Հայաստանում մայիսի 8-ից հետո կսկսվի արդեն թավշյա հեղափոխության խորհրդարանական հակահեղափոխությունը

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ մայիսի 8-ի վարչապետի քվեարկությանը ՀՀԿ-ն կկայացնի միասնական որոշում: Բաղդասարյանի այդ հայտարարությունը փոքր-ինչ տարօրինակ է ՀՀԿ մի շարք պատգամավորների այդ հայտարարությունների ֆոնին, թե իրենք դեմ են քվեարկելու, իրենց կարծիքը չի փոխվել, և ամենևին պարտադիր չէ, որ բոլորը քվեարկեն կողմ:

Այդ դեպքում հարց է ծագում՝ ի՞նչ միասնականության մասին է խոսքը, միասնական ի՞նչ որոշման մասին է խոսքը: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ ովքեր կողմ են քվեարկելու Նիկոլ Փաշինյանին, դրանից առաջ հայտարարելու են ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունից դուրս գալու մասին: Դրանք լինելու են խմբակցության այն անդամները, որոնք կուսակցական չե՞ն, թե՞ նաև կուսակցականներ, որոնք կքվեարկեն և դուրս կգան ՀՀԿ-ից:

Այս հարցերը արդյո՞ք նշանակում են, որ ի վերջո ամենևին էլ երաշխավորված չէ այն, որ ՀՀԿ-ն կսատարի Փաշինյանի ընտրությանը: Թեև Նիկոլ Փաշինյանն արդեն հանդիպումներ է ունենում Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ, աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները ներկայացնող դիվանագետների հետ, ինչը գործնականում այլևս վարչապետական կալիբրի հանդիպումներ են: Մի՞թե ՀՀԿ-ն կարող է մատուցել այդ մասշտաբի անակնկալ: Դա իհարկե քիչ հավանական է թվում:

Մյուս կողմից, սակայն, բնականաբար բաց է մնում հարցը, թե ինչպես է լինելու հեռանկարը այն դեպքում, երբ խորհրդարանական մեծամասնություն կարող է գոյություն չունենալ, և վարչապետը կարող է չունենալ խորհրդարանական հենարան: Գործադիր իշխանությունը կարող է աշխատել, իհարկե, ընթացիկ պայմաններում, սակայն չի կարող իրականացնել որևէ համակարգային ռեֆորմ, եթե չունենա խորհրդարանական աջակցություն:

Սա իսկապես վտանգավոր իրավիճակ է, երբ խոսքը խորհրդարանական կառավարման մոդելի մասին է: Խորհրդարանական մեծամասնությունը փաստորեն կաշխատի վարչապետի դեմ, կամ այլ կերպ ասած՝ Հայաստանում մայիսի 8-ից հետո կսկսվի արդեն թավշյա հեղափոխության խորհրդարանական հակահեղափոխությունը:

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանն անշուշտ պետք է պատրաստ լիներ այդ վիճակին, այդ սցենարին, երբ ինքը դառնում է վարչապետ, բայց ՀՀԿ-ն հետագայում չի աջակցում իր նախաձեռնություններին: Ինչ քայլեր ունի նա այդ վիճակի համար:

Մյուս կողմից՝ այստեղ Փաշինյանը առերևույթ առաջնային թիրախն է, քանի որ բուն թիրախը դառնում է փաստացի պետությունը, ըստ այդմ՝ դրա մասին պետք է մտածեն բոլոր այն սուբյեկտներն ու կառույցները՝ լինի դա իշխանության մեջ, թե հանրային դաշտում, ում համար թանկ են պետության անվտանգությունն ու հեռանկարը:

Spread the love