Էմիլ Գրիգորյան. Հայոց հնուց եկող զարդարվեստը վերակենդանացնում ենք

- in Տնտեսական

Երևանի ոսկերչական գործարան – 1 Գնոմոն ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Էմիլ Գրիգորյանի հետ զրուցել ենք նաև ներքին շուկայի խնդիրների և տեղական արտադրող – ներկրող հարաբերությունների մասին:

Պարոն Գրիգորյան, մի ընդհանուր հարցով սկսենք. Ինչպե՞ս են ընթանում գործերն այսօր Երևանի ոսկերչական գործարանում:

Երևանի ոսկերչական գործարանը բավական լարված արտադրական առաջադրանքներ է կատարում, միտված ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկայի, պետական պատվերների ժամանակին ու պատշաճ կատարմանը: Ամբողջ աշխատակազմը հագեցած գրաֆիկով աշխատում է, երբեմն նույնիսկ արտաժամ, և ամեն ինչ անում ենք հզորությունները պահպանելու և զարգացնելու համար, ստեղծում ենք բոլոր պայմանները, որպեսզի առաջընթացը չկանգնեցվի, չխաթարվի: Նոր իրերի իրացում, նոր աշխատատեղերի բացում և հատկապես՝ պետպատվերի ծավալների շուրջ մրցույթների ակտիվ ժամանակաշրջանն է, որտեղ մենք նոր իրերի իրացման և լայնածավալ աշխատանքների փուլում ենք:

Հայոց հնուց եկող զարդարվեստը

վերակենդանացնում ենք

Ներեցեք, պարոն Գրիգորյան, նոր իրեր ասելով ի՞նչ ի նկատի ունեք, խոսքը նոր զարդերի, թե՝ այլ իրերի մասին է:

Նախ՝ զարդերի, որի ուղղությամբ մենք ստեղծել ենք երկու այնպիսի դիզայներական գծեր, որոնք արտահայտում են հայկական խորը դարաշրջանների ստեղծագործական արվեստների արտահայտիչ կողմերը և յուրահատուկ տեղ են գրավում ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին շուկաներում: Հատկապես կառանձնացնեի նոր դիզայներական ուղղությունը, որտեղ ոսկերչական կերամիկայի հենքի վրա հայկական թռչնատառերի արտադրություն ենք սկսել: Պարզապես գեղեցկություն է, որն անտարբեր չի թողնում ինչպես մեր հայրենակիցներին, այնպես էլ՝ արտասահմանցիներին, ովքեր հայկական տառերը կրում են իբրև զարդ: Հայոց հնուց եկող զարդարվեստը վերակենդանացնում ենք, այն ձևավորում ենք ոսկու, արծաթի և այլ նյութերի օգնությամբ և ներկայացնում ենք հայոց դարերից եկող գեղարվեստի  հմայքը:

Նույնը կարող ենք ասել նաև ոչ ոսկերչական իրերի արտադրությունների ուղղությամբ, որտեղ մենք բավական խոշոր ծավալներով ու տարատեսակներով վերարտադրում ենք տարբեր մեդալներ, հուշամեդալներ, կրծքանշաններ: 2018 թ. շատ հատկանշական է՝ ՀՀ առաջին հանրապետության, պետականության 100 և Երևանի 2800 ամյակներն են, որոնցում մենք ներկայացնում ենք հայկական խորհրդանիշները: Արդյունքում՝ բավարարում ենք մեր ներուժը, ամբողջ տեխնիկական և տեխնոլոգիական պահանջները՝ թվածրագրային հաստոցների գործարկումը, լուրջ դիզայներական աշխատանքների, դրանց հենքի վրա նոր տեխնոլոգիական ուղղությունների և սարքերի պատրաստումը: Այդ գործում ներգրավում ենք Հայաստանի բոլոր առաջատար տեխնիկական ուժերին և այս կոոպերացիայի հնարավորությունը մեզ ավելի ճկուն է դարձնում ծրագրերի իրագործման հարցում:

Իսկ ինչպիսի՞ն էր անցած՝ 2017 թվականը Երևանի ոսկերչական գործարանի համար:

2017 թվականին մեր առաջնթացն այնքան էլ մեծ չէր, բայց կարողացանք և՛ ներքին, և՛ արտաքին շուկաներում ցուցադրվել, ունենալ լայնածավալ վաճառք և պահպանել մեր աշխատուժն ամբողջությամբ:

Պարոն Գրիգորյան, ժամանակին խնդիր կար նաև մեր բանակի, ոստիկանության և համապատասխան այլ ուժային կառույցների համար մետաղյա կոնկորդների, աստղերի արտադրությունը պետպատվերով կազմակերպելու հարցում, որովհետև նախընտրելի էր դարձել ներկրումը: Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր:

Պարզապես հայտարարված մրցույթներում ընթանում էր երկու խոշոր՝ ներկրող և տեղական արտադրողիս միջև պայքարը: Բնական էր, սակայն պետք է կարողանալ պաշտպանել ներքին արտադրողի շահերը, որը միևնույն ժամանակ աշխատուժ է: Իհարկե՝ չի կարելի խախտել միջազգային առևտրային կանոնները, սակայն կան որոշակի ոլորտներ, որոնք կարելի է նպատակաուղղել ներքին արտադրողի խթանմանը: Մյուս կողմից շատ կարևոր է հանրապետության ներսում տարադրամների պահպանման ծավալի հարցը:

Այսօր արդեն Երևանի ոսկերչական գործարանը կարողացել է հաղթահարել խնդիրները, և մեր գործարանում այդ գործով զբաղված է բավական մեծ աշխատուժ: Այս արտադրությունը միևնույն ժամանակ լուրջ հակակշիռ է ոսկերչության բնագավառում առևտրի ծավալների փոփոխման հակաշիռ լինելու հարցում:

Իսկ ինչպիսի՞ն է ներքին մանրածախ շուկայում հարաբերությունները ոսկու շուկաների հետ, որքանո՞վ քաղաքակիրթ:

Հայաստանն ունի հզոր ոսկերչական արտադրություն, որն արտահայտվում է բավական լայն արտադրական ձևերով՝ փոքր, միջին, խոշոր՝ առևտրի կենտրոններում, մասնագիտացված խանութ սրահներում: Հարաբերություններն ինչպես ոչ քաղաքակիրթ, այնպես էլ՝ քաղաքակիրթ են, տարբեր վայրերում, տարբեր: Տարիներ են անհրաժեշտ, որպեսզի այս ամենը տրոհվի, կարգավորվի:

Ես առավել կարևորում եմ, որ Հայաստանում ձևավորվի ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության հզոր գիտատեխնիկական հիմք և ուժ: Դրա համար պետք է մասնագիտական ուսումնական համակարգին ուշադրություն դարձնել, նոր ներդրումներ կատարել այդ ոլորտում: Հայ ժողովուրդը բավական ավանդական ներուժ ունի, պատմականորեն և գենետիկ հիմքեր այս ուղղություններում հզոր առաջադիմության համար, որպեսզի արտասահմանյան շուկաներում ոչ միայն չկորցվի տեղն ու դիրքը, այլև լուրջ առաջընթաց ապահովվի:

Զրուցեց՝ Սիմոն Սարգսյանը

Հարցազրույցի սկիզբն՝ այստեղ. ԵԱՏՄ-ում առկա խնդիրները, որ հարկ է ուշադրություն դարձնի ՀՀ նոր կառավարությունը

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20