Հայաստանը ԵՏՄ-ում այդ տեսանկյունից կդառնա բացառություն

- in Միջազգային
ETM

Մայիսի 14-ին Սոչիում տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական Խորհրդի նիստը կամ այլ կերպ ասած՝ ԵՏՄ Վեհաժողովը: Այնտեղ են հավաքվելու Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Կիրգիզիայի եւ Հայաստանի ղեկավարները: 

Փաստացի, դա կարող է լինել Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին արտերկրյա այցն ու Վեհաժողովը, եթե իհարկե մայիսի 8-ին ամեն ինչ ավարտվի քաղաքական հայտարարությունների համաձայն, եւ Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ:

Խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան, դե ֆակտո Առաջին դեմքը վարչապետն է եւ ըստ այդմ նա պետք է մասնակցի այդօրինակ Վեհաժողովներին:

Ըստ այդմ, հնարավոր է, որ մայիսի 14-ին Սոչիում լինի կրկնակի ուշագրավ իրավիճակ: Նախ, ԵՏՄ «նախագահական ակումբին» Հայաստանը փաստորեն կմասնակցի վարչապետի մակարդակով: Հայաստանը ԵՏՄ-ում խորհրդարանական կառավարմամբ միակ պետությունը չէ: Խորհրդարանական կառավարում է նաեւ Կիրգիզիայում, որտեղ կառավարության ղեկավարը հաշվետու է ոչ թե նախագահի, այլ խորհրդարանի առաջ: Բայց, Կիրգիզիայում նախագահն ունի ավելի լայն լիազորություն, քան Հայաստանի մոդելում: Ըստ այդմ, չնայած խորհրդարանական մոդելին, Վեհաժողովներում Կիրգիզիան ներկայացել է նախագահի մակարդակով:

Այդպիսով, Հայաստանը ԵՏՄ-ում այդ տեսանկյունից կդառնա բացառություն: Ինչպե՞ս է դա ընդունվելու ԵՏՄ առաջնորդների մոտ, հատկապես «ցմահ» եռյակի՝ Պուտին, Նազարբաեւ, Լուկաշենկո:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20