Հանձին Նիկոլ Փաշինյանի, ես ինձ համար հայտնաբերեցի տաղանդավոր շատ արագ մտածող, պատրաստակամ, աշխատասեր մարդու

Արտահերթ ընտրությունների հարցը պետք է քննարկվի ՀՀ ազգային ժողովում և այնտեղ էլ պետք է լուծում տրվի:

ՀՀ նախագահի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Արտահերթ ընտրություններ պետք են, թե պետք չեն, ես կարծում եմ, որ երկու մեծ սուբյեկտ կա, որ պետք է որոշում կայացնի այդ հարցի շուրջ: Մեկը Հայաստանի ժողովուրդն է, մյուսը՝ ժողովրդի համապատասխան մարմինն Ազգային ժողովում»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով, եթե այդպիսի որոշում ընդունվի, ապա նախագահի պարտականությունը կլինի իր լիազորությունների սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի այդ ընտրությունները լինեն արդար և արդարացի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր, աշխատասեր մարդ է. ՀՀ նախագահի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նման կերպ բնութագրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ լրագրողների խնդրանքով պատասխանելով այն հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը դյուրին է:

«Հանձին Նիկոլ Փաշինյանի, ես ինձ համար հայտնաբերեցի տաղանդավոր շատ արագ մտածող, պատրաստակամ, աշխատասեր մարդու, ում հետ ունեմ շատ լավ աշխատանքային հարաբերություններ: Իմ տպավորությունն է՝ երկկողմանի ունենք հարգալից, կառուցողական աշխատանքային հարաբերություններ: Որևէ խնդիր չեմ տեսնում իր հետ աշխատելու հարցում, ընդհակառակը, կարծում եմ, որ կարող ենք շատ լավ աշխատել միասին»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Spread the love
  • 8
    Shares