ՀՅԴ-ից նոր պատգամավորներ կլինեն Ռուզաննա Առաքելյանն ու Սպարտակ Սեյրանյանը

HYD

Ազգային ժողովում մանդատը վայր դրած ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Բաբայանին կփոխարինի կուսակցության համամասնական ցուցակի հերթական համարի տակ գրանցված թեկնածուն: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը հայտնեց, որ ՀՅԴ համամասնական հերթական համարի թեկնածուն Սպարտակ Սեյրանյանն է: 

Ավելի վաղ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Արմենուհի Կյուրեղյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Վարդանյանին էլ խորհրդարանում կփոխարինի Ռուզաննա Առաքելյանը:

«Այսօր լրանում է ժամկետը, երբ Աղվան Վարդանյանը կարող է հետ վերցնել մանդատը վայր դնելու մասին դիմումը: Եթե այսօր դա տեղի չունենա, վաղը կլինի հայտարարություն, որ նրան Ազգային ժողովում կփոխարինի կուսակցության համամասնական ցուցակի հերթական համարի թեկնածուն, ով տվյալ դեպքում Ռուզաննա Առաքելյանն է»,- մանրամասնեց Կյուրեղյանը:

Արմեն Բաբայանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել բիզնեսով զբաղվելու համար: Աղվան Վարդանյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել, քանի որ դեմ էր գնացել ՀՅԴ որոշմանն ու մայիսի 1-ին չէր մասնակցել վարչապետի ընտրության քվեարկությանը: ՀՅԴ-ն վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկելու որոշում ուներ, սակայն Վարդանյանը հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը, իսկ եթե կուսակցությունը պահանջի, պատրաստ կլինի վայր դնել պատգամավորական մանդատը: Աղվան Վարդանյանը հեռացվել է նաև ՀՅԴ-ից:

Spread the love