Հիմա տեսնում ենք ոչ թե այլ հայատյաց, այլ ուղղակի հայասպան, ոչ թե արմենոֆոբ, այլ արմենոֆաք մոտեցումը

Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Ռուսաստանում կոշտ ու վիրավորական հայտարարություններ են հնչում։ Այդ առնչությամբ Ռուսաստանի հայերի միության նախագահը դիմել է ՌԴ նախագահին ու նաև դատախազությանը, իսկ Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարում է, որ դա անհատների կարծիք է։

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ սա ոչ թե տեղեկատվական, այլ քաղաքական, անգամ աշխարհաքաղաքական խնդիր է.«Իմ խորին համոզմամբ, եթե ոչ ամենակարևորը, ապա կարևորագույն հարցերից մեկն է, որ պետք է պատասխանի մեր հեղափոխությունը։ Խոսքը մեր աշխարհաքաղաքական և արտաքին քաղաքական ընտրությունն է։ Հասկանալի պատճառներով և, փաստորեն առանց պայմանավորվելու, մենք՝ ականատեսներս, հիմա գերադասում ենք այդ մասին շատ չխոսել, որպեսզի չգրգռենք և ավելորդ ճնշում չբերենք մեր երկրի, մեր շարժման վրա։ Սակայն սա չի խանգարում այդ ամենն անել օտար երկրների վերլուծաբաններին և քաղաքական գործիչներին»,- ասաց նա։

Տեղի ունեցածը, ըստ  նրա,  ոչ թե երկու քաղաքագետների և մեկնաբանների կարծիքն է։ Ինչ վերաբերում է կոնկրետ Լեոնտևին և Յուրևին, ապա սրանք երկուսն էլ մեծահարուստ ռուս բուրժուաներ են, մասնավորապես, Լեոնտևը «Ռոսնեֆտ» ընկերության պաշտոնական խոսնակն է, այսինքն՝ Ռուսաստանում Պուտինից հետո հզորությամբ երկրորդը համարվող գործիչ Իգոր Սեչինի գաղափարական առումով ներկայացուցիչն է։ Այնպես որ նրա և նրա գործընկերոջ կարծիքները բոլորովին էլ մասնավոր տեսակետներ չեն։

«Դրանք ոչ այնքան քողարկված մոտեցումներ են Հայաստանի ու հայկական պետականության վերաբերյալ։ Դա միանգամայն ֆաշիստական, ռասիստական և գաղութային այն մոտեցումն է, որի մասին անձամբ ես տարիներ շարունակ զգուշացնում էի, և ինձ այդ ամենի պատճառով երբեմն անվանում էին ռուսատյաց։ Իսկ հիմա տեսնում ենք ոչ թե այլ հայատյաց, այլ ուղղակի հայասպան, ոչ թե արմենոֆոբ, այլ արմենոֆաք մոտեցումը, որը բնորոշ է ռուսական կայսերական իշխանությանը։ Այնպես որ մենք պետք է իրականում շնորհակալ լինենք, որ այդ գնահատականները հնչեցին։

Թե ինչու են այդ գնահատականները հնչում միայն ռադիոյով, և դեռ չեն դարձել պաշտոնական քաղաքական դիրքորոշում Ռուսաստանի կողմից, դեռ չեն վերածվել լուրջ հակահայկական գործողությունների, երկու պատճառ ունի. նախ, Ռուսաստանը աննախադեպ կերպով թուլացել է և  մոտենում է 1918 թվականի Ռուսական Կայսրության փլուզման կամ 1991-ին ԽՍՀՄ փլուզման փուլին։ Դա այն է, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք։ Երկրորդ պատճառն այն է, որ Ռուսաստանի թուլացումը, պատժամիջոցները, ռազմական ու քաղաքական մեկուսացումը զուգորդվում են Հայաստանի հանդեպ Արևմուտքի ուշադիր ու թեև չբարձրաձայնվող, բայց  բավական հստակ աջակցությամբ»,-ասաց Տիգրան Խզմալյանը՝ հավելելով, որ դա երևելի կերպով արտահայտվում է տեղեկատվական դաշտում, երբ առաջին իսկ օրվանից արևմտյան մամուլը, վերլուծական կենտրոնները ուշադրության կենտրոնում են պահում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։

Բացի այդ, նրա խոսքով, հենց առաջին օրից ինչպես ԱՄՆ պետքարտուղարության, այնպես էլ Եվրամիության կառույցների կողմից շատ հստակ գնահատականներ են հնչել.«Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարությունը ամենաթեժ պահին հորդորել է Հայաստանի արդեն նախկին իշխանությանը ապահովել իշխանության խաղաղ փոխանցում։ Կարծում եմ՝ բոլոր շահագրգիռ կողմերը լսեցին այդ զուսպ, բայց հստակ կոչը։ Փաստորեն Հայաստանը միայնակ չէ։ Իհարկե, սա մեր ներքին գործն է և մեր հեղափոխության համար ոչ մեկին պարտական չենք։ Այլ հարց է, որ սա վերջին 30 տարվա մեջ 9-րդ, թե 10-րդ փորձն է։ Այս փորձը ոչ թե ամենահզորն էր կամ նախորդ փորձերի մասնակիցներն այդքան խոհեմ չէին, այլ խնդիրն այն է, որ բարեբախտաբար, տեղի ունեցավ նաև աշխարհաքաղաքական գործոնների համընկնում, որը թույլ տվեց մեզ այս անգամ շատ լուրջ հաջողության հասնել։ Մենք միայնակ չենք և պետք է գոնե իրական վերնախավը քաջ գիտակցի, որ մեր շարժումը, մեր պայքարը հանդիսանում է համաշխարհային կարևորագույն գործընթացի բաղկացուցիչ մասը և շատ մեծ շղթայի օղակ։ Եթե մենք դա չհասկանանք, մենք կրկին դատապարտված կլինենք գավառական գաղութային մտածելակերպի և պարտության։ Եթե մենք դա հասկանանք, հաջողության կհասնենք և կդառնանք քաղաքակիրթ աշխարհի բաղկացուցիչ մաս»,-ասաց կինոռեժիսորը։

Spread the love