Հայաստանում ամբողջ քաղաքական համակարգը զրոյացվել է խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ

- in Ընտրություններ
Yntrutyun

Նախքան վարչապետի պաշտոնը ստանձնելը, Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությանը, նշել էր, որ դրանք պետք է անցկացվեն երկու ամսվա ընթացքում։ Փաշինյանը, միևնույն ժամանակ, պատրաստակամություն էր հայտնել քաղաքական այլ ուժերի հետ հարցը քննարկել, և ընտրություններն ավելի ուշ կազմակերպել։

«Մենք ունենք մեր պատկերացումները, սակայն քաղաքական դաշտի տարբեր ուժերի կողմից անհանգստություններ են հնչում, որ եթե մենք ցանկանում ենք բոլորի համար հավասար պայմաններ ապահովել՝ պետք է այնպես անենք, որ քաղաքական դաշտը պատրաստվի այդ իրադարձությանը: Մենք մտածում ենք, որ կարելի է երկու ամսվա ընթացքում անել ընտրությունները, սակայն այս թեման քննարկելի ենք համարում, որ կարելի է մի փոքր ավելի ուշ անել, սակայն տրամաբանության սահմաններում, որպեսզի քաղաքական դաշտն ավելի պատրաստ լինի այդ իրադարձությանը»,- հայտարարել էր Փաշինյանը։

Վարչապետ ընտրվելուց հետո, սակայն, Փաշինյանը, չնայած լրագրողների կոնկրետ հարցերին, արտահերթ ընտրությունների հստակ ժամկետ չի նշում։

Անշուշտ, արտահերթ ընտրությունները ընդհանուր քաղաքական դաշտի համար ստեղծում են նոր հնարավորություններ։ Այն ուժերը, որոնք ասպարեզում չկան, գուցե երևան գալու նոր հնարավորություն ստանան։ Անշուշտ, կլինեն նաև այնպիսիք, որոնք այդ հնարավոր ընտրություններից կտուժեն։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ քանի որ Հայաստանում ամբողջ քաղաքական համակարգը զրոյացվել է և գոյություն ունի միայն դե յուրե, բնական է, որ շատ կուսակցություններ պետք է ռեբրենդինգի ենթարկվեն ու պատրաստվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ «Անկախ նրանից՝ դա կլինի երեք ամսից կամ ամենաուշը՝ հոկտեմբերի երկրորդ կեսին։ Կան ուժեր, որոնք տեղ կգտնեն ապագա խորհրդարանում, դա, բնականաբար, կլինի կամ «Քաղաքացիական պայմանագիրը» առանձին կամ «Ելք» դաշինքի հետ միասին։ Երկրորդը՝ «Բարգավաճ Հայաստանը» ևս տեղ կունենա, Դաշնակցությունը, գրագետ քարոզարշավի դեպքում, իր տեղերը կավելացնի։

Գրագետ քարոզարշավի դեպքում «Ժառանգությունը» բավական ազդեցիկ տեղեր կունենա խորհրդարանում։ Հանրապետականը՝ խիստ կասկածելի է, եթե ընտրությունները տեղի ունենան հուլիսին, ապա նրանց համար դժվար կլինի։ Փորձը ցույց է տվել, որ Հանրապետականին 99 տոկոսով ձայն են տալիս ֆինանսական միջոցների համար, զուտ գաղափարական կամ Գարեգին Նժդեհի գաղափարախոսության համար քվեարկողներ ՀՀԿ-ն չունի։ Այսինքն՝ եթե Փաշինյանը գրագետ քաղաքականություն վարի՝ Հանրապետականը խորհրդարան չի մտնի»,- ասաց Բադալյանը։

Փորձագետը հավելում է՝ կասկածելի կլինի ՀԱԿ-ի ճակատագիրը. «Խաղաղության պլատֆորմը կարող է չաշխատել, որովհետև հիմա հաղթողի հոգեբանություն կա, իսկ խաղաղության պլատֆորմն իրենից զիջումներ է ենթադրում, արդյոք զիջողականությունը կաշխատի հաղթանակած հոգեբանություն ունեցող էլեկտորատի մոտ, այս պահին դժվար է ասել։ Չի բացառվում, որ ռուսամետ մի ուժ կհայտնվի, որը կարող է զգալի ներկայություն ունենալ խորհրդարանում։ Այսինքն՝ սրանք հիմնական ուժերն եմ, որ խորհրդարանում տեղ կունենան արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում։ Կամ այս կուսակցությունները կամ իրենք ռեբրենդիգ եղած անուններով»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։

