Հայաստանը շարունակելու է մնալ ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ելույթ է ունեցել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստում:

Գրիգորյանը նշել է. «Հայաստանը շարունակելու է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Եվրասիական տնտեսական միության անդամ և սերտ համագործակցություն է զարգացնելու Ռուսաստանի հետ: Այս խոսքերը ապացուցվել են գործով:

Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ առաջիններից շնորհավորել են Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Նուրսուլթան Նազարբաևը, ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը:

Հետագայում, ինչպես գիտեք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Սոչիում մասնակցեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, հանդիպեց Ռուսաստանի, Բելառուսի Ղրղզստանի, Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների ղեկավարների հետ:

Վերը ասվածի համատեքստում տեղին կլիներ ընդգծել ՀԱՊԿ հավատարմությունը այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու, նրանց օրինական շահերը հաշվի առնելու և փոխադարձ հարգանքի ու հավասարության հիմնարար սկզբունքներին, ինչով հերթական անգամ ներկայացավ որպես հուսալի խաղացող միջազգային ասպարեզում:

Այս առումով ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Ձեր պետությունների ղեկավարություններին՝ անաչառ և կառուցողական պաշտոնական դիրքորոշման համար, որն արտահայտվեց Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին որպես երկրի ներքաղաքական գործընթացներ օբյեկտիվ և հավասարակշռված գնահատական տալու մեջ:

Ցանկանում եմ նաև երախտիքս հայտնել ՀԱՊԿ անդամ պետություններից այստեղ ներկա գտնվող իմ բոլոր գործընկերներին, որոնք այս դժվարին օրերին անկեղծորեն մտահոգվել են մեզ համար և ուշադիր հետևել Հայաստանում ընթացող գործընթացներին՝ ակնկալելով բարեհաջող հանգուցալուծում»:

Spread the love