Մարդիկ մեքենաներ չեն, նրանք շատ ավելի բարդ են. Independent-ը զրուցել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ

- in Պաշտոնական

Բրիտանական Independent-ն ընդարձակ հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ պարբերականի թղթակցի զրույցը: «Հայաստանի նախագահն ասում է՝ պատրաստ է կանգնել ոստիկանության և ցուցարարների միջև». այսպես է վերնագրել հոդվածը հեղինակավոր պարբերականը:

«Որպես «Տետրիս» համակարգչային խաղի ստեղծման ակունքներում կանգնած գիտնականներից մեկը՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ասում է, որ նա քաղաքական հարցերում հաճախ դիմում է տրամաբանական մոդելների օգնությանը: Սակայն իր երկրի դրամատիկ հեղափոխության կամ ինչպես ինքն է ասում՝ «ժողովրդավարական փոփոխության» հարցում շատ քիչ բան կար, որ նա կարող էր կանխատեսել մաթեմատիկայի միջոցով»,-  գրում է լրատվամիջոցը՝ մեջբերելով նախագահի խոսքերը. «Մարդիկ մեքենաներ չեն, նրանք շատ ավելի բարդ են»:

Independent-ը նշում է, որ Հայաստանում 2018 թվականին խորհրդարանական կառավարման անցում կատարելուց հետո Արմեն Սարգսյանի ղեկավարած նախագահի գրասենյակը ըստ էության ոչ քաղաքական բնույթ ուներ: Լրատվամիջոցը նշում է, որ Միացյալ Թագավորությունում երկար տարիներ որպես ՀՀ դեսպան աշխատած Սարգսյանին անգամ տրվեց «Բրիտանական Թագուհի» կեղծանունը՝ հաշվի առնելով նրա արարողակարգային պարտականությունները: Սակայն Հայաստանում սկսված զարգացումների ժամանակ նախագահն անսպասելիորեն հայտնվեց կենտրոնական կետում՝ դառնալով կարևոր միջնորդ:

«Բարդ աշխատանք էր կողմերին մեկ տեղ բերելը: Ես արեցի բաներ, որոնք սովորաբար չեն ակնկալում նախագահից, օրինակ` գնացի դեպի ամբոխը: Անհնարին էր անել աշխատանքը պարզապես գրասենյակում նստելով»,- պատմել է ՀՀ նախագահը: Independent-ը նշում է, որ ապրիլի 21-ին ցուցարարների մոտ՝ Հանրապետության հրապարակ գնալու նախագահի որոշումը շրջադարձային նշանակություն ունեցավ: «Շատերը հրապարակում, այդ թվում և Փաշինյանը, կասկածամիտ էին նրա հարցում, քանի որ նրա մեջ տեսնում էին վարչապետի մերձավոր դաշնակցին: Որոշներն անգամ նրան հասցեին մեղադրանքներ հնչեցրին Բրիտանիայի նախկին քաղաքացիության համար: Սակայն Սարգսյանն ասում է, որ «ֆանտաստիկ» փորձառություն ունեցավ հրապարակում և ցուցարարների առաջնորդի հետ իր հարաբերությունները որակեց որպես «կառուցողական»,- գրում է բրիտանական պարբերականը:

Լրատվամիջոցը նշում է, որ նախագահը խոստացավ և արդեն հաջորդ օրը (ապրիլի 22-ին) կազմակերպեց հանդիպում Նիկոլ Փաշինյանի և այդ ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանի միջև: «Ես շեշտեցի, որ իրադրությունը պետք է լուծում ստանա երկխոսության միջոցով՝ սահմանադրության շրջանակում»,- նշել է Արմեն Սարգսյանը: Independent-ը գրում է, որ արդեն ապրիլի 22-ին Սարգսյանի և Փաշինյանի հանդիպմանը կողմերը չկարողացան գալ ընդհանուր հայտարարի, իսկ ժամեր անց իրադրությունն ավելի լարվեց պատգամավորների և շուրջ 2 հարյուր ցուցարարների բերման ենթարկելու պատճառով:

Նախագահ Սարգսյանը Independent-ի հետ զրույցում ասել է, որ դա այն զարգացումը չէր, որը նա ողջունելի կհամարեր: Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ, նախագահական նստավայրում ապրիլի 23-ին կայացել է հանդիպում, որին մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նույն օրը ազատ արձակվեցին ձերբակալված պատգամավորները՝ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը: Ապրիլի 23-ին հրաժարականի մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը:

«Մենք բոլորս սովորում ենք, և ես պատրաստ եմ նորից ներգրավվել, եթե իրերը սխալ ուղով ընթանան: Պատրաստ եմ կանգնել ոստիկանության ու ցուցարարների միջև, եթե անհրաժեշտ լինի»,- ասել է ՀՀ նախագահը:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին՝ Արմեն Սարգսյանը նրան անվանել է «տաղանդավոր քաղաքական գործիչ»: «Սակայն կառավարությունը ղեկավարելը բացարձակապես տարբերվող մարտահրավեր է: Նա պետք է պատասխաններ տա բոլոր հարցերին, որոնք կհնչեցվեն: Եվ մարդիկ պետք է գիտակցեն, որ ամեն բան, ինչ նախկինում եղել է, սև չէր և վաղն ամեն բան սպիտակ չի լինելու»,- նկատել է ՀՀ նախագահը:

Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանում վերջապես իրադրությունը հանդարտվում է՝ հավելելով. «Մոդելները կրկին դարձել են ավելի կանխատեսելի: Եվ ես հպարտ եմ այդ առնչությամբ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20