Հայ-ամերիկյան հարաբերությունները չեն կարող սահմանափակվել միայն քաղաքակրթական բաղադրիչով

- in Կարծիք
dzerq

Նախօրեին Դոնալդ Թրամփի՝ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված շնորհավորական ուղերձն ինչքան էլ տեղավորվի դիվանագիտական ստանդարտի մեջ, որոշակի բովանդակային շեշտադրումներ ունի և հայ-ամերիկյան քաղաքական օրակարգի ձևավորման հույսեր է ծնում: 

Սրա օգտին խոսում է մեկ այլ հանգամանք. Թրամփի վարչակազմը սկսել է ակտիվ աշխատել հետխորհրդային երկրների հետ: Հունվար ամսին Սպիտակ տանը հյուրընկալվել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, երեկ՝ Ուզբեկստանի ղեկավար Շավկատ Միրզիյոևը: Ընդ որում` դեռ մի քանի ամիս առաջ, երբ Ուզբեկստանի ղեկին էր ավտորիտար Իսլամ Քարիմովը, անկարելի էր Ուզբեկստանի ղեկավարին պատկերացնել Սպիտակ տանը:

Այնպես չէ, թե Միրզիյոևը դեմոկրատիայի խորհրդանիշ է. մեծ հաշվով՝ նա հավատարիմ է կառավարման ավտորիտար մշակույթին, սակայն իրականացրել է մի քանի կոսմետիկ բարեփոխում՝ «բացելով» համակարգը: Ուզբեկստանի նորընտիր նախագահն ազատականացրել է վալյուտային կարգավորումները և պաշտոնանկ է արել ուզբեկական ավտորիտարիզմի հենասյուներից մեկին՝ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Ռուստամ Ինոյատովին: Սա բավարար ազդակ էր, որ երեկ Միրզիյոևը Սպիտակ տանն արժանանա Թրամփի պատմական ընդունելությանը: Ուզբեկստանի նախագահը Վաշինգտոնում ստորագրել է երկկողմ մի շարք համաձայնագրեր, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է ութ միլիարդ դոլարը:

Իհարկե, Վաշինգտոնի հետաքրքրությունը Կենտրոնական Ասիայի երկրների հանդեպ ունի հստակ աշխարհաքաղաքական ենթատեքստ և պայմանավորված է ՆԱՏՕ-ի աֆղանական կամպանիայով, սակայն միևնույն է՝ Ուզբեկստանի նախագահը Վաշինգտոնում չէր հյուրընկալվի, եթե այդ երկրում չլիներ քաղաքական և տնտեսական ձնհալ:

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը չուներ աշխարհաքաղաքական ենթատեքստ, սակայն պատմական ու բեկումնային էր՝ երկրի ժողովրդավարացման անշրջելիության, միջազգային հեղինակության շեշտակի բարձրացման համատեքստում, ինչը ԱՄՆ նախագահի համար նույնիսկ պատվաբեր է դարձնում Սպիտակ տանը Հայաստանի վարչապետին հյուրընկալելը:

Սակայն ակնհայտ է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները չեն կարող սահմանափակվել միայն քաղաքակրթական բաղադրիչով և պետք է ունենան նաև շատ հստակ քաղաքական օրակարգ: Մեր տարածաշրջանն օբյեկտիվորեն հայտնվում է ամերիկյան ուշադրության և շահերի կենտրոնում՝ իրանական միջուկային ծրագրի ճգնաժամով պայմանավորված: Եթե Հայաստանի նոր կառավարությունը կարողանա կապիտալացնել երկրի միջազգային հեղինակության աճը, ապա Հայաստանը կարող է խիստ որոշակի դերակատարություն ունենալ Իրանի շուրջ առկա ճգնաժամի հաղթահարման գործընթացում՝ հաշվի առնելով Երևանի ջերմ հարաբերությունները թե՛ Վաշինգտոնի և թե՛ Իրանի հետ:

Գուցե այս առաջարկությունն այս պահին տեսական կամ հիպոթետիկ է թվում, սակայն թավշյա հեղափոխությունը և տարածաշրջանային նոր իրողություններն ավելի ակտիվ և նախաձեռնող արտաքին քաղաքականության հիմքեր են ստեղծում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20