Հայաստանը բանակցության մեջ պատասխանատու է միայն իր մասով

Մենք ուզում ենք լուծել հարցը, թե չենք ուզում, այդ թվում՝ միջազգային հանրությունն ու Ադրբեջանը: Եթե ուզում ենք լուծել, ապա դա չի կարող տեղի ունենալ, եթե ճիշտ չէ բանակցային ձևաչափը և հակամարտության լիարժեք կողմերից մեկը մասնակից չէ բանակցությանը:

Այդ միտքը նախօրեին Արցախ կատարած այցի ընթացքում ունեցած մամուլի ասուլիսում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասել է, որ ինքը պատրաստ է բանակցել Հայաստանի մասով, որը նույնպես կողմ է, սակայն Արցախի մասով իրավասու է և պետք է բանակցի միայն Արցախի իշխանությունը: Այդպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը անում է Արցախի խնդրի կարգավորման գործընթացի համատեքստում կարևոր հայտարարություն, բավական հստակ դնելով հարցը, որ եթե չի մասնակցում Արցախը, ուրեմն, ըստ էության, չկա բանակցություն կամ բանակցությունը կիսատ է, և Հայաստանը պատասխանատու չէ Արցախին առնչվող բովանդակության համար:

Այս դիրքորոշումը բավականին ուշագրավ տրանսֆորմացիա է Հայաստանի դիրքորոշման հարցում: Խնդիրն այն չէ, որ Երևանը դեմ է եղել Արցախի բանակցային կողմ լինելուն կամ չի բարձրաձայնել դրա անհրաժեշտությունը: Բայց շատ հստակ է, որ Հայաստանի թիվ մեկ պաշտոնյայի մասով հնչում է բավական պարզ սահմանազատված սկզբունքը՝ Հայաստանը բանակցության մեջ պատասխանատու է միայն իր մասով, իսկ Արցախի մասով պատասխանատու կարող է լինել միայն Արցախը: Սա իսկապես խնդրի նոր և հստակ շեշտադրում է, ըստ էության նոր նշաձող: Որքանով հավատարիմ կմնա Փաշինյանն այդ նշաձողին մինչև վերջ:

Մի կողմից սա հարց է, մյուս կողմից՝ նշաձողը սահմանված է շատ հստակ ու ոչ երկիմաստ, ինչը արդեն իսկ բավականին պատասխանատու մոտեցում է: Ըստ այդմ, գնդակը այսպես ասած տեղափոխվում է միջնորդ համանախագահների և Ադրբեջանի դաշտ: Ըստ էության, Արցախի խնդրում դիրքորոշման և մոտեցումների ռազմավարական փոփոխությունը վաղուց է հասունացած անհրաժեշտություն, և նոր իշխանությունը այդ տեսանկյունից բավական պատեհ քաղաքական հնարավորություն է դա անելու համար: Ասել, թե խնդիրը ամբողջությամբ լուծվում է միայն բանակցային ձևաչափի մասին հայտարարությամբ, իհարկե ճիշտ չի լինի, սակայն Նիկոլ Փաշինյանը գծում է իրապես կարևոր և հիմնարար գիծ այդ ամբողջական փոփոխության և տրանսֆորմացիայի համար՝ Հայաստանն իրավասու չէ բանակցել Արցախի փոխարեն, և դա կարող է անել միայն Արցախի իշխանությունը: Սա շրջադարձ է, դեռ քանի աստիճան, կախված է իհարկե հետագա բովանդակային զարգացումից, սակայն նշաձողը ինքնին շրջադարձային է և հույժ կարևոր:

Spread the love