Հայաստանի համար քաղաքականության նոր հնարավորություններ

Hayastan

Հայաստանի միջազգային հեղինակության էական աճը հայաստանյան քաղաքացիա-քաղաքական համաժողովրդական շարժման ակնառու ձեռքբերումներից մեկն է, որը արտացոլվում է միջազգային մամուլի անդրադարձերում:

Դա անշուշտ ոչ միայն աչք է շոյում, այլ նաև բացում է Հայաստանի համար քաղաքականության նոր հնարավորություններ, որոնց մասին անթաքույց խոսում է անգամ արտաքին գործերի նախարարի տեղակալը՝ Շավարշ Քոչարյանը, որն ասում է, թե Հայաստանի հետ հաշվի կնստեն, Հայաստանը կվարի ավելի արժանապատիվ քաղաքականություն: Իհարկե այս դեպքում առաջանում է հարց կամ նույնքան ակնառու տպավորություն, որ Հայաստանը փաստորեն մինչ այժմ ուներ այդ խնդիրները, և իշխանությունը, մեղմ ասած, ճիշտ չէր, երբ այդ մասին փորձագիտական, մեդիաահազանգերը որակում էր իբրև մանիպուլյացիա կամ անհարկի ու անհիմն քննադատություն:

Մյուս կողմից, այդ իրավիճակը, անշուշտ, ձևավորվել էր տարիներ շարունակ, Հայաստանում նախ ռազմաֆեոդալական, հետո քրեաօլիգարխիկ համակարգերի և իշխանության սերտաճմանը զուգահեռ: Այսօր սակայն խնդիրը այդ իրողությունը հերթական անգամ արձանագրելը չէ, այլ նոր իրողությունը կապիտալիզացնելը: Ու ինչպես այդ հարցը կա հանրային էներգիայի, էներգետիկայի, մեծ ոգևորության մասով, որ տիրում է Հայաստանում այս օրերին և որի ամբարումը գրեթե ռազմավարական խնդիր է, նույն հարցն առկա է նաև Հայաստանի արտաքին վարկի իմաստով: Ընդ որում, այդ կապիտալիզացիան չի կարող լինել միայն տնտեսական արդյունքի տեսքով՝ զբոսաշրջային մեծ հոսքեր, ներդրումներ և այլն: Կապիտալիզացիան պահանջում է նաև քաղաքական բաղադրիչ, այսինքն՝ պետք է նաև քաղաքական կապիտալիզացիա: Մյուս կողմից, ինչ է դա նշանակում և ինչպիսին պետք է լինի այն, ինչպես պետք է արտահայտվի: Այդ իմաստով, անշուշտ, անհրաժեշտ է բավականին խորքային աշխատանք, ռազմավարական մշակումներ, հաշվարկներ և այլն: Սա ընթացիկ աշխատանքն է, որ պետք է արվի անկախ ամեն ինչից: Սակայն աշխարհը ներկայումս Հայաստանի նոր իշխանությունից ակնկալում է թերևս քաղաքական կարևոր մեսիջներ:

Ընդ որում, խոսքը քաղաքական վեկտորի մասին չէ և այստեղ չկա փոփոխության որևէ անհրաժեշտություն, բոլոր իմաստներով: Արտաքին քաղաքականության հարաբերակցությունն ու հաշվեկշիռը այդ տեսանկյունից չունի փոփոխության կարիք և նպատակահարմարություն, չունի նույնիսկ անհրաժեշտություն և շարժառիթներ: Քաղաքական մեսիջները ամենևին նույնական չեն վեկտորալ փոփոխությունների ազդակների հետ: Դրանք կարող են լինել այլ բնույթի նախաձեռնություններ, որոնք հիմնված կլինեն ներկայիս արտաքին քաղաքական բալանսի վրա, սակայն կարող են պարունակել հետաքրքիր գաղափարներ: Ընդ որում, ամենևին ոչ հենց այս պահին կենսագործման ենթակա, սակայն որոնք կարող են հետաքրքիր լինել թե՛ Արևմուտքի, թե՛ Մոսկվայի, թե՛ այլ ուժային կենտրոնների համար, ներառյալ Իրանն ու Չինաստանը:

Այդ տեսանկյունից, միայն լավ հարաբերությունների վերաբերյալ հավաստիացումները գուցե անհրաժեշտ էին հեղափոխական փուլում, բայց բավարար չեն արդեն կառավարման քաղաքական պատասխանատվության շրջափուլում: Հայաստանի նոր իշխանությունն ու միջազգային վարկի աճը բավականին լավ հիմք են նոր թեմաների և սխեմաների համար, որ Հայաստանը կարող է առաջարկել գործակցության տարբեր ձևաչափերով: Այստեղ ամենևին կարևոր չէ, որ դրանց արձագանքները կարող են լինել տարբեր, մեկը կհետաքրքրվի, մյուսը՝ ոչ, մեկը կարձագանքի աշխույժ, արագ, մյուսը՝ կվերաբերի գուցե վերապահումով կամ կասկածանքով: Սակայն նոր իշխանությունն ունի նոր օրակարգի ձևավորման կամ օրակարգի արդիականացման ու համալրման կարիք ոչ միայն ներքին հասարակական-քաղաքական կյանքում, այլ նաև արտաքին ուղղությամբ, այդ թվում նաև ձգտելով ստեղծել այդ հարցում հասարակական-քաղաքական փորձագիտական սեգմենտի համար ներգրավվածության լայն հնարավորություն:

Անշուշտ, դա մեկ օրում կամ մեկ շաբաթում անելիք չէ, սակայն աշխատանքը դրա ուղղությամբ պետք է արդեն իսկ լինի սկսված, և այդ իմաստով նույնիսկ առաջին ծիլերը պետք է նկատելի լինեն մայիսի 14-ին Սոչիում սպասվող ԵՏՄ Վեհաժողովին, որը փաստորեն լինելու է Նիկոլ Փաշինյանի առաջին միջազգային այցն ու հանդիպումը: Շատ կարևոր է, որ այն լինի հետաքրքիր՝ թե՛ ԵՏՄ նախագահների համար, որոնք պետք է ծանոթանան Հայաստանի նոր վարչապետին, թե՛ նաև Փաշինյանի առաջին այցին հետևոց այլ սուբյեկտների համար: Իսկ դրանք անկասկած կլինեն բոլոր ուժային կենտրոններում: Այդ իմաստով, Հայաստանի արտաքին քաղաքականությունը մի շարք պատճառներով թելադրված, իհարկե, չունի փոփոխության կարիք, սակայն ունի զարգացման, արդիականացման, հարստացման անհրաժեշտություն:

Այդ առումով կա նաև բավականին հարմար բազա, թե՛ փաստաթղթային, թե՛ ռազմա-քաղաքական, նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագրի տեսքով, որը փաստացի ձևավորել է ԵՏՄ անդամ հանդիսացող Հայաստանի համար բացառիկ արտաքին քաղաքական հենարան: Նախորդ իշխանությունը չհասցրեց այն օգտագործել: Նոր իշխանությունն ունի դա անելու, անկասկած, շատ ավելի նպաստավոր և շահեկան մեկնակետ:

Spread the love