Հայաստանում էլ կան ռեսուրսներ, որոնց մի զգալի մասը ստվերում է, գուցե նաև՝ օֆշորային գոտիներում

Այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը նշեց, որ հունիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը:

«Ի՞նչ է արել կառավարությունը, որպեսզի հունիսի 1-ից ուժի մեջ մտնող այս համաձայնագրի իրագործումը պլանավորվի և կյանքի կոչվի»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց Արմեն Աշոտյանը:

Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե կառավարությունը բանակցելո՞ւ է մինչև 2020 թվականը Հայաստանին տրվող ֆինանսական աջակցության ծավալը՝ 160 մլն եվրոն, վերանայելու ուղղությամբ՝ «բնականաբար դեպի ավելացում»:

Ի պատասխան՝ վարչապետը հույս հայտնեց, որ ԵՄ երկրները հնարավորինս արագ այդ փաստաթուղթը կվավերացնեն. «Ինչ վերաբերում է ֆինանսական ծավալի ընդլայնմանը, ապա պետք է ասել, որ միջազգային հանրության ներկայացուցիչները ֆինանսական աջակցության պատրաստակամություն են ցուցաբերում»:

Արմեն Աշոտյանը նշեց, որ ԵՄ դեսպանը հայտարարել է մինչև 25 տոկոս գումարներն ավելացնելու մասին, որը բաժանելով 3 տարվա վրա՝ «ստացվում է, որ ՀՀ-ում իշխանափոխության հավելյալ աջակցության կապիտալիզացիան տարեկան ընդամենը 13 մլն եվրո է: Կարծում եմ՝ ձեր ջանքերը պետք է ավելի թանկ գնահատեք»:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես չեմ կարծում, թե մենք անընդհատ պետք է դրսի ձեռքին նայենք: Կարծում ենք՝ Հայաստանում էլ կան ռեսուրսներ, որոնց մի զգալի մասը ստվերում է, գուցե նաև՝ օֆշորային գոտիներում»:

Spread the love