Խորհրդարանում մեծամասնության բացակայության պայմաններում իրավիճակը կառավարելիության դաշտում պահելու համար

- in Կարծիք

ԱԱԾ նոր տնօրեն Վանեցյանի հայտարարությունը բավական պատասխանատու հայտարարություն է՝ մի շարք առումներով: Ըստ այդմ պետք է ենթադրել, որ այդ հայտարարությունն արվել է՝ հաշվի առնելով դրա իրավաքաղաքական ազդեցությունը հանրային ընկալման վրա, հետևաբար կոռուպցիայի դեմ պայքարի իրապես «արժանի» օրինակներ չներկայացնելու դեպքում դրա բացասական ազդեցությունը նաև իշխանության քաղաքական վարկանիշի վրա:

Մյուս կողմից՝ այստեղ, իհարկե, ազդեցության հանգամանքը ունի նաև ոչ անմիջական, ոչ առերևույթ չափում՝ բացահայտումների ու նաև դրա շնորհիվ պետությունից գողացված փողերի՝ պետությանը ու հանրությանը վերադարձի մասով: Հայտարարության չափելիությունն ունի նաև տողատակ, և դա կլինի քաղաքական գործընթացներում, մասնավորապես ներկայումս այդքան շատ խոսվող խորհրդարան-կառավարություն իրավաքաղաքական կազուսի հարցում:

Այս օրերին դա ամենից հաճախ քննարկվող հարցերից մեկն է, որը հիմք է տվել շատերին խոսել այն մասին, որ կա անկառավարելիության, սաբոտաժի և հակահեղափոխության մեծ վտանգ: Գործնականում ԱԱԾ պետի հայտարարությունը անուղղակի իմաստով նաև արձագանք է այդ խոսակցություններին, պարզապես բավական հստակ, «նեղ մասնագիտական» կամ «նեղ համակարգային» ազդակ այն սուբյեկտներին, որոնք կարող են լինել սաբոտաժի, անկառավարելիության, քաոսի շահառուներ:

Բանն այն է, որ այդ սուբյեկտները ստանում են շատ հստակ ազդակ, որ վարչապետի ենթակայության տակ գտնվող ԱԱԾ-ն բավականին հստակ և կոնկրետ տիրապետում է նյութերի, որոնք կարող են քրեական պատասխանատվության հետ կապված լուրջ խնդիրներ առաջացնել տարբեր խմբերի և անձանց համար, եթե նրանք չգնան նոր կառավարության և փաստորեն հասարակության հետ գործակցելու, պայմանավորվելու ճանապարհով:

Այլ կերպ ասած՝ ԱԱԾ պետի հայտարարությունը ներկայիս իրավիճակում գերվարչապետական ինստիտուտի հանրային շահերին ծառայելու մի օրինակ է, որի մասին մենք առիթ ենք ունեցել խոսելու բազմիցս՝ ասելով, որ իրականում դե յուրե մեծամասնության բացակայությունը միայն առերևույթ է լրջագույն խնդիր Նիկոլ Փաշինյանի կառավարության համար: Գործնականում նա ունի հանրային մեծամասնության աջակցությունը՝ քաղաքական իմաստով, և առարկայական իրավաքաղաքական իմաստով նա ունի Սերժ Սարգսյանի համար գծված սուպերվարչապետության գործիքակազմը, որը ներկայումս կատարում է բալանսավորող կաևոր դեր խորհրդարանում մեծամասնության հենարանի բացակայության պայմաններում:

Ընդ որում, ԱԱԾ պետի հայտարարությանը գրեթե զուգահեռ մեկ այլ ուշագրավ հայտարարություն էր տարածել ոստիկանությունը, որ քրեական մի քանի տասնյակ հեղինակություն բերման է ենթարկվել ոստիկանություն, և նրանց հետ տարվել է բացատրական աշխատանք՝ քրեական գործունեությունից զերծ մնալու համար:

Քրեական բաղադրիչը տարիներ շարունակ, գրեթե տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանում իշխող համակարգի կարևոր հենասյուներից մեկը՝ կոռուպցիոն սխեմաներին զուգահեռ: Գործնականում հենց այդ երկու սյուների վրա է հենվել համակարգը, որոնց էլ իրականում ծառայել է պետական կառավարման մեքենան:

Այդ տեսանկյունից անցնող օրերին ոստիկանությունն ու ԱԱԾ-ն փաստորեն հղում են երկու կարևոր ազդակ: Իսկ դրանք երկու ոլորտներն են, որոնք դրվել էին Սերժ Սարգսյանի անմիջական վերահսկողության տակ, ու ավելորդ է ասել՝ ամենևին ոչ պատահաբար: Եվ ըստ այդմ՝ այդ գործիքները ներկայումս թավշյա հեղափոխության այս փուլի առանցքային գործիքակազմն են՝ խորհրդարանում մեծամասնության բացակայության պայմաններում իրավիճակը կառավարելիության ու քաղաքական ռացիոնալության, քաղաքական կառուցողականության դաշտում պահելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20