Հեղափոխությունն ուղղված էր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների գրված և չգրված արտոնությունների դեմ

- in Վերլուծական
Dacha karavarakan amaranoc

Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ բնակություն է հաստատելու կառավարական առանձնատանը։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: «Մենք տեղափոխվում ենք այդ առանձնատուն մի քանի նկատառումներից ելնելով։

Եվ այդ նկատառումներից մեկը հետևյալն է՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այդ առանձնատանը, և եթե այդ առանձնատունը դատարկ է մնում, կարող է սիմվոլիզմ ստացվել, թե ՀՀ-ում վարչապետ չկա»,- ասել է Փաշինյանը։

Օրենքի տեսանկյունից` Փաշինյանն, իհարկե, ճիշտ է, սակայն խնդիրը հաստատ դուրս է իրավական հարթությունից և պետք է քննարկվի, այսպես կոչված, բարոյա-քաղաքական համատեքստում:

Իսկ այս հարթության վրա Փաշինյանի որոշումն առնվազն վիճահարույց է, եթե հաշվի առնենք նրա իշխանության ձևավորման մոտիվացիոն հիմքը: Եթե Հայաստանում իշխանափոխությունը տեղի ունեցած լիներ, այսպես կոչված, դասական կամ ընտրական ճանապարհով, ապա կառավարական առանձնատան թեման կկորցներ իր ակտուալությունը: Սակայն հեղափոխությունն ինքնին ուղղված էր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների գրված և չգրված արտոնությունների դեմ, որոնք, ի դեպ, կոնտրաստի մեջ են մտնում հասարակության համատարած աղքատության, թշվառության հետ:

Միայն հեղափոխությունը չի կարող քանդել անվստահության, չհասկացավածության այն ահռելի պատը, որ տասնամյակներով ձևավորվել է իշխանության և ընդդիմության միջև: Նոր իշխանությունն ինքը պետք է աստիճանաբար քանդի այդ պատերը` ինտեգրվելով հասարակությանը, ապրելով նրա դարդ ու ցավով:

Խիստ ողջունելի է, որ Նիկոլ Փաշինյանն օրական մի քանի անգամ Ֆեյսբուքով հաղորդակցվում է հասարակության հետ, փորձում է հաշվետու լինել նրան, սակայն նման քայլերը ժամանակի ընթացքում կարող են կորցնել իրենց էֆեկտը, եթե պահպանվելու է կառավարական գրասենյակների, առանձնատաների բաժանարար պատը, շարունակելու են գործել արտոնությունների նույն համակարգը, պահպանության շռայլ և չարդարացված ծախսերը: Ժողովրդական վարչապետի կերպարը և արտոնությունների այս համակարգն անհամատեղելի են և, անկեղծ ասած, մեզ չեն մոտեցնում նոր Հայաստանին, որտեղ երկրի ղեկավարը մեզանից ընդամենը մեկն է` մեր կողմից ընտրված, որպեսզի իրականություն դարձնի մեր ցանկությունները, պատկերացումները:

Եթե Նիկոլ Փաշինյանը Վալերի Օսիպյանին նշանակում է ոստիկանապետ` հասարակությանը և ոստիկանությանը սահմանազատող փշալարերը վերացնելու նպատակով, ապա առնվազն ժամանակավրեպ է հեղափոխական հարթակից կառավարական առանձնատուն տեղափոխվելը. խոշոր պարիսպները խորհրդանշում են իշխանության էլիտայի օտարումը հասարակությունից:

Եթե այդ առանձնատունը դատարկ է մնում, կարող է սիմվոլիզմ ստացվել, թե ՀՀ-ում վարչապետ չկաասում է Փաշինյանը: Իշխանության վակուումը, սակայն, լրացվում է ոչ թե շքեղ առանձնատներով, կաբինետներով, մեքենաներով կամ թիկնազորով, այլ կոնկրետ բովանդակությամբ, որպեսզի հասարակությունը զգա հին ու նոր Հայաստանների տարբերությունը: Այլապես հասարակությունը շատ արագ կճաշակի դեժավյուի դառնությունը` հիշելով 90-ականների իր հիասթափությունը 88-ի հեղափոխության առաջնորդներից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...