Արևմտամետ ուժ, որպես այդպիսին, կարող է լինել «Ժառանգությունը». «Եթե գրագետ քարոզարշավ իրականացնի՝ ամենամեծ պոտենցիալն ունի «Ժառանգությունը»։ Եթե չիրականացնի՝ կստեղծվի իքս արևմտամետ ուժ ու կմտնի խորհրդարան, ուղղակի «Ժառանգությունն» արդեն բրենդ ունի և ամենահավանականն է»։

Մեր զրուցակիցը նաև չի բացառում բոլորովին նոր ուժերի ի հայտ գալը. «Դա շատ տարածված քաղաքական հիվանդություն է Հայաստանում․ ընտրություններից առաջ կուսացկություն ստեղծել ու մասնակցության հայտ ներկայացնել։ Հայաստանում կա ռուսամետ ընտրազանգված, և եթե համապատասխան ուժ չձևավորվի՝ այդ ընտրազանգվածը կմնա չներկայացված, ինչը ցանկալի չէ»։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքերով՝ եթե ընտրությունները շուտ անցկացվեն՝ ՀՀԿ-ի համար դժվար կլինի։ «Հասկանալի է, որ այս վիճակում, երբ ՀՀԿ-ի նկատմամբ հանրային կարծիքը խիստ բացասական է, ժամանակ է պետք։ Քաղաքական ֆոնն իրենց համար բավականին ծանր է, քաղաքական ու հոգեբանական պրեսինգի տակ է, կուսակցությունում լուրջ տրանսֆորմացիաներ կլինեն առաջիկայում։ Ընդ որում՝ որքան հնարավոր է երկար, որպեսզի կարողանան իրենց խնդիրները լուծել, իշխանությունից մինչև ընդդիմություն տրանսֆորմացիան բավականին բարդ է։ Այդ ժամանակը նաև հարկավոր է, որպեսզի հանրային այս վերելքը գա համեմատաբար նորմալ իրավիճակի, այդ իրավիաճկում քիչ թե շատ պատրաստ կլինեն մասնակցել մրցակցային ընտրությունների»,- ընդգծեց նա։

Հակոբյանը հավելում է. «Հիմա պարզ չէ, թե ինչ ֆորմատ է տեսնում Նիկոլ Փաշինյանը․ առանձին գնալ, դառնալ մեկ կուսակցություն, թե դաշինքով գնալ։Նրան ևս ժամանակ է պետք Ընտրական օրենսգիրք փոխելու, ընտրական հանձնաժողով ձևավորելու, կուսակցությունների մասին օրենքը փոփոխելու համար։ Սա նույնպես ժամանակ է պահանջելու, անհրաժեշտ է նաև միջազգային ատյանների հետ համաձայնեցնել»։

Քաղտեխնոլոգը նաև ընդգծում է՝ արտահերթ ընտրությունները արագ անցկացնելը ձեռնտու չէ նաև «Ծառուկյան» դաշինքի և Դաշնակցության համար. «Հիմա ֆոնը մի փոքր այլ է, երբ նույն «Ծառուկյան» դաշինքին զրկում ես ֆինանսական ռեսուրսներ օգտագործելու հնարավորությունից, նրանք ևս դժվարություն կունենան, թեպետ պատրաստված են, բայց ամենակարևոր ռեսուրսներից կարող է զրկվեն։ Հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է շուտ անցկացնել, բայց օբյեկտիվորեն ժամանակ է հարկավոր»։

Ըստ նրա՝ շատերն այսօր չեն ուզում, որ Նիկոլ Փաշինյանը հաջողի։ «Բնականաբար, շատերի համար նոր հնարավորություն է ստեղծվում, եթե ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու կուրս է հռչակվում։ Բայց ես կարծում եմ՝ քաղաքական դաշտի վիճակն այսօր այնքան էլ հաջող չէ, ու անկախ նրանից, ինչ որակի ընտրություններ կանցկացվեն, անհրաժեշտ են լուրջ կառուցվածք ունեցող կուսացկություններ։ Մանր կուսակցությունների, ոչ ինստիտուցիոնալ կուսակցությունների ժամանակն անցել է, կարծում եմ՝ ամեն ինչ կգնա խոշորացման։ Հիմա այդ գործընթացը կարող են սկսել, որովհետև ֆիքսվել է, որ ուշ թե շուտ ընտրություններ լինելու են»,- եզրափակեց նա։

Spread the love