Մանե Թանդիլյանը` սոցիալական ոլորտում վերհանված խնդիրների մասին

- in Սոցիալական

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված դիմումների քանակը մեկ շաբաթվա ընթացքում կտրուկ ավելացել է: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր կողմից գլխավորելու առաջին մեկ շաբաթվա ընթացքում՝ մայիսի 15-21-ին, կտրուկ ավելացել է նախորդ համեմատելի ժամանակահատվածում նախարարությանը և անձամբ իրեն հասցեագրված դիմումների քանակը՝ 3.5 անգամ՝ հասնելով 211 դիմումի:

«Եվ սա ընդամենը մեկ շաբաթում, չհաշված սոցիալական ցանցերը: Հարյուրավոր դիմումներ, բողոքներ, առաջարկություններ եմ ստանում նաև ֆեյսբուքի միջոցով։ Ակնհայտ են հասարակության դրական սպասումները՝ տարիների ընթացքում կուտակված խնդիրների լուծումները մարդկանց համար դարձել էին չկատարվող երազանքներ, և նոր իշխանությունից յուրաքանչյուր քաղաքացի սպասում է բոլոր խնդիրների շուտափույթ լուծում»,- նշել է Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով, անվերջանալի թվացող այս խնդիրները պահանջում են արագ և արդյունավետ, որոշ դեպքերում՝ հեղափոխական, լուծումներ: Նախարարն ընդգծեց, որ սրանով է պայմանավորված իր անձնական ծանրաբեռնվածությունը՝ կապված քաղաքացիների ընդունելության, լրագրողների հետ շփման հետ:

«Իմ քաղաքական գործունեությունը միշտ եղել է թափանցիկ, նախարարի պաշտոնում այդ ամենը լինելու է ավելի մեծ պատասխանատվությամբ: Յուրաքանչյուր խնդրի ծանոթանալով անձամբ՝ ուսումնասիրել եմ նաև ազատամարտիկներին, զինվորականներին և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող հաշմանդամության խմբի հետ կապված խնդիրը: Հսկողական փորձաքննության շրջանակներում հայտնաբերվել են դեպքեր, երբ հաշմանդամության խմբերը տրվել են առանց հիմնավորող փաստաթղթի, դիտարկվել են խախտումների այլ դեպքեր: Բժշկասոցիալական փորձաքննության գործառույթներում առկա համակարգային խնդիրներից ելնելով՝ այսօր հանձնարարել եմ դադարեցնել հսկողական վերափորձաքննությունները և խախտումների վերաբերյալ փաստերը ուղարկել իրավապահ մարմիններին»,-նշել է նախարարը:

Միևնույն ժամանակ, Մանե Թանդիլյանի տեղեկացմամբ, չարաշահումների արդյունքում վիճելի կարգավիճակում հայտնված անձանց մասով քննարկվում են հնարավոր շուտափույթ լուծումները, որի արդյունքում այդ անձինք կշարունակեն ստանալ իրենց գումարները մինչև հարցին կտրվի ամբողջական և վերջնական լուծում:

«Մենք հասկանում ենք, որ սոցիալապես անապահով յուրաքանչյուր քաղաքացու, ընտանիքի մեկ օր ավել աղքատությունն անընդունելի է, և անում ենք առավելագույնը արագ դրական արդյունքներ արձանագրելու համար»,-հավելել է նախարարը:

Spread the love