Հնարավորինս արագ արտահերթ ընտրություն կազմակերպելը Նիկոլ Փաշինյանի համար թերևս պետք է լինի կարևոր նպատակ

- in Հրապարակ

Հայաստանում ստեղծվում է իսկապես արտառոց քաղաքական իրավիճակ, երբ խորհրդարանն ու վարչապետը կարող են կապված չլինել ընդհանուր քաղաքական շրջանակով և ամեն ինչ կառուցված լինի քաղաքական համաձայնության վրա, այն էլ առնվազն ներկայումս քաղաքական փոքրամասնության շրջանակում:

Կձևավորվի՞ նոր մեծամասնություն, թե՞ ոչ, կախված է այն բանից, թե ինչպիսին կլինի ՀՀԿ խմբակցության ճակատագիրը: Նոր մեծամասնության համար անհրաժեշտ է, որ այդ խմբակցության գոնե մոտ տասը պատգամավոր հայտարարեն հեռանալու մասին և միանան «Ելք», «Ծառուկյան», ՀՅԴ եռյակին: Եռյակը ունի 47 մանդատ և պարզ մեծամասնության համար բավարար է ևս 6-ը, իսկ ապահովության համար գոնե մոտ տասը, այն դեպքում, եթե պատգամավորներից մի քանիսը բացակայեն: Բայց դա դեռ ամբողջը չէ, քանի որ կան համակարգային օրենսդրական փոփոխություններ, որոնք պահանջելու են երկու երրորդի աջակցություն: Այդ դեպքում մեծամասնություն ունենալու համար կպահանջվի ՀՀԿ խմբակցության ավելի մեծ տրոհում: Բայց դա էլ դեռ ամբողջը չէ, որովհետև կստացվի բավականին խայտաբղետ մի մեծամասնություն, որտեղ թելադրող են ըստ էության բոլոր չորս միավորները: Իսկ դա ստեղծում է անկանխատեսելի վիճակ:

Մյուս կողմից, ուժեղ վարչապետական համակարգը այդ իրավիճակում կարող է փոքր-ինչ հավասարակշռել իրավիճակը, քանի որ զուտ առօրյա աշխատանքի համար Նիկոլ Փաշինյանը կունենա բավարար լծակներ, և ըստ այդմ, գոնե այդ մասով կախվածություն չի ունենա խորհրդարանի թեկուզ նոր մեծամասնությունից: Սակայն գլխավոր հարցն ի վերջո արտահերթ ընտրության հասնելն է, քանի որ դա պետք է նաև Նիկոլ Փաշինյանին: Ներկայումս նա վերելքի վրա է՝ հանրային մեծ վստահությամբ: Որքան ժամանակ անցնի, որքան հանրության էյֆորիան անցնի, և արդեն վարչապետի նկատմամբ ներկայացվեն ավելի շուտ պրագմատիկ պահանջներ կյանքի որակը և վիճակը բարելավելու մասով, այդքան առաջանալու է անհամապատասխանություն՝ արդյունքի և պահանջների: Ընդ որում դա միանգամայն օբյեկտիվորեն, քանի որ խնդիրները իսկապես ահռելի են, և ամբողջ հարցը ոչ թե այն է, որ ՀՀԿ-ն դա չէր կարողանում լուծել, իսկ Նիկոլը կլուծի, այլ այն, որ ՀՀԿ-ն դա պարզապես չէր ցանկանում լուծել, չուներ անհրաժեշտ որակները մտածողության, կամքի, աշխարհընկալման մասով:

