Մենք ժողովրդավարական երկիր ենք դառնում

Sargis Avetisyan

Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի հետ զրուցում ենք հայկական թավշյա Սիրո և Համերախության հեղափոխության, արտահերթ նախագահական ընտրությունների, օրենքների փոփոխությունների մասին:

Նախ՝ շնորհավորում  եմ մեր ժողովրդին այս գեղեցիկ հաղթանակի համար, որին հասնելու ոչ միայն նպատակն էր լավը, այլև՝ միջոցները: Նիկոլ Փաշինյանն իրոք ցույց տվեց, որ տաղանդավոր քաղաքական գործիչ է, ով ժողովրդին տոն ու տոնախմբություն պարգևեց: Չեմ հիշում այդպիսի դեպք, որ ժողովուրդը այդքան ցնծա և ուրախանա՝ ոչ միայն Հայաստանում, այլև՝ Սփյուռքում: Ժողովուրդը պատժեց մեկին, ով իր խոսքը չէր պահել ու հասավ հաղթանակի: Աշխարհում չգիտեմ այդպիսի դեպք, երբ բազմահազար ընդվզողներ դուրս գան փողոց և առանց որևէ միջադեպի հասնեն հաղթանակի: Մեր ժողովուրդն ապացուցեց աշխարհին, որ իրավունք ունի առաջադրել գաղափարներ, իսկ ԵԱՏՄ անդամ երկրներում վանկարկում են, որ ուզում են անել այնպես, ինչպես Հայաստանում: Այսինքն՝ մենք նորից ժողովրդավարական երկիր ենք դառնում և այդպիսին ենք տեսնում մեր երկրի ապագան: Ես հիացած եմ նաև Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությամբ և ամենակարևորը, երբ նա առաջադրեց համերաշխության մեր գաղափարը, որը հայ ժողովրդի միակ փրկությունն է: Համերաշխականներիս համար իսկապես տոն է, որովհետև հաղթել է մեր գաղափարը: Մեր կուսակցության տարածքային կառույցներով, համակիրներով միացել, ամեն ինչ արել ենք, որ այս գաղափարախոսությունը հաղթանակի, այն պետք է հավերժ գերակա լինի մեր երկրում:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք Նիկոլ Փաշինյանի կառավարությունից:

Ինչպես իրականացրեց համերաշխության հեղափոխություն, այնպես էլ՝ ձևավորվի համերաշխության կառավարություն: Այն պետք է կազմավորվի այն բոլոր կարող ուժերից, որոնք իսկապես կարող են նպաստել երկրի զարգացմանը և պոտենցյալ ունեն դրական փոփոխությունների համար: Իսկ դրա համար ուղղակի անհրաժեշտություն են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Սակայն մինչ այդ պետք է Ընտրական և Կուսակցությունների մասին օրենսգիրք-օրենքներում լուրջ փոփոխություններ կատարվեն, մասնավորապես՝ ռեյտինգային ընտրակարգը պետք է ընդհանրապես վերացվի:

Այլևս քրեաօլիգարխիկ համակարգը տեղ

չպետք է ունենա օրենսդիր մարմնում

Օլիգարխիան թող օրենքով սահմանված կարգով ֆինանսավորի այն քաղաքական ուժերին, որոնց գաղափարներն ընդունում է, հարմար է գտնում: Կարծում եմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն բացառիկ ազատ ու անկախ, թափանցիկ, որպեսզի որևէ մեկի մտքով անգամ չանցնի, որ դրանցում նշույլ անգամ խախտում կա: Ահա այդպիսի ընտրությունների արդյունքում էլ պետք է ձևավորվի համերաշխության կառավարություն: Արդյունքում՝ Հայաստանը կլինի աշխարհի լավագույն պետություններից մեկը:

Կարևորը՝ գաղափարախոսությունն է

Կուսակցությունների մասին ՀՀ օրենքը պետք է փոխվի այնպես, որ ՀՀԿ-ի ներդրած անգաղափար քաղաքականությունը վերացվի: Ի՞նչ է նշանակում, թե կուսակցությունը պետք է տարածքային կառույցներ ունենա բոլոր մարզերում, այդպես չեն արտահայտվում գաղափարները: Գոնե Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ կարելի է շարժումը սկսել մեկ – երկու տասնյակով և հասցնել բազմահազարների: Կարևորը՝ գաղափարախոսությունն է, որ պետք է ունենա յուրաքանչյուր կուսակցություն: Բոլորովին վերջերս բազմահազարանոց ՀՀԿ-ից այսօր և առաջիկայում ի՞նչ է մնացել, քանի՞ մատերի վրա կարելի կլինի հաշվել նրանց:

