Կա կառավարության կազմի մի քանի տարբերակ. Նիկոլ Փաշինյանը փակագծեր է բացում

Կա կառավարության կազմի մի քանի տարբերակ, իսկ թե որ տարբերակը կիրագործվի, կախված է կոնկրետ քաղաքական իրավիճակից, որովհետեւ կառավարությունը քաղաքական իրավիճակի արտացոլումը պիտի լինի:

Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում մշակութային գործիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե բացառում եք, որ ՀՀԿ-ից եւս լինեն նոր կառավարության կազմում, նա արձագանքեց. «Ես ասել եմ, որ իմ վարչապետ ընտրվելու պարագայում մենք կարձանագրենք քաղաքական իրավիճակը եւ այդ իրավիճակի վրա կփորձենք ձեւավորել համաձայնության կառավարություն»:
Անդրադառնալով ընտրական օրենսգրքի փոփոխությանը, Փաշինյանն ասաց, որ իրենք ունեն գաղափարներ եւ առաջարկներ, որոնց շուրջ կբանակցեն քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ. «Արտահերթ ընտրությունների հասնելու մի քանի սցենարներ կան, ինչը եւս կախված է քաղաքական իրավիճակից»:

Հարցին, թե այսինքն հնարավո՞ր է, որ կառավարության ձեւավորումից հետո 20 օրում հասցնեք իրականացնել նախատեսված փոփոխությունները եւ գնաք արտահերթ ընտրությունների, վարչապետի թեկնածուն արձագանքեց. «Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ գործողությունների զարգացման տարբեր սցենարներ կան եւ արտահերթ ընտրությունների ժամկետները կախված են այդ սցենարներից յուրաքանչյուրից: Իմ վարչապետ ընտրվելու պարագայում, այն պահին, երբ տեսնեմ, որ կան լիարժեք պայմաններ իսկապես ժողովրդավարական, օրինական, թափանցիկ եւ լեգիտիմ ընտրություններ անցկացնելու, այո, ես հրաժարական կտամ»,-ընդգծեց Փաշինյանը:

Spread the love