Հայաստանում կոալիցիոն կառավարության գաղափարը հետևողականորեն արժեզրկվել ու վարկաբեկվել է

- in Վերլուծական
cuyc 1

Կառավարության մաս կազմող քաղաքական ուժերի միջև նպատակների, սկզբունքների ամրագրման համար փաստաթղթի ստորագրման անհրաժեշտություն կա. ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Նա նշել է, թե այս պահին դժվար է ասել՝ ինչ անուն կունենա այդ փաստաթուղթը, արդյոք այն կլինի կոալիցիայի մասին, թե համաձայնության կառավարության ստեղծման, բայց շեշտել է, որ եթե առաջնորդվենք գործող օրենքներով, ապա ենթադրվում է, որ դա պետք է լինի կոալիցիա:

Նույնիսկ սահմանադրության տեսանկյունիցՀամբարձումյանի ասածը խոցելի է, որովհետև «Ելքի», «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի կոալիցիան միևնույն է, չի ապահովում խորհրդարանական կայուն մեծամասնություն, որը պետք է կառավարության ձևավորման ինստիտուցիոնալ հիմք հանդիսանա: Մյուս կողմիցառնվազն տարակուսելի է, որ կոալիցիան ձևակերպվում է կառավարության ձևավորումից ոչ թե առաջ, այլ հետո: Նման նախադեպ միջազգային պրակտիկայում, անկեղծ ասած, չենք հիշում:

Այս կառավարության առանձնահատկությունն այն է, որ այն հեղափոխության ծնունդ է, սակայն ձևավորվել է, այսպես կոչված, դասական քաղաքականության կանոններով: Հրապարակը Նիկոլ Փաշինյանին լիազորել է ձևավորել, այսպես կոչված, վստահության կառավարություն, որը կուսակցական պայմանավորվածություններ չի ենթադրում, որովհետև պետք է լուծի արտահերթ ընտրությունների հետ կապված օպերատիվ խնդիր: Սակայն կաբինետի ձևավորման գործընթացում դրա մեթոդոլոգիան փոխվեց. ունեցանք բնույթով կոալիցիոն կառավարություն, որն որոշակիորեն դեակտուլացնում է արտահերթ ընտրությունների պահանջը: Պատահական չէ, որ այն դեռ քաղաքական կոնսուլտացիաների թեմա չի դարձել:

Հայաստանում կոալիցիոն կառավարության գաղափարը հետևողականորեն արժեզրկվել ու վարկաբեկվել է: 2003-իցՀՀԿ-ն դրա անհրաժեշտությունը չի ունեցել, սակայն կոալիցիան լեգիտիմության և քաղաքական մենեջմենթի գործիք է եղել սկզբում Ռոբերտ Քոչարյանի, հետոՍերժ Սարգսյանի համար, ինչպես նաև ամրագրել է իշխանության, այսպես կոչված, «փայատիրական» սկզբունքը. ոչ թե կուսակցությունների քաղաքական սկզբունքն է ֆորմալացվել, այլ գծվել է նրանց վարչական և աշխարհագրական ազդեցության սահմանը:

Կոալիցիայի անհրաժեշտություն առավել ևս չունի Նիկոլ Փաշինյանը: Նրա իշխանության լեգիտիմության հիմքը հասարակության աննախադեպ քաղաքական աջակցությունն է, քաղաքական մենեջմենթի լավագույն ձևըտվյալ դեպքում, ոչ թե կոալիցիան է, այլ քաղաքական և կադրային այն կրեատիվն, որն իր հետ բերել է հեղափոխությունը:

Նիկոլ Փաշինյանը կառավարության ձևավորման ոչ այնքան ճիշտ մեթոդոլոգիա ընտրեց. դա արդեն մարտավարական որոշակի նահանջ էր հրապարակի ձևակերպած օրակարգից: Կառավարության հիմքում` գոյություն չունեցող, կեղծ քաղաքական խճանկար է, որը փաստաթղթավորել չի կարելի. դա արդեն բովանդակային նահանջ կլինի հակաօլիգարխիկ օրակարգ ունեցող հեղափոխությունից և արտահերթ ընտրությունների պահանջից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20