Խորհրդարանական Հայաստանի մեկ ամսվա պատմության մեջ ընտրվեց երկրորդ ղեկավարը

Հայաստանում իրադարձություններն այնպիսի խելակորույս արագությամբ են զարգանում, որ մենք չենք հասցրել ըստ արժանվույն արձանագրել անգամ, որ խորհրդարանական Հայաստանի ընդամենը մեկ ամսվա պատմության մեջ այսօր ընտրվեց պետության երկրորդ ղեկավարը: 

Սերժ Սարգսյանի վարչապետությունըորպես երկրի ղեկավար, աննախադեպ կարճ է եղել Երրորդ հանրապետության մեջ ամենակարճը, և տևել է ընդամենը վեց օր: Այսօր Հայաստանի խորհրդարանն ընտրելու է պետության Առաջին դեմք երկրորդ վարչապետին և դեռ անհայտ է, թե ինչքան ժամանակ է պաշտոնավարելու Նիկոլ Փաշինյանը, որովհետև հենց նա իր ժամանակավոր կառավարության առաջնահերթ խնդիրը համարում է արտահերթ ընտրությունների անցկացումը:

Կիսանախագահական Հայաստանի 27 տարիների ընթացքում մենք ունեցել ենք պետության երեք ղեկավար, խորհրդարանական Հայաստանի մեկ ամսում` արդեն երկրորդը:

Սա խորհրդարանական համակարգի ավելի ժողովրդավարական լինելո՞ւ, առանձնահատկությա՞ն, թե՞ անկայունության հետևանք է: Այս թեմայով տակավին վաղաժամ է հետևություններ անելը, որովհետև դեռ մինչև վերջ պարզված չէ` թավշյա հեղափոխությունը նախկին համակարգի ճգնաժամի՞, թե՞ նորի ընձեռած հնարավորությունների հետևանք է:

Մյուս կողմիցշատ հնարավոր է, որ տեղի ունեցածում կառավարման համակարգերն ու նրանց առանձնահատկությունները դեր չունեն և գործել է քաղաքականության մեկ այլ օրինաչափություն. մեր հասարակությունը, արժեքային կողմնորոշմամբ, եվրոպական է և չի հանդուրժել իշխանությունների անփոխարինելիության եվրասիական մոդելը: Այս պարագայում խորհրդարանական կառավարմանն անցումն ընդամենն առիթ էր: Համակարգափոխության տրանսֆորմացիան ընդամենը բացահայտեց համակարգային ճգնաժամը, որը խթանեց թավշյա հեղափոխության զարգացումը:

Իհարկե, նախնական մի եզրահանգում, այնուամենայնիվ, կարող ենք անել: Նախագահական կառավարումը ենթադրում էր մոնոլիտ բուրգ, որը կարողանում էր ֆորս-մաժորային իրավիճակներում կոնսոլիդացնել բոլոր ռեսուրսները և ճնշել հանրային զանգվածային հուզումները` ինչպես դա եղավ 2003 և 2008թթ-ի նախագահական ընտրություններից հետո:

Ինստիտուցիոնալ նոր միջավայրում Սերժ Սարգսյանի մոնոլիտ բուրգը փլուզվեց ընդամենը վեց օրվա ընթացքում` քաղաքական ճգնաժամի հաղթահարման միակ ելք թողնելով Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխության հաղթանակը:

Հայաստանում առաջին անգամ ստեղծվում է բազմաշերտ և բազմակենտրոն իշխանություն, որտեղ գործադիր իշխանությունն ու խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնում են տարբեր քաղաքական ուժեր, իսկ դատական իշխանության բուրգի ձևավորվել է հին իներցիայով, սակայն նոր ինստիտուցիոնալ միջավայրում: Սա յուրօրինակ փորձություն է հայկական ժողովրդավարության համար:

Spread the love