Ինչու և ինչպես ՀՀԿ-ն փոխեց որոշումը

HHK

Երեկ խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, թե ինչու մայիսի մեկից հետո ՀՀԿ-ն փոխեց իր դիրքորոշումը։

«Մենք տեսանք, որ ցույցի մասնակիցներն ու կազմակերպիչները չեն դադարեցնում ակցիաները։ Եթե ՀՀԿ-ն հայտարարություն չտարածեր, դա նշանակում էր պարալիզացվում էր ներքաղաքական իրավիճակը, ինչը հղի էր այլ վտանգներով», ասել է նա։

Անհեթեթ բացատրություն է, եւ առավել եւս բացահայտում է ՀՀԿ-ի անհամարժեքությունը, եթե իսկապես մտածում էին, որ մայիսի 1-ին դեմ քվեարկելով՝ կմարի շարժումը:
Մյուս կողմից, Վահրամ Բաղդասարյանի նշած վտանգները պետք է հասկանալ այլ կերպ, եւ գուցե այստեղ է հարցի պատասխանը՝ ՀՀԿ-ականները վտանգ զգացին անձնապես, երբ ցուցարարները սկսեցին շրջափակել նրանց տներն ու սեւ ժապավեններ կախեցին փողոցներում՝ կոնկրետ անուններով:

ՀՀԿ-ում երեւի մտածել էին, որ եթե հայտարարվում է սեր եւ համերաշխություն, դրան կհետեւի նաեւ ախպերությունը: Նրանք սակայն հասկացան, որ իրենց պատկերացրածն արդեն չկա, կա մեկ այլ իրականություն՝ իր պատկերացրած քաղաքացիական համերաշխությամբ:

ՀՀԿ-ն երեկ հայտարարեց, որ այս անգամ Հայաստանը վարչապետ կունենա: Ըստ տեղեկությունների, ՀՀԿ-ում նաեւ որոշել են, թե ովքեր են քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին: Այսպես ասած քաղաքական թեւը դեմ է քվեարկելու, կողմ են քվեարկելու օլիգարխները, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Այս որոշումը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն այդպես էլ ոչինչ չհասկացավ եւ կորցրեց ասպարեզից արժանապատիվ հեռանալու շանսը: Որովհետեւ Նիկոլին կողմ քվեարկելը մեխանիկական գործողություն կամ սկզբունքայնության հարց չէ, այլ՝ ժողովրդական շարժման հաղթանակը ամրագրելու ու Նիկոլին պատասխանատվության տակ դնելու միջոց: Շարժման հաղթանակը պետք է, որպեսզի այդ թվում ՀՀԿ-ականների երեխաներն ապրեն արժանապատիվ, մարդկային կյանքով, քան իրենց ծնողները:

Մայիսի 1-ից հետո ՀՀԿ-ն հայտնվել էր ծուղակում եւ փաստացի վերածվել հայ ժողովրդի թշնամու: ՀՀԿ-ի որոշումը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն ի վիճակի չէ դուրս գալ դրանից եւ դեռ հույս ունի ինտրիգների ու գործարքների միջոցով պահել մանդատներն ու դիրքերը:

Spread the love