ՀՀԿ ընդդիմություն լինելու հանգամանքը ենթակա է պարզ հարցի՝ իսկ ո՞ւմ համար

HHK

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ կուսակցությունը պատրաստ է լինել ընդդիմություն: Այդ մասին հայտարարում են մի շարք հանրապետականներ:

Ընդ որում, դրա մասին խոսվել է նաև նախկինում, երբ ՀՀԿ-ն իշխանություն էր: Կուսակցության տարբեր ներկայացուցիչներ հաճախ էին հայտարարում, դիմելով ընդդիմությանը, թե՝ եթե կարողանան հաղթել ընտրություններում, ապա իրենք միանգամայն հանգիստ կերպով կհեռանան ընդդիմություն: Այդ հայտարարությունները անշուշտ արվում էին այն համոզմամբ, որ այդպիսի բան երբեք չի լինի: Հատկապես ապրիլի խորհրդարանի ընտրությունից հետո այդ համոզումը թերևս ավելի ամրացավ:

Ներկայումս արվող հայտարարությունները, թե պատրաստ են լինել ընդդիմություն, արդեն այլ իրականության մեջ են հնչում և արտացոլում են արդեն իշխանության ներսում եղած այլ իրականություն: Բանն այն է, որ այժմ ՀՀԿ ընդդիմություն լինելու հանգամանքը ենթակա է պարզ հարցի՝ իսկ ո՞ւմ համար: Այսինքն՝ արդյո՞ք կուսակցությունն ունի ակնկալիք, որ տեսանելի ապագայում կարող է հավակնել հանրային, այսպես ասած, համակրանքի:

Խնդիրն այն է, որ Հայաստանում հեռացած որևէ իշխանություն չի արժանացել այդ համակրանքին: Երբ ՀՀՇ-ն 1998 թվականին հեռացավ իշխանությունից, այն էլ ամենևին ոչ այնպես, ինչպես այժմ ՀՀԿ-ն, որին հասարակությունն ինքն է հեռացնում, հետո դարձավ ընդդիմություն: Բայց ընդդիմության կարգավիճակում ՀՀՇ-ն որևէ կերպ չկարողացավ դրսևորվել իբրև մրցունակ քաղաքական ուժ, որը վայելում է հանրային մեծամասնություն: Պատճառն, իհարկե, այն էր, որ թեև ՀՀՇ-ին հանրությունը չէր հեռացրել իշխանությունից, այլ ներիշխանական հեղաշրջումը, այդուհանդերձ հանրությունն ուրախ էր դրա համար: Ու թեև հետո արդեն հասարակությունը խիստ դժգոհ էր, այսպես ասած, նոր իշխանությունից, բայց գիտակցությունն ու բանականությունը բավականացրեց «բնազդաբար» հնին չգնալու համար:

Թվում է, որ 2008-ը հենց հնին գնալ էր, որովհետև ծավալվեց Լևոն Տեր-Պետրոսյանի մեծ շարժումը: Սակայն դա միայն առերևույթ: Գործնականում այդ շարժումը թափ հավաքեց հենց այն պատճառով, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ինքը դրա սկզբնական շրջանում դրսևորեց նորին գալու, հանրության նոր մտածողությունն ու նոր պահանջները բավարարելու կարողություն և պատրաստակամություն: Ի վերջո, այդ տեսանկյունից հիմնարար էր նրա հայտարարությունը, որ մարդիկ, քաղաքացիները իրեն դարձնեն խնդիրները լուծելու գործիք: Դա էր նրա շարժման թափի «գաղտնիքը», և պատահական չէ, որ այդ շարժումը ամենևին կուսակցական չէր, ամենևին քաղաքական թիմային չէր, այլ քաղաքացիական, լայն, ներառում էր անձանց, որոնք Տեր-Պետրոսյանին երբեք չէին համակրել որպես քաղգործիչ և չհամակրեցին էլ, բայց դիտարկեցին որպես հանրության տրամադրության ներքո հայտնվող գործիչ: Բավական էր, որ Տեր-Պետրոսյանը դուրս գա այդ «կարգավիճակից» և տրամաբանությունից, երբ նրա կողքն այլևս մնացին միայն սեփական երկրպագուներն ու կուսակցական համակիրները:

Ինչի՞ է հավակնում ՀՀԿ-ն՝ հայտարարելով ընդդիմություն լինելու պատրաստակամության մասին: Եվ կամ ո՞ւմ է լինելու ընդդիմություն: ՀՀԿ-ն կարող է հավակնել քաղաքական դերակատարման, նույնիսկ մայիսի 1-ից հետո, եթե ընդդիմության փոխարեն նախընտրի գործակցել նոր կառավարության հետ՝ ստանձնելով համակարգային փոփոխությունների վերաբերյալ նախաձեռնությունները իր ներկայիս դե յուրե մեծամասնությամբ հավանության արժանացնելու հարցը: Առաջին հայացքից դա ներկայումս թվում է, այսպես ասած, տարօրինակ ու պարադոքսալ մի վարքագիծ: Ինչպես է հնարավոր այդպիսի բան, երբ ՀՀԿ-ն փաստորեն կտրի այն ճյուղը, որի վրա նստած է: Բայց խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն այդ ճյուղի վրա նստած չէ արդեն վաղուց, այդ ճյուղը վաղուց է կոտրված, հետևաբար ՀՀԿ-ի համար ներկայումս խնդիրը այն է, թե ինչ անել հետո՝ մնալ «ընկած» մի՞շտ, թե՞ կարողանալ նստել:

Ի վերջո, այն, ինչը սպասվածի ու տրամաբանականի շրջանակում է ՀՀԿ վարքագծի առումով, տեսանք մայիսի 1-ին: Ու տեսանք, և ՀՀԿ-ն տեսավ թերևս, թե ինչի է բերում «սպասվածի շրջանակում» գործունեությունը: Ըստ այդմ՝ ՀՀԿ-ից պահանջվում է ոչ ստանդարտ վարքագիծ՝ գործած սխալները քիչ թե շատ ուղղելու և ռեաբիլիտացման ճանապարհի վրա տեղ ունենալու համար: ՀՀԿ-ն այդ իմաստով կարող է լինել ընդդիմություն, բայց արդեն խորհրդարանական մյուս ուժերին՝ ընդդիմություն նոր կառավարության նախաձեռնություններին աջակցելու մասով, թե ո՞վ է լինելու այդ նախաձեռնությունների խորհրդարանական ֆորմալիզացիայի «գործիքը»:

Ինչ խոսք, դժվար է պատկերացնել, որ Հանրապետական կուսակցությունը կգա քաղաքական այդօրինակ որոշման, առավել ևս, երբ պարզ չէ, թե ի վերջո՝ հիմա ինչ է Հանրապետական կուսակցությունը, ովքեր են կուսակցությունը, ում վրա է այն հենված, որն է կորիզը և այլն: Բայց խոշոր հաշվով խնդիրը այդ տիրույթում է՝ կա՛մ ՀՀԿ-ն կմնա քաղաքականության մեջ նոր կառավարությանն աջակցելու միջոցով, հետո քաղաքական ընդդիմություն լինելուն հավակնելու համար, կա՛մ ՀՀԿ-ն չի կարող դառնալ ընդդիմություն ամենամեծ ցանկության դեպքում անգամ, որովհետև որևէ այլ դասավորության դեպքում կուսակցությունը դուրս է լինելու քաղաքական տրամաբանությունից և դիտարկվելու է Հայաստանում հակաքաղաքականության խորհրդանիշ:

Spread the love