Հակամարտությունը դարձել է ավելի հավանական. ICG-ն սրացում է կանխատեսում ԼՂ գոտում

hretani zenq

Միջազգային ճգնաժամային խումբ (ICG) հետազոտական կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի տնօրեն Մագդալենա Գրոնոն մայիսի 3-ին հրապարակված իր հոդվածում անդրադարձել է Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններին՝ նշելով, թե Հայաստանի ներքին անկայունությունը կարող է նպաստել ռազմական լարվածության աճին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Փորձագետը առանձնացրել է երեք վտանգավոր սցենար: 

Երեք սցենար

Ըստ առաջին սցենարի՝ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հրամանատարները, վախենալով, որ Ադրբեջանը կարող է հարձակվել, ստիպված կլինեն առաջինը կանխարգելիչ հարված հասցնել և հետ վերադարձնել 2016 թ. ապրիլին կորցրած երկու փոքր շերտով տարածքները:

Ըստ երկրորդ սցենարի՝ Ադրբեջանը ինքը կարող է փորձել օգտվել Հայաստանի անհանգիստ իրավիճակից ու հարձակման անցնել հակամարտության գոտում: Մայիսի 1-ին պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն ասել է, թե «պետք է օգտվել հնարավորությունից մեր տարածքները ազատագրելու համար»: Հիշեցնելով ադրբեջանցի պատգամավորի խոսքերը, Միջազգային ճգնաժամային խումբը միաժամանակ նշում է, որ Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները, այնուամենայնիվ, ձեռնպահ են մնացել ռազմատենչ սովորական հռետորաբանությունից, ինչը դրական նշան է համարվում:

Ըստ երրորդ հավանական սցենարի՝ պահպանվում են այն ռիսկերը, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Դա կարող է տեղի ունենալ նաև կողմերի մտադրությունները սխալ պատկերացնելու պատճառով: Այս վտանգը հատկապես սրվում է լարվածության ժամանակ:

Պետք է զրուցեն Փաշինյանի հետ

Միջազգային ճգնաժամային խումբը կարծում է, որ բոլոր կողմերը պետք է խուսափեն որևէ քայլից, որը կարող է լարվածության հանգեցնել, և բաց պահեն քաղաքական ու դիվանագիտական ուղիները: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Եվրամիությունը բոլոր կողմերին պետք է զգուշացնեն, թե որքան մահաբեր կարող է լինել մարտական գործողությունների վերսկսումը, և հաշվի առնելով Հայաստանի քաղաքական ճգնաժամը՝ Մինսկի խմբի համանախագահները գոյություն ունեցող շփումներից զատ պետք է զրույց ունենան Նիկոլ Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության ռիսկերի վերաբերյալ:

Ադրբեջանը սպասում է հարմար պահի

Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կետրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը անհավանական չի համարում Միջազգային ճգնաժամային խմբի նշած սցենարները՝ չբացառելով ռազմական նոր սրացումը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում:

«Ես դեռ մինչև Երևանում տեղի ունեցած այդ իրադարձությունները գրել եմ, որ հակամարտության սրացումը Ղարաբաղում հավանական է հենց այս տարի, որովհետև ամերիկացիներն են շահագրգռված լարվածություն ստեղծելու Ռուսաստանին հարակից տարածաշրջաններում: Իսկ հիմա, այո, կարելի է միայն հաստատել այդ տեսակետը, որ հակամարտությունը դարձել է ավելի հավանական»,- նշեց Խրամչիխինը:

Հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում Ադրբեջանը մինչ օրս չի փորձել օգտվել Հայաստանի ներքին անկայունությունից, ռազմական փորձագետը պատասխանեց՝ ըստ ամենայնի, ադրբեջանցիները կարծում են, որ Հայաստանի ներքին իրադրությունն առայժմ բավարար չափով չի ապակայունացել, որպեսզի հնարավոր լինի դրանից օգտվել:

«Ես ենթադրում էի, որ Ադրբեջանը կանի դա նույնիսկ առանց որևէ անկայունության Հայաստանում: Հիմա նա կարող է սպասել, մինչև որ իրավիճակը առավելագույն չափով բարենպաստ կլինի իր համար, որպեսզի հարձակվի: Իսկ ընդհանրապես Ադրբեջանին դա պետք էլ չէ: Նա կարծում է, որ իրավունք ունի ազատագրել իր տարածքները»:

Հնարավոր է, բայց չի լինի

Ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը համաձայն է Մագդալենա Գրոնոյի գնահատականի հետ, որ քաղաքական անկայունությունը Հայաստանում կարող է նպաստել Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճին:

