«Կառավարության հովանու ներքո» համատեղ ուժերով տնտեսության հակաճգնաժամային ծրագիր կմշակվի՞

dzerq

Ընդամենը մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանը հայտարարում էր ազգային համաձայնության կառավարության ստեղծման մասին: Ակտիվորեն շրջանառվում էր, որ հանրապետականից ու դաշնակցությունից զատ, կառավարությունում պորտֆելներ կստանան նաև բարգավաճականները, և «ազգային համաձայնությունը» կկայանա:

Սերժ Սարգսյանը չհասցրեց կառավարություն կազմել, ու ազգային համաձայնության սարգսյանական տարբերակն այդպես էլ չկայացավ, չնայած, որ կար ժամանակ, որ նույն բարգավաճը գրեթե նույն կառավարության կազմում էր, և թե ինչքանով էր այդ կառավարությունը «ազգային» կամ որքանով էր ավելի համաձայնեցված ներկայացնում ազգի շահերը, դժվար է ասել:

Այսօր ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող վարչապետ Նիկոլ Փաշինյանն է փորձում ազգային համաձայնության կառավարություն ձևավորել: Այս անգամ էլ «ազգային համաձայնությունը» կայանալու է Դաշնակցության ու «Բարգավաճ»-ի մասնակցությամբ, միայն ՀՀԿ-ն փոխարինվելու է «Ելք» դաշինքով կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ: Չնայած, որ կառավարության կազմում են նաև ՀՀԿ-ական նախարարներ:

Ազգային համաձայնություն ասվածից հետևում է համաձայնություն գլոբալ-ընդհանուր տեսլականի առումով, այդ թվում և ուժերի համախմբում օրենսդրական նախաձեռնությունների շուրջ, ու որ ամենակարևորն է՝ միասնական ուժերով երկրի զարգացման տնտեսական ծրագիր ներկայացնելու ու իրականացնելու: Այստեղ արդեն «ազգային համաձայնությունն» իրոք կարող է անհող, հրապարակային հայտարարության տեսքով չհնչել, այլ գործնական բովանդակություն ունենալ:

Հարցն այն է, որ որքան էլ պարոն Փաշինյանն ասում է, որ իր կուսակցությունն ունի տնտեսության զարգացման ծրագիր, բարգավաճականներն ամեն առիթով խոսում են տնտեսությունը փրկող իրենց 15 կետերի մասին, Դաշնակցությունը շրջանառում է դեռ 2012թ.-ին մշակած ու 2017թ.-ին «թյունինգ» արված բազմակի օգտագործման ծրագիրը, իրականում Հայաստանի տնտեսությունն այնքան է գահավիժել, որ 15 կետով կամ մի քանի տարվա վաղեմության ծրագրով հարց չի լուծվի: Հետևաբար այստեղ է, որ ոչ թե խոսքով, այլ գործնականում ազգային համաձայնություն պետք է դրսևորվի ու ոչ միայն ԱԺ-ում «ընդգրկվածների մակարդակով», այլ մեծ մասշտաբի, հատկապես դրսի ուժերի մասնակցությամբ:

Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից արդեն պատրաստակամություն հայտնվել է առաջարկությունների, տնտեսական ծրագրերի ընդունման վերաբեյալ: Նույնիսկ որոշակի քայլեր են արվել այդ ուղղությամբ: Բայց այս իրավիճակում, թերևս, ավելի արդյունավետ կլիներ, եթե պարոն Փաշինյանը հրապարակավ առաջարկեր հանրապետության ճանաչված տնտեսագետներին, որ քիչ չեն, «կառավարության հովանու ներքո» համատեղ ուժերով տնտեսության հակաճգնաժամային ծրագիր մշակել, և ինքն էլ կառավարության անունից պատրաստակամություն հայտներ այն իրագործելու:

Ի վերջո, եթե նպատակը երկրի տնտեսության վիճակը փոխելն է, ապա էական չէ, թե ովքեր են այն մշակողները: Հրանտ Բագրատյանն հայտարարել է, որ ունի նման ծրագիր և պատրաստ է այն ներկայացնելու կառավարությանը: Հիշենք, որ Բագրատյանի վարչապետությունից 10 տարի հետո Անդրանիկ Մարգարյանը հայտարարեց, մեր որ տնտեսությունը դեռ շարժվում է Բագրատյանի բարեփոխումների շնորհիվ: Բագրատյանից բացի, հանրապետությունում կա Վահագն Խաչատրյան, Աշոտ Մարկոսյան, Վահրամ Ավանեսյան, Արմեն Եղիազարյան, Էդվարդ Սանդոյան, Միքայել Մելքումյան, Վարդան Բոստանջյան, Բագրատ Ասատրյան և բազում այլոք, ովքեր կարող են նշվածներից ավելի հետաքրքիր լուծումներով հանդես գալ:

Էականն այն է, որ կառավարությունում ընդգրկված վերոնշյալ կուսակցությունների ծրագրերն առանձին վերցրած, կամ նույնիսկ եթե համատեղվեն, իրավիճակ չեն փոխելու: Հետևաբար, Նիկոլ Փաշինյան վարչապետի անունը ոչ միայն չի ստվերվի, այլ ավելի կբարձրանա, եթե նա վեր կկանգնի կուսակցական ու անձնական ամբիցիաներից ու Հայաստանի տնտեսագիտական միտքն ի մի կբերի տնտեսության փրկության ծրագիր մշակելուն: Միևնույն է, դրա կյանքի կոչողը լինելու են պարոն Փաշինյանն ու իր կառավարությունը՝ կլինի այս փուլում, թե ընտրություններից հետո:

Spread the love