Ծառուկյանը ստանալու է երեք մարզպետ նշանակելու հնարավորություն

Gagik Tsarukyan

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր կուսակիցների առաջ խնդիր է դրել արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստանալ 50+1 քվե, ինչը հնարավորություն կտա իրենց միայնակ ձևավորել կառավարություն:

Միշտ երկրորդը լինելու իրողությունը Ծառուկյանին հետապնդել է 2007թ. խորհրդարանական ընտրություններից սկսած: Ծառուկյանը հասկանում էր, որ քանի կա ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը, ինքը հնարավորություն չունի լինել առաջինը: Անկախ ունեցած վարկանիշից և հանրային վստահության աստիճանից, ԲՀԿ-ին վերապահված էր երկրորդը լինելու դերը, և ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը երեք ընտրություն անընդմեջ տեղավորվում էին այդ դերի մեջ: Գագիկ Ծառուկյանը համոզված է, որ հիմա բացառիկ հնարավորություն կա փոխելու իրավիճակը, և լինել առաջինը:

Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ հիմա ԲՀԿ-ն չի կարող հավակնել նման արդյունքի, և նույնիսկ 2017թ. խորհրդարանական ընտրություններում ստացած 31 մանդատը այս պահին կարող է երազանք թվալ: Ծառուկյան խմբակցության պատգամավորները հասկանում են, որ հիմա իրենց վիճակը ավելի վատ է, քան 2017 թվականին, քանի որ այն ժամանակ կար ժողովրդի կողմից ատելի ՀՀԿ-ն, իրենք, թեկուզ չափավոր, բայց քննադատում էին ՀՀԿ-ին, և հասարակությունը իրենց ձայն էր տալիս, չցանկանալով քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Հիմա կա համաժողովրդական շարժման թեկնածու Նիկոլ Փաշինյանը, և հասարակությունը պատրաստ է քվեարկել նրա կուսակցության օգտին; Այս ամենը ճիշտ է, եթե ընտրությունները տեղի ունենան այսօր, բայց Ծառուկյանի շրջապատում համոզված են, որ աշնանը, երբ ամենայն հավանականությամբ տեղի կունենան ընտրությունները, հեղափոխական ոգևորությունը իր տեղը զիջած կլինի հիասթափությանը:

Բայց միայն հասարակության հիասթափության վրա չի կառուցված ԲՀԿ-ի հաջողության ռազմավարությունը: Այս կուսակցությունում համոզված են, որ ի տարբերություն Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, իրենք ունեն մրցակցային առավելություններ, որոնք կօգնեն ընտրությունների ժամանակ հաղթանակի համար: Առաջինը կուսակցական կառույցների լայն ցանցն է: Ծառուկյանը արդեն հանձնարարել է ակտիվացնել տարածքային կառույցների աշխատանքը և դրանցում ներգրավել նոր մարդկանց:

Ծառուկյանը հանձնարարել է ամենաակտիվ մասնակցություն ունենալ ՏԻՄ ընտրություններին, և բոլոր այն համայնքներում, որտեղ մինչև աշուն տեղի են ունենալու ընտրություններ, «Ծառուկյան» դաշինքը ունենալու է իր թեկնածուները: Շատ դեպքերում ՀՀԿ-ական գյուղապետները նախընտրում են փոխել կուսակցական պատկանելությունը և առաջադրվել որպես ԲՀԿ թեկնածու, և սա ողջունվում է: Քանի որ համայնքային ընտրությունները հիմնականում չեն կեղծվել, (կեղծիքներ եղել են միայն մեծ համայնքների ղեկավարների ընտրությունների ժամանակ). համայնքապետներ վայելում են համայնքի բնակչության վստահությունը, և նախորդ ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ նրանք կարողանում են որոշակի ազդեցություն ունենալ ընտրողներին այս կամ այն ուժի օգտին կողմնորոշելու հարցում:

Տեղեկություններ կան, որ Ծառուկյանը ստանալու է երեք մարզպետ նշանակելու հնարավորություն: Ըստ նույն աղբյուրի՝ խոսքը Արմավիրի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզպետների մասին է: Մարզպետները ևս այն ավանդական ընտրական ռեսուրսն են, որը կուսակցությունները օգտագործել են ընտրություններում հաջողության հասնելու համար: Կարող են ասել, որ նոր իրավիճակում վարչական ռեսուրսը կորցնում է իր արդյունավետությունը, և ԲՀԿ-ական մարզպետը այլևս չի կարողանալու կանչել դպրոցի կամ հիվանդանոցի տնօրենին և կարգադրել աշխատել ԲՀԿ-ի օգտին:

Հնարավոր է, որ մենք վարչական ռեսուրսի նման կոպիտ և բացահայտ կիրառման ականատեսը այլևս չլինենք, բայց ԲՀԿ-ական մարզպետի նշանակած տնօրենը ցանկանալու է, որ նա շարունակի մնալ, և անկախ հրահանգից, նա անելու է ամեն ինչ, որ իրեն նշանակած մարդը հաջողության հասնի:

Ծառուկյանը գործի կդնի նաև իր ամենազորեղ զենքը՝ բարեգործությունը: Ծառուկյանը իր թիմակիցներին ասել է, որ հաջորդ ընտրություններում այլևս փող բաժանել չի լինելու, և չի լինելու ձայների առք ու վաճառք: Բայց ընտրակաշառքի չեղարկումը չի նշանակում, որ չեղարկվում է բարեգործությունը: Քանի դեռ ընտրությունների օրը հայտարարված չէ, և նախընտրական քարոզարշավը սկսված չէ, բարեգործությունը կարող է լինել այն միջոցը, որով Ծառուկյանը կարող է էականորեն ընդլայնել իր կողմնակիցների բազան:

Գումարենք սրան այն նախընտրական խոստումները, որոնք ներառված էին «Ծառուկյան» դաշինքի՝ 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրի հիմքում դրված 15 կետերում՝ կենսաթոշակը և նվազագույն աշխատավարձը 25 հազար դրամով բարձրացնել, փոքր և միջին բիզնեսը ազատել հարկերից, հայտարարել հարկային համաներում և էլի բազմաթիվ նման խոստումնե, որոնք նոր իշխանությունը չի կարողանալու անել: Ծառուկյանը համոզված է, որ հաջորդ իշխանությունը լինելու է հենց ինքը, և սա հակահեղափոխության հաղթանակի ևս մի հավանական սցենար է:

Spread the love