Մարդիկ ավանդները հանել են, դրել են դոշակի տակ, հետո նորից բերել են բանկ

Artur Javadyan

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը երկրի նոր կառավարության հետ աշխատելու հարցում որևէ խնդիր չի տեսնում:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, աշխատելո՞ւ է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հետ, Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ ԿԲ-ն անկախ մարմին է, որը գործում է Սահմանադրությանը համապատասխան:

«Իմ պաշտոնավարման ժամկետը մինչև 2020 թվականն է: Հենց դրա համար էլ մենք անկախ մարմին ենք, որպեսզի բոլոր կառավարությունների հետ էլ աշխատենք: Որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Ջավադյանը: Նա հավելեց, որ ԿԲ-ն պրոֆեսիոնալ մարմին է, որը շատ լավ կատարում է իր աշխատանքը:

Հայաստանի բանկային համակարգից գումարի արտահոսք չկա, համակարգում այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին արտառոց երևույթներ չեն նկատվել: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Ըստ նրա՝ բանկերում իրենք մոնիթորինգ են իրականացրել, արձանագրել են, որ մարդիկ ժամկետից շուտ խզել են ավանդների մասով պայմանագրերն ու տարել ավանդները: Խոսքը տասնյակ միլիոնների մասին է, բայց ԿԲ նախագահը հստակ թիվ չնշեց:

«Բավականին մեծ գումարներ են հանվել, ճիշտ չի լինի թիվը հրապարակել: Էդ փողի մեծ մասը դեռևս մայիսի 10-ից հետո արդեն վերականգնվել է: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մարդիկ ավանդները հանել են, տարել են պահել հատուկ դեպոզիտարիաներում, մի մասն էլ՝ դոշակի տակ, հետո նորից բերել դրել են բանկ: Եվ այդտեղ տուժել են, քանի որ ունեցել են 6 տոկոսով դրված ավանդ, հիմա դարձել է 4 տոկոս: Անվստահությունը, որ իրենք հայտնել են այդ համակարգին, հիմա բերել է դրան»,- ասաց ԿԲ նախագահը:

Նա նշեց, որ երկրից գումարների արտահոսքերի հետ կապված մեծ միտումներ չկան, անհանգստանալու կարիք չկա:

Spread the love