Հրազդանցի երիտասարդը հղի կնոջը տանը թողած՝ նախկին սիրուհուն տանից առևանգել է՝ խնդրելով վերականգնել կապը

- in Իրավունք
axjik paxcnel

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գոռ Շահբազյանի նախագահությամբ ավարտվել է Հրանտ Հ.-ի գործի դատական քննությունը:

24-ամյա Հրանտին մեղադրանք էր առաջադրվել մարդու առևանգման ու ապօրինի, տանտիրոջ կամքին հակառակ նրա տուն մտնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին և 147 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հուլիսի 1-ին, ժամը 17-ի սահմաններում Հրանտ Հ.-ն գնացել է ընկերուհու՝ Ասյա Ժ.-ի (անունը փոխված է) փաստացի բնակության վայր հանդիսացող բնակարան՝ նրա հետ հաշտվելու:

Ասյան դուռը չի բացել, այդ ժամանակ տան մուտքի դուռը Հրանտն ինքն է բացել՝ Ասյայի կամքին հակառակ, ապա Ասյային բացահայտ առևանգելու դիտավորությամբ, սկզբում հրելով դուրս է հանել բնակարանից, ապա գցել է շալակն ու իջեցրել է բակ, բռնությամբ նստեցրել է իր մեքենան և քաղաքից դուրս է բերել:

Նախաքննության ընթացքում Հրանտ Հ.-ն ցուցմունքներ տալուց հրաժարվել է, իսկ դատարանում, ըստ դատական ակտի, տվել է հակասական ցուցմունքներ:

Նա նշել է, որ Ասյայի տան դուռը փակ էր, ճիշտ է, բայց իր մուտք գործելը Ասյայի կամքին հակառակ չի եղել: Երբ ինքը մտել է բնակարան, Ասյան հարցրել է՝ ինչո՞ւ ես եկել: Ինքը Ասյայի նկատմամբ բռնություն չի գործադրել, չի առևանգել նրան, պարզապես իրար ձեռք բռնած իջել են բակ, նստել են մեքենա:

Կողմերի հարցերին պատասխանելով՝ Հրանտն ասել է, թե Ասյան չի ցանկացել իր հետ գնալ, նույնիսկ գոռացել է իր վրա, ինքը շենքի մուտքում մի պահ գրկել է նրան, խնդրել է, որ հանգիստ խոսեն:

Ամփոփելով իր ցուցմունքը՝ Հրանտը հայտնել է, թե սիրել է Ասյային, մտածել է, թե նա ցանկանում է, որ ինքը մտնի նրա բնակարան:

Գործով տուժող Ասյա Ժ.-ն հայտնել է, թե բնակվում է անչափահաս որդու հետ: Շուրջ երկու տարի ընկերություն է արել Հրանտի հետ: Չնայած Հրանտն ամուսնացած էր, իրենք միասին են ապրել: Բայց տեսնելով, որ Հրանտը «սիրահարվել է իրեն», ինքը փորձել է նրանից հեռու մնալ ու նրա ընտանիքը չքանդել: Հրանտը զանգել է, ինքը զանգերին չի պատասխանել:

Հերթական անգամ 2017 թվականի հունիսի 29-ին Հրանտին պատահաբար հանդիպել է բակում, միասին գնացել են նրա սննդի օբյեկտ: Այնտեղ վիճել են իրար հետ, Հրանտը ձեռքերով ու ոտքերով իրեն ծեծել է: Ինքը հաղորդում է տվել ոստիկանությունում, հետո բողոքը չի պնդել, այդ մասով Հրանտը քրեական հետապնդման չի ենթարկվել…

2017 թվականի հուլիսի 1-ին, ժամը 17-ի սահմաններում ինքը խոհանոցում էր, երբ բնակարանի դուռը բացել ու ներս է մտել Հրանտը: Նա առաջարկել է, որ խոսեն ու հաշտվեն: Ինքը պահանջել է, որ նա բնակարանից դուրս գա: Միաժամանակ ձևացրել է, թե զանգում է ոստիկանություն:

Հրանտը նյարդայնացել է, պահանջել է, որ միասին գնան բնակարանից: Ինքը հրաժարվել է:

Նա իրեն հրելով դուրս է բերել բնակարանից, հանել է շքամուտք, հետո գրկել, շալակել է՝ գցել է ուսին ու այդպես իջեցրել է բակ, տարել է մոտ 12 մետր հեռու կանգնած մեքենայի մոտ, ուսից իրեն իջեցրել է, բացել է մեքենայի դուռը, ապա հրելով իրեն նստեցրել է մեքենա:

Այդ պահին նկատել են, որ բակում այդ ամենը տեսել է իր անչափահաս որդին ու գոռգոռում է: Հրանտը նրան առաջարկել է նստել մեքենա, երեխան նստել է: Հրանտը մեքենան արագ քշելով հեռացել է: Ինքն ընթացքում փորձել է բացել մեքենայի դուռը, բայց չի կարողացել: Հրանտն իրեն տարել է Երևան-Սևան մայրուղուն հարակից դաշտ, այնտեղ պահանջել է, որ ինքը հետ վերցնի ծեծի վերաբերյալ իր բողոքը: Որոշ ժամանակ հետո Հրանտի հետ մեքենայով գնացել են նրա սննդի օբյեկտ, որտեղ գիշերել են: Հաջորդ օրը ինքն ու երեխան վերադարձել են տուն:

Ասյայի անչափահաս երեխան ասել է, թե Հրանտի մեքենան է նստել մորը մենակ չթողնելու համար: Հրանտը մեքենան վարել է դաշտ, այնտեղ նա մոր հետ ինչ-որ բան է խոսել, հետո իրենց տարել է սննդի օբյեկտ, իսկ հետո իրենք տուն են գնացել:

Դատարանը հաստատված է գնահատել Հրանտ Հ.-ին առաջադրված մեղադրանքները, հաշվի է առել, որ նրա խնամքին է մեկ մանկահասակ երեխա, ծնված՝ 2017 թվականի հուլիսին:

Այսինքն, երբ Հրանտն ընկերուհուն ուսին դրած առևանգում էր, նրա կինը ինն ամսական հղի էր… Ընդ որում՝ դատարանը Հրանտի կնոջ հղիության փաստը գնահատել է որպես Հրանտի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներից մեկը: Մեղմացնող հանգամանքներ են համարվել նաև Հրանտի կողմից արարքի համար զղջալը, տուժող Ասյայի հետ հաշտվելը, տուժողի խնդրանքը՝ Հրանտին քրեական պատասխանատվության չենթարկելու մասին:

Դատարանը, նկատի ունենալով, որ Հրանտը ընտանիքի միակ կերակրողն է, նրա երեխան ծնվել է դեպքից հետո, նրա ընտանիքը նյութական ու բարոյական ծանր վիճակի մեջ չգցելու համար որոշել է Հրանտի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն…

Հրանտ Հ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին և 147 հոդվածի 1-ին մասերով ու վերջին հաշվով դատապարտվել է 2 տարի ազատազրկման ու 50 հազար դրամ տուգանքի: Դատարանի որոշմամբ՝ ազատազրկման ձևով պատիժը Հրանտ Հ.-ի նկատմամբ պայմանականորեն չի կիրառվի, սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Spread the love