Հայաստանում չկա քաղաքական մրցակցության ընկալում կամ պատկերացում

AJ

Հայաստանում ստեղծված իրավիճակը իրապես առանձնահատուկ է՝ կա խորհրդարանական կառավարման մոդել, բայց կառավարությունը չունի խորհրդարանում թե՛ կայուն, թե՛ կոալիցիոն մեծամասնություն, և ավելին՝ դե յուրե մեծամասնությունը իրեն համարում է ընդդիմություն:

Իհարկե ՀՀԿ-ն հայտարարում է, որ ինքնանպատակ չի խանգարելու կառավարությանը, բայց դա ամենևին չի նշանակում, որ ինքնաբերաբար օգնելու է: Բայց արդյո՞ք այդ իրավիճակը հղի է այնպիսի կամ այնքան վտանգներով, որոնց մասին արդեն մի քանի օր հնչում են ամենատարբեր արձագանքներ և ահազանգեր՝ ասելով, որ իրավիճակը կարող է դառնալ ընդհուպ անկառավարելի:

Այն, որ իրավիճակը արտառոց է, խոսք չկա, բայց մյուս կողմից՝ բուն խնդիրը թերևս այն է, որ Հայաստանում չկա քաղաքական մրցակցության ընկալում կամ պատկերացում: Այսինքն՝ Հայաստանում այնքան է արմատացած եղել, այսպես ասած, նախապես գծված սցենարով քաղաքական գործընթացի հանրային-քաղաքական վարժվածությունը, որ այժմ, երբ չկա նախապես հստակ գծված միակենտրոն սցենար, դա բոլորին պատկերանում է իբրև գրեթե աղետալի կամ քաոսային մի իրավիճակ, անկառավարելիության սպառնալիք: Բուն խնդիրը խորքային առումով հենց այդտեղ է, այսինքն՝ քաղաքական նախապես չպլանավորված և չդերաբաշխված գործընթացի հանրայնորեն սովոր չլինելու մեջ:

Եթե կա գործընթաց, որում հանրությունը արդեն նախապես չգիտի դերակատարներին էլ, ռեժիսորին էլ, սցենարիստին էլ ու արդյունքն էլ, դա ինքնաբերաբար ընկալվում է իբրև պետականությանը սպառնալիք: Այն դեպքում, երբ պետականության սպառնալիքը հենց հակառակն էր, երբ քաղաքական գործընթացը նախապես հայտնի էր՝ Ա-ից մինչև Ֆ, և նույնիսկ ընտրական պրոցեսը չէր պարունակում որևէ ինտրիգ: Հայաստանում դա է նկատի առնվել իբրև անվտանգ, կայուն, կառավարելի իրավիճակ: Ու այդ անվտանգ և կառավարելի իրավիճակով է, որ Հայաստանը հասել է խորքային ճգնաժամի, հսկայական արտագաղթի, արտաքին պարտքի ահռելի ծավալների, քաղաքական ու տնտեսական կոռուպցիայի և այլ համակարգային արատների, որոնք Հայաստանում հեղափոխությունը դարձրել էին կենսական անհրաժեշտություն:

Այն վտանգները, որոնց մասին ներկայումս շեփորվում է, իրականում ըստ էության քաղաքական գործընթացի մի յուրօրինակ տարբերակ են, որոնք իրենց մեջ պարունակում են մրցակցության աննախադեպ երանգներ ու գործոններ: Իսկ մրցակցությունը՝ լինի դա քաղաքականության մեջ, բիզնեսում, նույնիսկ մշակույթում կամ ընտանեկան շրջանակում, անխուսափելիորեն ենթադրում է նաև ռիսկեր ու վտանգներ, որոնք չկան նախապես սահմանված ու գծված սցենարներում, երբ հայտնի է սկիզբն էլ, վերջն էլ:

Ըստ այդմ՝ չարժե քաղաքական մրցակցային իրավիճակում սեփական անսովորությունը հանրության վզին փաթաթել իբրև անկառավարելի և քաոսային վիճակից հինգ րոպե պակաս պետականությանը սպառնալիք՝ առաջացնելով անվստահություն և խթանելով ներքին խուճապ, և երկու տասնամյակից ավելի գործընթացում առաջին անգամ արբիտրի դերում հայտնված հանրությանը վերածել վախեցած հանդիսատեսի:

Spread the love