ՀՀԿ-ն խորհրդարանում ու տեղական ինքնակառավարման մարմիններում պահպանում է իր դիրքերը

- in Կեղտոտ լվացք
AJ

Երեկ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց անհնազանդության բոլոր ակցիաները և այլևս Հայաստանում որևէ ճանապարհ չփակել:

Նա նշեց, որ անհասկանալի է, թե այսօր ում դեմ են ակցիաները: Ըստ վարչապետի՝ «Իմ քայլը» ակցիայի առանցքային նպատակը եղել է ՀՀ քաղաքացու հաղթանակը, ՀՀ քաղաքացին հաղթել է, իսկ հաղթանակի առանցքային արդյունքը ոչ թե այն է, որ ինքը ընտրվել է ՀՀ վարչապետ, այլ այն, որ քաղաքացին է որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ:

Ավելի վաղ նման կոչ էր արել տարածքային կառավարման նոր նախարարը: Լեւոն Տեր-Պետրոսյանը հոդված էր գրել, որում զգուշացնում է անկառավարելի քաոսի մասին, իսկ Շանթ Հարությունյանը խնդրել է 2-3 ամիս ժամանակ տալ Նիկոլ Փաշինյանին:

Ստացվում է, որ այդ ակցիաները նոր կառավարության դեմ են, կամ նրա դեմ են աշխատում: Հայաստանում տարիներով կուտակված խնդիրները մարդկանց հանել են փողոց, առավել եւս հեղափոխական ժամանակներում, առավել եւս այն բանից հետո, երբ այդ թվում փողոցներ փակելով հնարավոր դարձավ մասնակի իշխանափոխությունը:

Այդ ակցիաները հնարավոր է բազմաշերտ են՝ արդարացի պահանջների կողքին չեն բացառվում նաեւ հաշիվների մաքրումն ու ուղղորդումները, նաեւ սաբոտաժի դրսեւորումները: Նիկոլ Փաշինյանը, սակայն, հայտարարեց, որ երկրում սաբոտաժ չկա: ՀՀԿ-ն էլ հայտարարեց, որ կապ չունի այդ ակցիաների հետ եւ մտադիր չէ սաբոտաժ անել:

Մյուս կողմից, ՀՀԿ-ի կառավարման հետեւանքով Հայաստանում ամենուր ոչ թե Ավգյան ախոռներ են, այլ ավելի ահավոր երեւույթներ, ընդ որում՝ օրենքով ու «թղթերով» պաշտպանված: Կամ, ինչպես Սերժ Սարգսյանը կասեր, թղթերով ամեն ինչ կարգին է:

Հենց սա էլ շատերի մոտ առաջացնում է հարցը, թե ուրիշ ի՞նչ ձեւով կարելի է լուծել այդ խնդիրները, եթե ոչ «թավշյա հարկադրանքի» միջոցով, առավել եւս հեղափոխական ժամանակներում: Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն էլ ըստ էության այդպես դարձավ վարչապետ:

Քաղաքացիական շարժման ներկայացուցիչներից ու քաղաքագետներից շատերն այն տեսակետին են, որ Հայաստանում ստեղծված այս իրավիճակը, երբ նոր իշխանությունը կանգնել է նման խնդրի առաջ, արդյունք է այն բանի, որ հանրությունը նոր կառավարությանը տվել է շատ կոնկրետ մանդատ՝ արտահերթ ընտրությունների անցկացումն ու երեք առանցքային օրենքների՝ Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների մասին եւ Դեկապիտալիզացիայի օրենքների ընդունումը, որը համակարգային փոփոխությունների հիմքն է: Այլ մանդատ ու պայմանավորվածություն չի եղել, ասում են նրանք:

Մյուս կողմից, նշում են նրանք, տպավորություն է, որ կառավարությունը «մոռացել» է իր հիմնական մանդատի մասին ու հիմնական գործառույթներ է վերցրել իր վրա, որով էլ պայմանավորված է ստեղծված իրավիճակը:

ՀՀԿ-ն խորհրդարանում ու տեղական ինքնակառավարման մարմիններում պահպանում է իր դիրքերը եւ, ինչպես ցույց են տալիս վերջին դեպքերը, նույնիսկ փորձում ամրապնդել դրանք:

Թե առանցքային այդ օրենքների ընդունումը, թե շատ այլ խնդիրների լուծումը Ազգային ժողովում խնդրահարույց է, դրա համար մեծամասնություն է պետք, որը կառավարությունը չունի: Այս պայմաններում ժամանակը կսկսի աշխատել կառավարության դեմ:

Հիմա, ինչպե՞ս հաղթահարել «սահմանադրական խոչընդոտը» ՀՀԿ մեծամասնության պայմաններում եւ ընդունել համակարգային փոփոխությունների համար անհրաժեշտ այդ օրենքները, որոնք կքանդեն օլիգարխիկ համակարգը: Հռչակվել է սեր եւ համերաշխություն, կառավարությունն առայժմ կոչ է անում դադարեցնել ակցիաներն ու անհնազանդության դրսեւորումները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20