե կարող է կորցնել մեր երկրում իր ազդեցությունը` չնայած Փաշինյանի բազմաթիվ հավաստիացումներին:

Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է ՀՀ նոր կառավարությունը լուծում այն հարցը, որը նախորդ կառավարությունը չկարողացավ լուծել: Զենքի վաճառքը Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքականության կարևոր բաղադրիչն է, եթե դա Հայաստանի իշխանությունների ճնշման արդյունքում փոփոխվի, կարելի կլինի խոսել մեծ հաջողության մասին:

Կկարողանա՞ Փաշինյանը լուծել կարևոր այս հարցնօգտագործելով թավշյա հեղափոխության պատմական հետևանքը, թե՞ Ռուսաստանը դարձյալ կմնա անդրդվելի: Այսօր դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցին: Մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը թերևս ձգտելու է իր հեղափոխության վեկտորալ «պահպանողականության» դիմաց էական զիջում կորզել Պուտինից:

Նիկոլ Փաշինյանի կառավարության գլոբալ խնդիրն էհայ-ռուսական հարաբերություններից չեզոքացնել կրիմինալին, օլիգարխիային, նրանցից սնվող էմիսարներին: Այս սեգմենտներն ոչ միայն ձևախեղել են հայ-ռուսական հարաբերությունները, այլ թույլ չեն տվել, որ դրանցում ռեալիզացվի Ռուսաստանի հայության մեծ ներուժը: Հասարակ, զուսպ, միջին խավ համարվող հայության ներգրավումը հայ-ռուսական բազմաշերտ հարաբերություններում միայն կուժեղացնի դրանց բովանդակային բաղադրիչը, հագեցած կդարձնի օրակարգը: Հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական

կարող են լինել` միայն գործընկերային հենքով, երբ կողմերը փոխադարձաբար կհարգեն միմյանց շահերը և ռացիոնալ հենքով կփորձեն համադրելի դարձնել դրանք:

Spread the love