Մինչդեռ մի բան է լուծելու կամքը և իրական նպատակադրումը, համոզումը ճանապարհի, ուղղության, ընթացքի մասով, այլ բան՝ արդյունքի արագ հասանելիությունը օբյեկտիվորեն: Ըստ այդմ, օբյեկտիվորեն լինելու է հիասթափության «էֆեկտ», ինչն էլ իր հերթին ազդեցություն է թողնելու վարկանիշի վրա: Դրան զուգահեռ, բնականաբար, Նիկոլի վարկանիշի վրա հակառակ ուղղությամբ աշխատելու են բոլորը, այդ թվում՝ ոչ միայն նրան ընդդիմադիր դարձող ՀՀԿ-ն՝ իր արբանյակներով, այլ նաև այն ուժերը, որոնք ներկայիս իրավիճակից ելնելով աջակցել են նրան ՀՀԿ-ին հեռացնելու հարցում: Հեղափոխությունը տեղափոխվում է քաղաքական անցուդարձի հուն, և այժմ արդեն այդ ուժերի խնդիրը լինելու է Նիկոլին հեռացնելը: Եվ որքան հեռու լինի արտահերթ ընտրությունը, այդքան կարող է Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին հեռացնելը լինել ավելի դյուրին, թեկուզ համեմատաբար: Եթե ոչ ուղիղ իմաստով հեռացնելը, ապա նոր խորհրդարանում նրանց ներկայության հնարավոր ծավալները նվազեցնելը կդառնա ավելի դյուրին:

Այդպիսով, հնարավորինս արագ արտահերթ ընտրություն կազմակերպելը Նիկոլ Փաշինյանի համար թերևս պետք է լինի կարևոր նպատակ, քանի դեռ նա «ձիու վրա» է, կամ ինքն է «զորահանդեսի հրամանատարը»: Սակայն այդ հարցում, իհարկե, խաղի նոր կանոններ մշակելը պահանջելու է խորհրդարանական որոշակի մեծամասնություն: Այստեղ է, որ վարչապետը կարող է հայտնվել միանգամից մի քանի ուժերի թելադրանքի ներքո, ընդ որում նույնիսկ այն ուժերի, որոնք կազմում են «Ելք» դաշինքը, որ ներկայացնում է դեռևս Նիկոլ Փաշինյանը: Այսինքն՝ խոսքը գործնականում ավելի մեծ թվով ուժերի մասին է: Մյուս կողմից, այդ ուժերը թերևս պետք է հասկանան, որ, խոշոր հաշվով, կամ գտնում են բոլորը՝ քաղաքական ազատ մրցակցության հնարավորություն, կամ կորցնում են բոլորը՝ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը: Որովհետև, մյուս կողմից, ժամանակը թեև չի աշխատելու նրա օգտին, այդուհանդերձ ամենևին միարժեք չէ այն, որ ժամանակն աշխատելու է մյուսների օգտին, որովհետև, վերջին հաշվով, նրանցն է առաջնային մանդատը ու, հետևաբար, իրավիճակի համար քաղաքական պատասխանատվությունը:

Ըստ այդմ, իրավիճակը մի կողմից արտառոց է և թվում է, թե պոտենցիալ ճգնաժամային, մյուս կողմից, այստեղ է թերևս խորհրդարանական կառավարման համակարգի կամ մոդելի ամբողջ հմայքը, իր բոլոր թերություններով հանդերձ: Բանն այն է, որ այդ մոդելը ստեղծում է միջավայր, որտեղ հանգուցալուծումներն ուղղակի պարտադրում են քաղաքական կոնսենսուս, այլապես ակնհայտ է դառնում, որ պատասխանատվության տակ և կորստի առաջ են կանգնում բոլորը, որովհետև չկա մեկի պատասխանատվություն: Ինչ խոսք, եթե Սերժ Սարգսյանը մնար վարչապետի պաշտոնում, այդ Հայաստանը կանգնելու էր այդ մոդելի, այսպես ասած, արատները ճաշակելու դառնության առաջ, սակայն Սարգսյանի հրաժարականը բացել է խորհրդարանական կառավարման մոդելի քաղաքական էֆեկտը արտահայտելու պատմական հնարավորություն, որը կարող է լինել հեղափոխության արդեն երկարաժամկետ արդյունքը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20