ՀՀ վարչապետը Ստեփանակերտի հուշահամալիրում հարգել է զոհվածների հիշատակը, այցելել Շուշի

- in Պաշտոնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու մի խումբ պաշտոնատար այրեր, հասարակական գործիչներ Ստեփանակերտի հուշահամալիրում մասնակցեցին Հայրենական պատերազմում, Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակի ոգեկոչման արարողությանը:

Նրանք ծաղկեպսակ դրեցին ու հարգանքի տուրք մատուցեցին հաղթանակներ կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին:

Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում Նիկոլ Փաշինյանը կնոջ ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեց Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին՝ իր զորակցությունը հայտնելով նաև զոհվածների հարազատներին:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն ուղևորվեցին Շուշի, որտեղ հիշատակի արարողություն տեղի ունեցավ սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ: Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը մասնակցեցին Շուշիում հայկական դրամի թանգարանի բացմանը: Թանգարանում ցուցադրվելու են հին հայկական Ծոփքի հայոց թագավորության, Արտաշեսյան տոհմի, Կիլիկյան Հայաստանի, ռուսական կայսրության և ԽՍՀՄ ժամանակների մետաղադրամներն ու թղթադրամները, Հայաստանի ժամանակակից բոլոր թողարկումները:

ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը շրջել են թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին:
Շուշիում երեկոյան ևս միջոցառումներ են նախատեսված՝ մեծ համերգ, որից հետո՝ հրավառություն:

Spread the love