Կառավարության շենքի դիմաց բողոքող քաղաքացու հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում

- in Պաշտոնական
Andznagir

ՀՀ կառավարության շենքի դիմաց Մարդու իրավունքների պաշտպանին մոտեցած քաղաքացու հայտարարությունը, որ մինչ այժմ իրեն անձնագիր չեն տրամադրում հաշվառման հասցե չունենալու պատճառով, չի համապատասխանում իրականությանը։

Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: «Իր անձնագիր ստանալու խնդրի կապակցությամբ անձամբ ինձ է դիմել Արմեն Նապոլեոնի Խալոյանը (ծնված՝ 03.02.1963թ.)՝ տեղեկացնելով, որ չունի մշտական բնակության վայր, այդ իսկ պատճառով չի կարող ստանալ անձնագիր։ Քաղաքացուն իրազեկվել է, որ անձնագիր ստանալու և փոխանակելու համար ՀՀ օրենսդրությամբ պարտադիր պայման է սահմանված հաշվառման հասցե ունենալը։ Վերջինս տեղեկացրել է, որ մշտական բնակության վայր չունի և ժամանակ առ ժամանակ բնակվում է տարբեր վայրերում։ Վերջին բնակության վայրը Էրեբունի համայնքն է։ Անձամբ իմ կողմից կապ է հաստատվել անձնագրային ծառայության ղեկավարի հետ և հանձնարարվել խնդրին լուծում տալ։ Դեռևս 11.01.2017թ. Արմեն Նապոլեոնի Խալոյանը ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր՝ հաշվառվելով տվյալ պահին իր բնակության վայրի հասցեով։

Այս պահին անձը բնակչության պետական ռեգիստրի բազայում ունենալով հաշվառում՝ անձնագիրը կորցնելու կամ օգտագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով կարող է անխոչընդոտ իրացնել իր անձնագիր ստանալու իրավունքը։ Մյուս բոլոր հարցերը, որը կապված է բնակարանից զրկվելուն, անձնագրային և վիզաների վարչության իրավասություններից դուրս է»,-նշել է Մնացական Բիչախչյանը։

«Իմ դիմումները կոծկվում են, կաշառքներ են պահանջում, փաստեր եմ ներկայացրել, հանցագործները մինչ օրս չեն պատժվել: Իմ բնակարանն անօրինական խլել են, դիմել եմ բոլոր կառույցներին: Փաստերն ունեմ, ներկայացրել եմ, չեն անում: Ես այսօր զրկված եմ բոլոր իմ սահմանադրական իրավունքներից, անձնագիր չունեմ, չեն էլ տրամադրում, անօթևան եմ»,-կառավարության շենքի դիմաց լրագրողներին ասել էր Արմեն Խալոյանը:

Spread the love