Ֆելգենհաուերը նշեց. «Իհարկե, կարող է նպաստել, բայց դա հաստատ չէ. կարող է նպաստել և կարող է չնպաստել: Իհարկե, անկայունության մեջ ոչ մի լավ բան չկա: Բաքվում մեծ լարվածությամբ են հետևում Երևանում տեղի ունեցող իրադարձություններին: Ինձ այնտեղից էլ են զանգել, հարցրել, ասել, որ ղարաբաղյան խմբավորմանը կամ «բանդային» Հայաստանում կփոխարինի երևանյան խմբավորումը, իսկ թե ինչ կլինի առաջին գծում, պարզ չէ: Նաև ասացին, որ ղարաբաղյան ստորաբաժանումներ են շարժվում դեպի Հայաստան: Ես նրանց ասացի, որ դա կատարյալ հիմարություն է, նման բան չկա: Բայց ընդհանրապես անկայունությունը տարածաշրջանում լավ բան չէ»:

Այնուամենայնիվ, ռազմական փորձագետը չի կարծում, որ ներհայաստանյան իրադարձությունների խորապատկերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կլինեն ռազմական բախումներ. «Կարծում եմ՝ առայժմ որևէ մեկը որևէ բան չի նախաձեռնի, և հաղորդագրությունները շփման գծում զինտեխնիկայի և մարդկային ուժի կուտակումների մասին կարող են կեղծ լինել»:

Ադրբեջանին հաղթանակ պետք չէ

Իսկ ներքին փոփոխությունները Հայաստանում և տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ինչպե՞ս կազդի Ղարաբաղյան հակամարտության և այս հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա:

Պատասխանելով հարցին՝ Պավել Ֆելգենհաուերն ասաց. «Հայաստանում ոչ միայն ընտրվելու է նոր վարչապետ, այլև լինելու են խորհրդարանական նոր ընտրություններ, և հայտնի չէ, թե ինչպիսին կլինեն խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Դա ևս հնարավոր չէ այսօր կանխատեսել: Պարզ չէ, թե ինչպիսի՞ վարչակարգ կձևավորվի, ի՞նչպիսի կոալիցիա կլինի, այն ի՞նչ տեսք կունենա: Որևէ մեկն այս պահին չի կարող հստակ պատասխանել այս հարցերին, ուստի ոչ ոք առայժմ որևէ քայլ չի ձեռնարկի: Ենթադրենք, որ ադրբեջանական կողմը կօգտվի Հայաստանի ներքին անկայունությունից, կհարձակվեն և կգրավեն Շուշին, Լաչինը, Ստեփանակերտը և ընդհանրապես կհաղթեն: Դա ի՞նչ կտա Ալիևների կլանին: Ոչ մի լավ բան էլ չի լինի, և այդ ժամանակ ադրբեջանական ժողովուրդը կպահանջի իշխանություններից կյանքի բարելավում: Իսկ հիմա կա պատերազմ, կա թշնամի, կան հայերը, որոնց կարելի է վերագրել ցանկացած ներքին խնդիր: Այսինքն՝ ներկայիս ստատուս-քվոն ընդհանուր առմամբ ձեռնտու է բոլորին: Այդ պատճառով էլ 2016 թ. պատերազմն այդքան կարճ տևեց: Մի քիչ պատերազմեցին և դադարեցին, որովհետև Ադրբեջանին հաղթանակ պետք չէ, հայերն էլ չեն ուզում Բաքուն գրավել: Ուստի չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կօգտվի իրավիճակից և կհարձակվի: Տվյալ պահին դա քիչ հավանական է»:

Բաքվում ուրախացել են

Ղարաբաղյան հարցով փորձառու բանակցող Սերժ Սարգսյանի հեռացումը իշխանությունից դրակա՞ն է գնահատվել Ադրբեջանում, թե՞ բացասական:

Պատասխանելով այս հարցին՝ Պավել Ֆելգենհաուերը նշեց հետևյալը. «Ոչ միայն Սերժ Սարգսյանին հեռացրեցին: Նկատի է առնվում նաև Ռոբերտ Քոչարյանը: Խոսքը ղարաբաղյան կլանի մասին է: Ադրբեջանցիներն ասում են՝ «ղարաբաղյան բանդա»: Նրանց հեռացրեցին՝ դա լավ է, իսկ թե հետո ինչ կլինի… Հավանաբար երևանյան հայերը կգան իշխանության: Սրանք լուրջ փոփոխություններ են Հայաստանում: Հայաստանին սպասվում են փոփոխություններ, իսկ արտաքին խաղացողները հավանաբար կսպասեն, թե ինչ տեղի կունենա մոտ ժամանակներում, բայց ոչ ոք պատրաստ չէ միջամտել»:

Spread the love