Կարեն Կարապետյանը հրաժարական տվեց և բոլորին մաղթեց լավ տրամադրություն

Karen Karapetyan

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Այսօրվանից ես դադարեցնում եմ Վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների կատարումը։

Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել քննադատության, ոգևորիչ խոսքերի և աջակցության համար։

Շատ հետաքրքիր և պատասխանատու ժամանակաշրջան էր։ Ես իմ կարողությունները մաքսիմալ ներդրել եմ աշխատանքի մեջ։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կառավարության մեր թիմին։ Չափազանց պարկեշտ և հայրենասեր մարդկանց թիմ էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ժամանակահատվածում պետական համակարգ մուտք գործած պրոֆեսիոնալ, անկաշկանդ, համարձակ և էֆֆեկտիվ երիտասարդներին։

Շնորհավորում եմ նոր Վարչապետին։ Վարչապետին և հաջորդող բոլոր վարչապետերին անկեղծ մաղթում եմ բազմաթիվ հաջողություններ, լավ արդյունքներ, անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված և միշտ հասկացված լինել ժողովրդի կողմից։

Պատկերացնելով վարչապետի ծանր և պատասխանատու աշխատանքը, որը պահանջում է անհոգ օրերի ու գիշերների բացակայություն, առաջարկում եմ մեր համաքաղաքացիներին, լրագրողներին, սոցիալական ցանցերից օգտվողներին և քաղաքական ուժերին՝ վարչապետին քննադատելիս անել այն առարկայական, անձնականը և ընտանիքը չխառնելով, հակառակը՝ խորհուրդ տալով և ոգևորելով։

Բոլորիդ ԼԱ՛Վ տրամադրություն, ԼԱՎ ԵՂԵ՛Ք:

Շնորհակալություն:

Spread the love