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում արդեն արված կադրային նշանակումներին, ՀՀ նախագահը խորհրդակցությունների շրջանակներում հանդիպե՞լ է նաև ձեզ հետ, և Համերաշխություն կուսակցությունը որքանո՞վ կարող է իր ներուժով օգնել նոր կառավարության աշխատանքներին: 

Մեր հնարավորությունների չափով պատրաստ ենք ծառայելու Հայաստանի Հանրապետությանը: ՀՀ նախագահը մեզ հետ չի հանդիպել, որովհետև կարծում եմ՝ նրան ՀՀԿ-ի կողմից տրվել է որոշակի ցուցակ, որոնց հետ էլ հանդիպել է: Պատճառը՝ կարծում եմ այն է, որ Արմեն Սարգսյանը քաղաքական դաշտն ամբողջությամբ չի ճանաչում, բայց գրագետ, կիրթ է, ուստի կհասկանա, որ համերաշխության գաղափարախոսությունը կրող կոնկրետ քաղաքական ուժ գոյություն ունի՝ ի դեմս մեզ, որը հասունացրել ենք մեր հանրության մեջ:

Կադրային փոփոխություններ

Ինչ վերաբերում է մեր կառավարությունում կադրային քաղաքականությանը, կարծում եմ, որ պետք է ընտրվեն մարդիկ, ովքեր կլինեն մաքուր, որևէ սկանդալում չներգրավված, ունենան սկզբունքներ և աշխատանքային փորձ: Շատ է խոսվում Օսիպյանի նշանակման մասին: Ես մինչ նշանակումումը մտածում էի, որ լավագույն թեկնածուն նա է: Նրա նշանակմամբ շատ ուրախացա, նույնիսկ՝ ծափահարել եմ և շնորհավորում եմ և՛ Օսիպյանին, և՛ Փաշինյանին, և՛ մեր ժողովրդին: Իհարկե՝ Վալերի Օսիպյանը դեռ պետք է իրեն արդարացնի ՀՀ ոստիկանապետի պաշտոնում, որովհետև առջևում արտահերթ համապետական ընտրություններ են: Իսկ ԱԱԾ պետին չեմ ճանաչում, ոչինչ չեմ կարող ասել:

Գագիկ Ծառուկյանը նաև մեծ հնարավորություններ

ունի ներդրումներ բերելու Հայաստան

Ակնհայտ է, որ այս հաղթանակում մեծ ներդրում ուենցավ նաև Ծառուկյան դաշինքը, հատկապես՝ Գագիկ Ծառուկյանը: Եթե նրանց երեք տասնյակ պատգամավորները չմիանային ստորագրություններին ու մեկ – երրորդով վերստին չառաջադրվեր Նիկոլ Փաշինյանը, դժվար է կանխատեսել, թե ինչեր կլիներ Հայաստանում: Հետևաբար՝ կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ միասին ձևավորեն նոր կառավարությունը: Գագիկ Ծառուկյանը նաև մեծ հնարավորություններ ունի ներդրումներ բերելու Հայաստան: Նիկոլ Փաշինյանն էլ այնքան խելացի է, որ կօգտագործի այդ հնարավություններն՝ ի նպաստ մեր երկրի ու ժողովրդի:

Համերաշությունն ինչ է անում այսօր. Պատրաստվո՞մ եք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Իհարկե պատրաստվում ենք, դրա համար որոշակիորեն սեղմ ժամանակահատված է պետք: Համերաշխությունը բավական տարածված է Հայաստանում, գրեթե չկա այդպիսի համայնք, որտեղ մեր կողմնակիցները չունենանք: Մեր խնդիրն է ուղղակի նորից հավաքվել, ինքնակազմակերպվել, իսկ ընտրություններին կգնանք կա՛մ միայնակ, կա՛մ որևէ այլ քաղաքական ուժի հետ դաշինք կազմելով: Համոզված եմ, որ առաջիկա ընտրություններում գումար չի բաժանվի, ուստի՝ գաղափարական հենքի վրա, մենք կհաղթահարենք 5 տոկոսանոց սահմանը և կլինենք ներկայացված ապագա խորհրդարանում:

Spread the love
  • 60
    Shares