Ծանր վիճակում է իշխանությունը՝ չունի խորհրդարանի և երկրում վճռորոշ ազդեցություն և լծակներ ունեցող պաշտոնյաների աջակցությունը

- in Կարծիք
karavarutyan

Արդյոք կարելի է համարել, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականով և մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությամբ համաժողովրդական շարժման կամ թավշյա հեղափոխության հաղթանակը դարձավ անշրջելի:

Թեև Փաշինյանը երկրի վարչապետն է, որին Սահմանադրությունը օժտել է սուպեր լիազորություններով, սակայն կառավարությունը վերահսկում է իշխանության միայն մի հատվածը, և այն էլ ոչ ամենավճռորոշը:

Հայաստանի սահմանադրությամբ կա պաշտոնյաների մի ամբողջ խումբ, որոնք չեն նշանակվում գործադիր իշխանության ղեկավարի կամ նրա միջնորդությամբ նախագահի կողմից, նրանց ընտրում է խորհրդարանը ձայների 3/5-ով: Կենտրոնական բանկի նախագահը, Գլխավոր դատախազը, Հաշվեքննիչ պալատի նախագահը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները,  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին և անդամներին, Մարդու իրավունքների պաշտպանին, Բարձրագույն դատական  խորհրդի նախագահին, Սահմանադրական դատարանի անդամներին ընտրում է խորհրդարանը:

Սա խորհրդարանի կողմից ընտրվող պաշտոնյաների ամբողջական ցանկը չէ, բայց սա անգամ բավարար է պատկերացնելու համար, թե ինչպիսի ծանր վիճակում է հայտնվում մի իշխանություն, որը չունի խորհրդարանի և երկրում վճռորոշ ազդեցություն և լծակներ ունեցող պաշտոնյաների աջակցությունը:

Թվարկված պաշտոնյաները ներկայացնում են նախորդ իշխանությունը և բնական է, որ նրանք նոր իշխանությունը դիտարկում են որպես թշնամի: Թավշյա կոչվող հեղափոխությունը կիսատ մնաց, որովհետև այդ հեղափոխությունը ենթադրում էր, որ նախորդ իշխանության բուրգը պետք է փլուզվի, և պաշտոնյաները պետք է շտապեն իրենց հավատարմությունը հայտնեն նոր իշխանությանը: Բայց դա ոչ միայն տեղի չունեցավ, այլ նախորդ իշխանությունը ցույց է տալիս, որ ինքը նահանջելու կամ նորի հետ գործակցելու ոչ մի ցանկություն չունի: Գլխավոր դատախազի հայտարարությունը՝ Հայաստանում քաղբանտարկյալների բացակայության մասին ամեն ինչ արժի:

Խորհրդարանի կողմից նշանակված պաշտոնյաներից նոր իշխանությունը կարող է ազատվել միայն նրանց հրաժարականի դեպքում: Բայց այդ մարդիկ կամավոր հրաժարական չեն տա, մնում է միայն նրանց ստիպել: Դատախազության, Կենտրոնական բանկի, Հաշվեքննիչ պալատի կամ Սահմանադրական դատարանի դիմաց առանձին-առանձին հանրահավաքներ կազմակերպելը և դրանց ղեկավարներին հրաժարական պարտադրելը այնքան էլ իրատեսական չէ: Նոր իշխանության միակ հույսը թերևս կոմպրոմատներն են, ինչի մասին ակնարկեց ԱԱԾ տնօրենը՝ հայտարարելով, որ մայիսի 23-ից պայքար է սկսվելու ապօրինի հարստացածների դեմ: Բնականաբար ենթադրվում է, որ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների վրա ԱԱԾ-ն տարիների ընթացքում բավական հարուստ նյութ է հավաքել, և նոր իշխանությունը որոշել է օգտվել հների թողած ժառանգությունից, հենց նրանց դեմ պայքարելու համար: Բայց նույնիսկ ամենացնցող բացահայտումներով հնարավոր չի լինելու զինաթափել հին իշխանությանը, որովհետև բոլորին չես կալանավորի, և չես ստեղծի վախի մի այնպիսի մթնոլորտ, որ վերոնշյալ պաշտոնյաները վախի ազդեցության տակ հրաժարվեն իրենց պաշտոններից: Եթե անգամ այդ տեղեկությունները իրական են, միևնույն է նախորդ իշխանության են պատկանում դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը և այդ գործերը կարող են տարիներով քնել այնտեղ: Մյուս կողմից որքան էլ նոր լինի իշխանությունը, նրա առանձին ներկայացուցիչներ ևս անցյալ ունեն, և հասարակությունից թաքցրած կենսագրության էջեր: Այնպես որ, բացահայտումները լինելու են երկուստեք:

Նոր իշխանությանը պետք են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ միայն խորհրդարանի վրա լիակատար վերահսկողություն հաստատելու դեպքում հնարավոր կլինի չեզոքացնել ՀՀԿ ռեստավրացիայի վտանգը: Մանավանդ որ ՀՀԿ-ականները այս պահին ապրում են և գործում այդ հեռանկարով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20